Իշխող քաղաքական ուժն այս 7-8 տարվա ընթացքում շարունակ փորձել է իրավունքի հիմնարար սկզբունքները հարմարեցնել քաղաքական նպատակահարմարությանն ու իրավիճակին: Այդպես շրջափակվեցին դատարանները, ու գրոհ սկսեցին Սահմանադրական դատարանի դեմ, հետո անգամ ՍԴ-ում յուրայիններին տեղավորելուց հետո դատավորներին «պաշտպանելու նպատակով» քրեական գործ հարուցեցին Էդգար Ղազարյանի դեմ:
Իշխանության գալու պահին քաղաքական ուժի հիմնական կոչերը ժողովրդահաճո էին` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հանրային գերակա շահ ճանաչված տարածքների տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնում եւ, իհարկե, մարտի 1-ի իրադարձությունների իրավական ու քաղաքական գնահատական եւ բացահայտում: Բայց քանի որ ո՛չ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին փոխհատուցում տվեցին, ո՛չ մարտի 1-ի գործերը բացահայտեցին, իսկ ժողովրդին խոստումներ էին տվել, որոշեցին պատժել դատավորներին, որովհետեւ պարզվեց, որ քաղաքացիներին ունեզրկող կառուցապատողներն ուղղակի գործարարներ են, որոնք մասնակցում են քաղաքաշինական ծրագրերին, մարտի 1-ին զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանական ուժերի հետ բախումներն ուղղակի տղայական, բակային «ռազբորկաներ» էին:
Եվ հանկարծ հիշեցին, որ մինչեւ 2018թ. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դրույթ է եղել ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իզուր են լսել միջազգային իրավական կառույցներին` այս դրույթը չներառելով եւ 2020թ. նորից օրենսգիրք ներմուծեցին այդ դրույթը, իսկ 2022թ. արդեն արդարադատության հեղափոխական նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ընդունվեց օրենքի այդ դրույթին հետադարձ ուժ տալու մասին օրինագիծը` թույլ տալով կարգապահական վարույթներ հարուցել նաեւ օրենքի ընդունումից 15 տարի առաջ կայացված ՄԻԵԴ վճիռների հիմքով: Օրենքին հետադարձ ուժ տալու իմաստն այն էր, որ կարողանան պատժել այդ իրադարձությունների հետ կապված դատավարություններին մասնակցած դատավորներին, բայց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ ԱԺ-ում առհասարակ որեւէ մեկի մոտ հարց չծագեց, իսկ ինչպես են վարույթ հարուցող մարմիններն ու ԲԴԽ-ն գնահատելու՝ ՄԻԵԴ-ի վճիռը մեխանիկորեն դատավորի համար պատասխանատվության հի՞մք է, թե՞ մարդու իրավունքի խախտումը պետք է կապված լինի դատավորի կողմից այնպիսի վերաբերմունք դրսեւորելու հետ, որն անհամատեղելի է պաշտոնյայի վարքագծի հետ: Որովհետեւ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու ՄԻԵԴ տեղափոխված Վահե Գրիգորյանը պետք է հասկանային, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մեր իրավական համակարգում մեր օրենսդրության բաղկացուցիչ մասն է, եւ դատավորի կողմից դրա խախտումը դիտվում է կարգապահական վարույթի հիմք հանդիսացող նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, եւ այդ խախտումների վերաբերյալ կան հստակ ժամկետներ:
Օրենքի հակասահմանադրական լինելն այդ պահին որեւէ մեկին չէր հետաքրքրում, քանի որ դատավորներին պատժելու թեզը նախընտրական եւ հետընտրական քարոզչության հիմնական ուղղություններից էր: Ինչեւէ, ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթի առաջին գործը վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի վերաբերյալ էր, առիթը Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ վճռով արձանագրված խախտումն էր` հավաքների ազատության իրավունքի խախտման կապակցությամբ: Դատավորին հայտարարեցին խիստ նկատողություն, փոխանակ պատասխանատվության ենթարկեին քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարած ոստիկանության աշխատակիցներին:
Հաջորդը Մնացական Մարտիրոսյանն էր, որի նկատմամբ հարուցված վարույթը կարճվեց, եւ դատավորն ունեցավ ծառայողական առաջխաղացում` նշանակվելով Երեւանի քրեական դատարանի նախագահ: Մյուս վարույթը վերաբերում էր մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` «Հայկական ժամանակի» դիմումով կայացված ՄԻԵԴ-ի վճռին: Կարգապահական վարույթն ավարտվեց դատավորներին նկատողություն հայտարարելով:
Եվս 2 կարգապահական վարույթ էլ ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա հարուցվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների նկատմամբ` վերը նշված քաղաքական իրադարձությունների հետ կապ չունեցող առիթներով: 2 դեպքով էլ դատավորների` Սուրեն Անտոնյանի եւ Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցվել են: Եվ սրանով ավարտվեցին օրենքին հետադարձ ուժ տալու միջոցով քննվող վարույթները:
Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԲԴԽ ներկայացված կարգապահական վարույթների համարյա 100 տոկոսանոց արդյունքն ապահովվեց Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան դուետի ժամանակ, երբ կոլեգիալ վարույթ իրականացնող մարմնում հանցավոր համաձայնության նմանվող կոնսենսուս ձեւավորվեց: Մինչ այդ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ներկայացրած միջնորդությունները ԲԴԽ-ում առավելապես տապալվում էին, քանի որ հիմնավորումներում գերակշռում էր թատերական բեմականացման տարրը:
ՄԻԵԴ վճիռների ընտրովի ու չհամակարգված ուսումնասիրության եւ այդ հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու թեմային անդրադարձել է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` ներկայացնելով առաջարկություններ ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրության վերաբերյալ` գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար: Ընդ որում, առայսօր պարզ չէ` ՄԻԵԴ-ի քանի վճիռ է ուսումնասիրվել արդարադատության նախարարի կողմից, եւ ուսումնասիրության արդյունքներով եթե վարույթներ չեն հարուցվել, ապա կայացվե՞լ են արդյոք վարույթի հարուցումը մերժելու որոշումներ, թե՞ նյութերը դարակում պահելով կարող են դատավորին պատանդ պահել՝ սպառնալով անհնազանդության դեպքում յուրաքանչյուր պահի վարույթ հարուցել:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների հիմնական մասը վերաբերում է քրեական արդարադատությանը, եւ այս ոլորտում ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը կարող է փլուզել դատախազաքննչական համակարգը, որովհետեւ դատավորներն ուղղակի կհրաժարվեն պատվերներ կատարելուց, եթե անպատժելիության երաշխիքներ չունենան:
Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնում» Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն այնպես են հարմարեցրել պետական բյուջե եկամուտներ ապահովելուն, որ վերադասության կարգով վարչական ակտի բողոքարկումը դարձրել են պետական բյուջեին անտոկոս գումար բերելու գործիք, իսկ դատարանների բեռնաթափման անվան տակ պետական տուրքերի անհասկանալի ու անտրամաբանական մեծացումն անհնարին ու անիմաստ է դարձրել դատարան դիմելը:
ՀԳ․ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել արդարադատության նախարարությանը. ՄԻԵԴ քանի՞ վճիռ է կայացվել, քանի՞ ուսումնասիրություն են արել իրենք, քանի՞ վարույթ կա հարուցված, չհարուցելու դեպքում ինչպե՞ս են ավարտվում վարչական վարույթները։ Նախարարությունը մեր հարցումը վերահասցեագրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, որտեղից ստացել ենք կիսատ պատասխան․ «2025 թ. սեպտեմբերի 22-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կատարողական-վերահսկողական վարույթում է գտնվում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 69 վճիռ: Դրանցից 46-ի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ստանդարտ ընթացակարգով, 19-ի նկատմամբ՝ խստացված ընթացակարգով: Յուրաքանչյուր վճռի կատարման առնչությամբ իրականացվում է վճռով սահմանված արդարացի փոխհատուցման վճարումը, իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ կատարվում են ուսումնասիրություններ, վճռով արձանագրված խնդիրների վերհանում, կազմակերպվում են քննարկումներ՝ վճռով արձանագրված խախտումների վերացման առնչությամբ, եւ համապատասխանաբար Նախարարների կոմիտեին ներկայացվում են վճռի կատարման վերաբերյալ գործողությունների ծրագրեր եւ հաշվետվություններ»։ Մեր մյուս հարցերին ո՛չ գրասենյակը, ո՛չ նախարարությունը չեն պատասխանել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test