Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Բանտիկով  մուրճը» նաև կրակում է   168.am 168.am

time
«Բանտիկով  մուրճը» նաև կրակում է  

Երեկ դաժան ու ողբերգական սպանության արդյունքում մահացել են Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկեր, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը:

Ընտրված քաղաքապետերին կալանավորելու (Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանին), կարմիր բերետավորներով, ոստիկանական ուժերով պաշտոնազրկելուց (Ալավերդիում) հետո այս իշխանության «աննախադեպությունների» շարքում ավելացավ ևս մեկը՝ Հայաստանում սպանում են ընտրովի համայնքապետի ու ոստիկանի:

Հասկանալի է, որ իշխանութուններն ամեն ինչ անելու են զազրելի այս հանցագործությունը կենցաղային հարթություն տեղափոխելու համար՝ կատարվածի քաղաքական հետքը լղոզելու համար: Մինչդեռ, եթե անգամ այս սպանություններն անմիջականորեն քաղաքական դրդապատճառ չունեն, առնվազն անուղղակիորեն երկրում ստեղծված մթնոլորտի, «ժողովրդավարության բաստիոնում» հաստատված ամենաթողության ածանցյալ հետևանքն են: «Բանտիկով մուրճը» նաև կրակում է, եթե անգամ ձգանը քաշողը մուրճը թափահարողը չէ:

Երեկ կատարված այս եղկելի սպանությունից հետո սեպտեմբերի 26-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունենալու լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Լսումների նպատակը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթացը վերջնական փուլ հասցնելն է, իսկ հայտարարության նախագծում մանրամասնորեն ներկայացված են դրա համար անհրաժեշտ հիմնավորումները: Նախագիծը քաղաքական փաստաթուղթ է՝ քաղաքական մեթոդաբանությամբ, քաղաքական լեզվով, քաղաքական փաստարկներով:

Հենց երկրում սպասվող նորանոր աղետների, կորուստների, ստեղծված ամենաթողության, անպատժելիության, քաղաքական հաշվեհարդարների հանգամանքն է անուղղակի կապ ստեղծում երեկ կատարված հրեշավոր սպանության ու վաղը կայանալիք լսումների միջև:

Հայաստանի այսօրվա ապաքաղաքական, իրականում՝ հակաքաղաքական մթնոլորտում հարցերի լուծման մեթոդները դուրս են եկել քաղաքական, համակարգային հարթությունից՝ տեղ բացելով մարգինալիզմի, հակահամակարգային դրսևորումների համար: Իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է պետության առջև ծառացած կենսական խնդիրները լուծել, այդուհանդերձ, քաղաքական մեթոդաբանությամբ ու գործիքակազմով:

Սա սկզբունքորեն հակոտնյա է՝ ինչպես իշխանության գործելաոճին, այնպես էլ՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք քաղաքական ուժերի մոտեցումներին:

Գործող իշխանության երկարակեցության ու գոյատևման բանաձևերից մեկը քաղաքականության հակաքաղաքականացումն է, արժեզրկումն ու վարկաբեկումը և հայհոյանքի, ստի, կեղծիքի, բեսպրեդելի, աղմուկի դոմինանտությունը, որը հանգեցնում է նաև սպանությունների: Իշխանության դեմ պայքարողների մի մասը նույնպես՝ որոշակիորեն պահպանելով քաղաքական ձևը՝ բովանդակային իմաստով հանդես է գալիս ապաքաղաքական-հակաքաղաքական մեթոդներով:

Այս պայմաններում իմպիչմենտի նախաձեռնությունը կարող է դառնալ Հայաստանի՝ վերջնականապես դեգրադացվող քաղաքական համակարգը քաղաքականության տիրույթ վերադարձնելու և պետության գահավիժումը կանգնեցնելու քաղաքական եզակի քայլ, անգամ անկախ նոր վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների անուններից:

Իսկ դա կենսականորեն անհրաժեշտ է ոչ թե առանձին վերցրած որևէ քաղաքական ուժի, այլ առավելապես պետության առողջացման համար, որովհետև երկիրը, որում քաղաքական հարցերը լուծվում են ապա/հակաքաղաքական մեթոդներով, չի կարող անգամ կարճատև ապագա ունենալ՝ ըստ սահմանման: Իմպիչմենտի այլընտրանքն ընտրությունները չեն, ինչպես ներկայացնում են իշխանություններն ու նրանց պարտնյորները:

Իմպիչմենտի այլընտրանքը կրակված փամփուշտներն են, արյունը, որը՝ խլելով մարդկային կյանքեր, շարունակվելու դեպքում հասնելու է պետությունից մնացած փշրանքներին:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test