«Գիտեմ, որ արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում։ Ուստի կրկին ուզում եմ փաստերով հիշեցնել իրեն, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելով մեր երկրի եւ ժողովրդի գլխին»։ Սա մի հատված է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծավալուն ֆեյսբուքյան գրառումից, որում ներկայացված են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ՝ արդեն պատմական դարձած դրույթները: Առնվազն պատմական` այս ժամանակաշրջանում: Հենց սկզբից ասեմ, որ ինչքան չեմ հարգել Աշոտյանին նախկինների օրոք, նույն չափով հարգում եմ այսօր՝ «մեծարգո վարչապետի» ղեկավարության պարագայում: Բայց պետք է զարմանքս հայտնեմ այն հանգամանքի առումով, որ նա հայտնվել է ոչխարի հետեւից դեպի սարը ձգտող «գելի գլխին ավետարան կարդացողի» դերում: Որքան գելն է ազդվելու դրանից, նույնքան էլ՝ Նիկոլը՝ այդ թեմայով Աշոտյանի եւ մյուսների գրառումներից: Որքան պատկերացնում եմ, նաեւ դժվար թե խիստ նյարդայնանա նման հիշեցումներից: Իսկ եթե նույնիսկ նյարդայնանա էլ, չեմ պատկերացնում, թե որն է դրանից հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածի օգուտը:
Հիշենք․ 2018-ի հոկտեմբերին Երեւան կարճատեւ այց կատարած Ջոն Բոլթոնը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականն անվտանգության գծով, մեզ խորհուրդ տվեց «ազատվել կարծրատիպերից», ինչը նշանակում էր, որ թուրքը ոչ թե ցեղասպան է, այլ քաղաքակիրթ աշխարհի ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ: Կամ՝ Ռուսաստանը բռնատիրական երկիր է, իսկ Հայաստանն այլեւս նրա «ճորտը» չէ (հիշենք «ռսաճորտ» անհեթեթ որակումը): Ավելին, «գունավոր» հեղափոխության շնորհիվ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոնի» վերածված պետություն է, ինչը նաեւ նշանակում է, որ պետք է փոխի ռազմաքաղաքական կողմնորոշումը՝ Ռուսաստանից դեպի ՆԱՏՕ, իմա՝ Թուրքիա: Ու «դուխով» Նիկոլն էլ 2019-ին արդեն «տեղյակ» էր, որ ինքը պատերազմ է հրահրելու ընդդեմ Ադրբեջանի, եւ դրանում մարդկային ծանր կորուստներով պարտություն է կրելու Հայաստանը: Ու որպեսզի պարտությունը թերի չլինի, ինքը խոչընդոտելու է ՌԴ նախագահի ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու պահով, ու դա թաքցնելու է ՀՀ «հպարտ» քաղաքացիներից: Պատերազմի եւ մարդկային կորուստների առումով վկայությունը 2019-ին լրագրող Հոխիկյանի զրույցն էր հրեա բլոգեր Լապշինի հետ:
Եվ այդ ամենի պատճառը ոմանց հիվանդ ուղեղում մետաստազներ տված՝ արցախյան բեռից Հայաստանն ազատելու մտադրությունն էր: Այսինքն, Ջոն Բոլթոնի նշած՝ «կարծրատիպերից ազատվելը»: Եվ ոչ միայն Հայաստանը, այլեւ արեւմտյան երկրներին ու, ինչպես զարմանալիորեն երեւաց, նաեւ Ռուսաստանին, որը մեղադրվում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը պահպանելու եւ նույնիսկ սնուցելու մեջ: Ինչեւէ, այդ երկրների ղեկավարությունը կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը ստիպված էր ժողովրդավարություն խաղալ եւ միաժամանակ չփչացնել նավթով ու գազով հարուստ թշնամու հետ փոխհարաբերությունները: Ինչեւէ, երեք արարով՝ 2020-ի 44-օրյա պատերազմով, 2022-2023-ի Արցախի շրջափակմամբ եւ 2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումով հարցը ստացավ ադրբեջանամետ եւ միաժամանակ արեւմտամետ լուծում: Զարմանում եմ, որ իրենց արեւմտամետ համարող հայաստանցիներն ինչպես չեն հասկանում այս պարզ սխեման: Համենայնդեպս, 2000-ականների սկզբից դավանել եմ արեւմտամետությունը՝ դա հաստատելով փողոցային պայքարին իմ մասնակցությամբ: Բայց 44-օրյա պատերազմից հետո ամեն ինչ շրջվեց գլխիվայր:
Ի դեպ, «կարծրատիպերից ազատվելուն» է միտված նաեւ Հայաստանի երրորդ հանրապետությունը թաղելու եւ նրա ավերակների վրա «իրական Հայաստանի» «չորրորդ հանրապետությունը» կառուցելու՝ Նիկոլի գաղափարը (տվյալ դեպքում ավելի սազական է «կոնցեպտ» եզրույթը), ինչը նշանակում է Թուրքիայի հետ վասալային կախվածությամբ հարաբերություն հաստատելու ու նրա «պապայությամբ» Ադրբեջանի բռնապետի հետ լեզու գտնելու քաղաքականություն: Ինչն էլ ներառում է Արեւմտյան Հայաստանի հետ կապված բոլոր երեւույթների (ցեղասպանություն, Արարատ սար եւ այլն) մոռացումը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ կապված բոլոր երեւույթների «բեռնաթափումը»՝ Արարատն ու Արցախը մոռանալու եւ լավ ապրելու՝ տխուր եւ սպառողական կարգախոսով: Ինչը, զարմանալիորեն, դեռեւս հաջողվում է նրան: Հուսով եմ, որ «դեռեւս»-ը չի վերածվի վերջնականի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test