ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած «Ինչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակներից» թեմայով համահավաքում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին փաստացի մեր գոյության իրավունքի մասին այսօր խոսելու հնարավորություն ընձեռելու համար ասաց. «Կուզեի ավելի շատ խոսել միջազգային ասպարեզում հնարավոր գործունեության մասին, բայց որպես դիվանագետների խորհրդի անդամ եւ դիվանագիտական բավականին երկար տարիների փորձ ունեցող մարդ, որն աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ, կարող եմ մի արձանագրում անել: Որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել, մենք պիտի ազատվենք մեր միֆերից: Այդ միֆերից մեկը միջազգային հանրություն կոչված միֆն է, որից ակնկալում ենք ինչ-որ պատասխաններ կամ ինչ-որ հարցերի լուծումներ:
Մենք մեզ համար պիտի ֆիքսենք, որ միջազգային հանրություն կոչվածը գոնե մեր անկախության այս շրջանում եղել է Արեւմուտքը՝ Նահանգների գլխավորությամբ: Եվ այս ամբողջը՝ եւ Արցախի կորուստը, եւ այսօրվա մեր տխուր վիճակը բխում է իրենց կազմած եւ հստակորեն իրագործված ծրագրից, որը մեզ բերել, հասցրել է այս հանգրվանին: Այսինքն, ծրագրի հեղինակներից ակնկալել, որ իրենք պիտի ցեղասպանություն իրականացնողի, ցեղասպանության դեմ ինչ-որ քայլեր անեն, երբ որ իրենք են այդ ծրագրի հեղինակը, իրենք են այդ ծրագրի մանրամասները իրականացնողի եւ թելադրողի դերում հանդես եկողը, ուղղակի աբսուրդ է:
Բայց սա ամենեւին չի նշանակում, որ մենք չպիտի աշխատենք միջազգային ասպարեզում թե գործող կառույցների, թե իրավական համակարգի եւ թե այլ երկրների հետ, որոնց ծրագրով սա իրականացել է: Այստեղ արդեն գալիս է այն խնդիրը, թե մենք ինչպես ենք աշխատում եւ ինչպես ենք մեզ դիրքավորում:
Անկախ նրանից, որ Հայաստանը որքան փոքր է, Հայաստանը մշտապես եղել եւ ընկալվել է որպես դերակատար, բացի այս վերջին յոթ տարիներից, երբ որ որդեգրել է կամակատարի դիրքը: Եվ այս առումով, անկախ նրանից, թե դու ինչ ծավալի, ինչ մեծության երկիր ես, երբ որ ինքդ քո ազգային շահերի ճիշտ գիտակցմամբ եւ դրանց ճիշտ ներկայացմամբ ես հանդես գալիս հատկապես, երբ որ դա հիմնված է գործող միջազգային դաշտի իրավունքի նորմերի վրա, որեւէ մեկը չի կարողանում հակադրվել: Եվ դրանով է պայմանավորված նաեւ այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հսկայական ռեսուրսներ, միջոցներ վատնելով, ծախսելով՝ չէին կարողանում հասնել այն արդյունքին, որ ամրագրեն իրենց ցանկալի նպատակները, իրենց ցանկալի հանգրվանին բերեն մեր երկիրը: Եվ որդեգրեցին իրենց համար ամենահեշտ միջոցը:
Ժողովուրդը խոսք ունի. «Երբ գողը տանից է, կովը երդիկից էլ դուրս կգա»: Ցավոք սրտի, մեր գողը մեր տանից է: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պիտի ելնենք, այդ բանաձեւումից: Մենք պետք է մեր գողի դեմ պայքարելով՝ նաեւ հարցերը բարձրացնենք միջազգային դաշտում. Դա լինի հասարակական կազմակերպությունների կողմից, դա լինի մեր խորհրդարանականների կողմից, որ պատին դեմ հանդիման պայքարում են, սակայն ոչինչ չեն տալիս այդ նույն երկրների ներկայացուցիչներին, որ այդ ամենը մարսված եւ վերջացած չէ: Դա պիտի լինի նաեւ մեր սփյուռքյան կառույցների կողմից, որոնք լոբբիստական աշխատանքի միջոցով, իրենց իրավունքները պաշտպանելով՝ հարցեր բարձրացնեն, ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ արել են տասնամյակներ շարունակ: Չէ՞ որ այդ երկրները եւս իրենց ընտրողների ձայներին եւ քվեին են ականջալուր լինում: Եվ դրանով դրդված, ստիպված են լինում գնալ եւ ընդունել որոշումներ, որոնք շատ հաճախ կարող են թելադրված լինել մեր շահերի իրականացման տեսանկյունից:
Բայց այստեղ մի հանգամանք կա, որին ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել: Մեզ փորձում են ստիպել, որ մենք լռենք: Եվ լռություն ասելով՝ իրենք հասկանում են համաձայնություն, թե «Եթե համաձայն չէիք, հեղափոխություն կամ հեղաշրջում անեիք»: Այսինքն, մեզ փորձում են մարսելի դարձնել եւ ժողովրդի լուռ ընդվզումը ներկայացնել որպես համաձայնության նշան: Սա թելադրում է մեզ, որ մենք չպիտի թույլ տանք, որ այդ լռությունն ընկալվի որպես համաձայնություն: Դա նշանակում է այսպիսի քննարկումներ, դա նշանակում է փողոցային պայքար, դա նշանակում է, ցավոք սրտի, այսօրվա մեր հաղթանակները սուգ դարձրած օրերին համապատասխան ակցիաների իրականացում, որը ցույց կտա, որ մեր հանրությունը ամենեւին չի համակերպվել եւ պատրաստ չէ համակերպվելու այս իշխանությունների որդեգրած ծիրին: Դա նշանակում է՝ ամենատարբեր միջոցներով տարբեր երկրներում իրականացնել օրենսդրական տարբեր ակտերի ընդունում, ինչպես Շվեյցարիայում ընդունվեց եւ որոշակի քայլեր կատարելու համապատասխան պահանջ դրվեց այդ երկրի գործադիր իշխանությունների առջեւ:
Արցախի հարցը չի փակվի այնքան ժամանակ, քանի մենք ինքներս դա չենք փակել, քանի մենք բարձրացնում ենք խնդիրները, քանի մենք դատական ատյաններում ցույց ենք տալիս Ադրբեջանի հանցագործ իշխանության իրական էությունը, որը եղել է ոչ միայն վերջին շրջանում, այլ եղել է տասնամյակներ շարունակ եւ քանի մենք պահանջատեր ենք մեր հարցերի առաջ մղման եւ դրանց իրականացման:
Այո, այս իշխանությունների հեռացումը անհրաժեշտ պայմանն է, առանց որի ուղղակի մեր գործողությունները շատ են բարդանում: Բայց միայն դրանով չպիտի սահմանափակվենք: Լռություն գոյություն չունի: Այն, որ ժողովուրդը փողոցներում թափված չէ եւ ամենօրյա մակարդակով չի գոռում-գոչում, դա ամենեւին չի նշանակում, որ հարցը փակված է, մարսված է, եւ կարող են հեշտությամբ այդ էջը շրջել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test