Ազգային ժովովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը զազրելի ոճրագործություն է համարում: Նա համոզված է, որ գործ ունենք գիտակցված սպանության հետ:
Բագրատյանը տեսնում է, որ իրավապահ համակարգը մեծ ծավալի աշխատանք է կատարում, որ հնարավորինս արագ հայտնաբերի սպանությունը կատարած անձին: Նա ցավակցում է Փարաքար համայնքի բնակչությանը և Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին:
Վերջինս անթույլատրելի է համարում դեպքը քաղաքական նպատակներով շահարկելու փորձերը: Պատգամավորը համոզված է, որ բոլոր տեսակի շահարկումներին վերջ կտրվի, երբ հայտնաբերվի հանցագործը:
Բագրատյանը միաժամանակ տեսակետ է հայտնում, որ Մերձավան բնակավայրի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակումից հետո իրավապահ համակարգը կանխարգելիչ լայնածավալ միջոցառումներ պետք է ձեռք առներ:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը համակարծիք չէ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի արտահայտած այն տեսակետին, թե Հայաստանում բռնությունը օրինաչափություն է դառնում: Պատգամավորը նրան խորհուրդ է տալիս ավելի զուսպ արտահայտվել և չշահարկել այս ողբերգությունը:
Պատգամավորը միաժամանակ չի հերքում, որ արդարադատության համակարգում շատ անելիքներ կան:
«Ժամանակները գնալով փոխվում են, կանխարգելիչ մեթոդները պետք է վերանայվեն: Եթե հանրային տիրույթում կան թերություններ, թերություններ կլինեն նաև իրավապահ համակարգում. այդ կառույցներում մեր հասարակության անդամներն են»,- ասում է նա:
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ-ի ապագան տեսնում է ՌԴ-ի հետ միութենական պետության կազմում՝ պատգամավորը դժվարանում է ասել՝ այս հայտարարության մեջ իրավական առումով հանցակազմ կա՞, թե՞ ոչ:
«Հանրային դաշտում դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե մենք կարող ենք գոյատևել միայն ՌԴ-ի հետ միութենական պետություն կազմելով: Մենք համարում ենք, որ մեր անկախությունը բացառիկ արժեք է: Այս բանավեճում պետք է ապացուցենք, որ մենք ճիշտ ենք: Մարդկանց այս խմբին պետք է ապացուցենք, որ հակառակ պարագայում մեր պետությունը վերանալու է: Սա կլինի մեր բոլորի վերջը»,- նկատում է նա:
Բագրատյանը կարծում է, որ նման հայտարարությունները առավել շատ հանրային դաշտում պետք է ճնշվեն:
Զրուցակցի խոսքով՝ փոքր երկրները որևէ հզոր երկրի հովանու ներքո են փորձում պահել իրենց ինքնությունը՝ միաժամանակ տեսակետ հայտնելով՝ միշտ չէ, որ մեծ երկրները պաշտպանում են փոքրերին. «Դրա համար պետք է հասկանալ, որ ինքնությունը պահելու համար հարկավոր է ունենալ ուժեղ և հզոր բանակ, տնտեսություն, ազգային արժեքները պահելու կամք․ սրանք են անվտանգության երաշխիքները: ՀՀ անվտանգությունը պետք է ապահովի հայ ժողովուրդը»:
Ըստ նրա՝ Հայաստանը որևէ երկրի հետ թշնամություն ունենալու ցանկություն չունի. ՀՀ-ի միակ նպատակը հավասարակշռված հարաբերություններ պահելն է:
Անդրադառնալով վերջին շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը՝ Սերգեյ Բագրատյանն ասում է՝ նա ազատության և անկախության կոչերով է եկել, և եթե հիմա արժեհամակարգը փոխել է, ցավալի է:
«Եթե 2008 թվին դու ընդունում ես, որ չընդունված կաթողիկոս է, 2025-ին ընդունում ես, ճիշտ մոտեցում չէ: Դատապարտելի են այն մարդիկ, որ մարդկանց և Աստծո միջև միջնորդ են իրենց համարում, սակայն չեն առաջնորդվում Աստծո պատվիրաններով»,- ընդգծում է նա:
Հարցադրմանը, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նույն ուղեծրում հայտնվել, իշխող ուժի անդամը իր տեսակետն է հայտնում. «Երբ Նիկոլ Փաշինյանը չընդունեց Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած կեցվածքը, առաջին նախագահը չներեց, որ իր գաղափարների կրողը խուսափեց իր հետ հետագա համագործակցությունից և չի կարողանում դուրս գալ այս ատելությունից, սակայն պատճառը իր մեջ պետք է փնտրի, թե ինչու կորցրեց հարգանքը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test