«Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել», վստահեցրել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան
200 միլիոն եվրո` Դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի համար
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեռեւս անցյալ տարի արձանագրել էր, որ Եվրամիությունն ու Հայաստանը կանգնած են ուս-ուսի, եւ հավելել էր, որ Բրյուսելն ու Երեւանն այժմ մոտ են, քան երբեւէ, եւ որ կա շատ հավակնոտ գործընկերության օրակարգ, աճի եւ դիմակայունության ծրագիր, որի շրջանակներում 270 միլիոն եվրո է տրամադրվելու Հայաստանին: Ֆոն դեր Լայենն ամռանը նաեւ համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայում:
Ահա, Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն անցյալ շաբաթվա վերջին Երեւանում էր: Նա Հայաստանից առաջ այցելել էր նաեւ Ադրբեջան: Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա, X-ում արձանագրեց Հանձնակատար Մարթա Կոսը` հայաստանյան բանակցությունների ավարտին:
Կոսն ու Փաշինյանը քննարկել էին Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները եւ փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաեւ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:
Եվրամիությունը Հայաստանի համար Դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում՝ ավելի քան 200 միլիոն եվրո, Երեւանում հայտնեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսում. «Այն կաջակցի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումներին: Սա վկայում է ՀՀ բարեփոխումների հստակ օրակարգին հավատարիմ լինելու եւ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ձեր հստակ հանձնառության մասին»:
Հանձնակատարն, այսպիսով, Երեւանում փաստեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից 2024թ. ապրիլին հայտարարված՝ Հայաստանին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրոյի Դիմակայունություն եւ աճ ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Սա ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգում սահմանված հավակնոտ ռազմավարական առաջնահերթությունները կտեղափոխի գործողությունների փուլ։ Այս երկրորդ մասնաբաժնի շրջանակներում ԵՄ-ն առաջ է բերում 90 միլիոն եվրոյի համապարփակ բազմաոլորտային բյուջետային աջակցություն: Այս ծրագիրը կխթանի առեւտրի դիվերսիֆիկացման, տրանսպորտի, էներգետիկայի, մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում հիմնական ոլորտների, ինչպես նաեւ կրթության եւ զբաղվածության ոլորտներում հիմնական ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաեւ խոցելի խմբերին, այդ թվում՝ փախստականներին, նպաստելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականության խթանմանը։
Ի դեպ, սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Մարթա Կոսը նաեւ պարզաբանել էր. «Մենք ունենք ԵՄ գործընկերության համաձայնագիր եւ շուտով մեկնարկում ենք նոր գործընկերության օրակարգը, որն իր ավարտական փուլում է: Անցյալ տարի սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը։ Եվ սա շատ ավելին է, քան պարզապես այն, որ Հայաստանի քաղաքացիները մուտք կունենան Եվրոպական միություն։ Սա տվյալների ու սահմանների կառավարման մասին է, վերահսկողության՝ թե ով է մտնում Հայաստան, ով է դուրս գալիս։ Մենք պատրաստ ենք աջակցել այս հարցում: Մեր հաջող համագործակցության երրորդ սյունը ընդհանուր առմամբ 270 միլիոնի` Դիմակայունություն եւ աճ ծրագիրն է»:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում իր խոսքում էլ շեշտեց, որ պատրաստ են ներդրումներ կատարել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում եւ ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ «Մենք ինտենսիվ աշխատում ենք միջազգային, միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան միացնելով Կենտրոնական Ասիայի հետ եւ Հարավային Կովկասը՝ Թուրքիայի միջոցով, որտեղ Հայաստանը անփոխարինելի դերակատար է։ Մինչ դուք տոնում եք Անկախությունը, ես ուզում եմ ընդգծել, որ ձեր նվիրվածությունը դիմակայունության եւ խաղաղության համար շատ կարեւոր է։ ԵՄ-ն շարունակելու է լինել ձեր կողքին տարածաշրջանի նոր պատմության ուղում, եւ շարունակեք մեզ վստահել»,- շեշտեց Մարթա Կոսը։
Հանձնակատար Կոսը ողջունեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջերս՝ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը: Նա ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մեծ քայլ է դեպի երկու երկրների միջեւ եւ ամբողջ տարածաշրջանում հարատեւ եւ կայուն խաղաղություն, եւ որ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցել խաղաղության հաստատմանը եւ ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ՝ նպաստելով տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը:
Մեկնարկում է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարեւոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական եւ անվտանգության մեկնարկով»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ համատեղ հայտարարության ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ի հետ մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ նոր օրակարգը Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա։ «Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առաջընթացին։ Այս առումով հետեւողականորեն շարունակելու ենք աշխատանքները Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարեւորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս», շեշտեց Գրիգորյանը` ընդգծելով, որ կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ շարունակական աջակցությունը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայության ամրապնդման, բարեփոխումների եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին։ «Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին։ Վաշինգտոնում եւ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկի» եւ TRIPP նախագծի համար։ Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են եւ ներդաշնակ են «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարության հետ»,-հավելեց հայ պաշտոնյան։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով շոշափելի արդյունքներ կունենան։
ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին եւ եվրոպական լավագույն փորձին: Այս համատեքստում Հայաստանը վերահաստատում է իր անսասան պատրաստակամությունը՝ հասնելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրում (VLAP) սահմանված չափանիշներին: Վիզաների ազատականացումը վերաբերում է ոչ միայն շարժունակության ընդլայնմանը, այլեւ մարդկանց միջեւ կապերի ամրապնդմանը, երիտասարդական եւ կրթական փոխանակումների խթանմանը, ինչպես նաեւ բարեփոխումների գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:
Ի դեպ, հանձնակատար Կոսը նաեւ հայտարարել է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը լրացուցիչ աջակցության մասին՝ 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ամփոփելով, հանձնակատար Կոսը եւ փոխվարչապետ Գրիգորյանը արձանագրեցին, որ սեպտեմբերի 19-ի հանդիպումը կարեւոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, եւ կոչ արեցին կատարել մինչ այժմ գրանցված առաջընթացի վերանայում 2025թ. դեկտեմբերի սկզբին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ՀՀ Գործընկերության խորհրդի հաջորդ նիստում։
Օրակարգում են Երեւան-Փարիզ Ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ քայլերը
Հարկ է նկատել, որ անցած շաբաթները նշանավորվեցին նաեւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերութուններում կարեւոր շփումներով: Սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջեւ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:
Խորհրդակցությունների օրակարգում էին երկու երկրների միջեւ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության եւ մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։ «Քննարկվել է նաեւ միջազգային կազմակերպություններում եւ այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը: Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաեւ երկու երկրների համար զգայուն եւ առանձնակի կարեւորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դրական դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու եւ առաջ մղելու հարցում», ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Այնուհետեւ արձանագրվել էր, որ հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել` տարածաշրջանային եւ միջազգային առավել ուշագրավ թեմաների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:
Սեպտեմբերի 16-ին Կոստանյանը հանդիպել էր նաեւ Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Նրանք անդրադարձել էին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ «երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ եւ շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ռազմավարական կարեւորություն ունեցող ուղղություններով արդյունավետ եւ զարգացող համագործակցությունը»։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոստանյանը հանդիպել էր Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ: Նրանք արձանագրել էին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ ընդգծել են ռազմավարական գործընկերության հաստատման կարեւորությունը: Հանգամանալից քննարկվել էր Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները եւ, այս համատեքստում, Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում եւս քննարկել էր Հայաստան-Ֆրանսիա Ռազմավարական համագործակցության օրակարգը
Նկատենք, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր աշխատանքային այցով Փարիզում, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Ասվում էր, որ այս հանդիպմանը նրանք անդրադարձել էին օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին եւ դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ծրագրի կարեւորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում: Այս դեպքում էլ նշվում էր, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգը եւ նախանշել համագործակցության հետագա ուղիները:
Հաղորդվեց նաեւ, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ: Նշվեց միայն, որ նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այլ մանրամասներ չհաղորդվեցին:
ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: Ըստ ԱԽ գրասենյակի` Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարեւորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը, ինչպես նաեւ` Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել էր բանաձեւ, որով Ադրբեջանից պահանջում էին ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին։ Բանաձեւում նշվել էր, որ այս հայ գերիների շարունակվող դատավարությունները Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյությունը վերացնելու ավելի լայն ռազմավարության մի մասն են. «Սա Արցախի Հանրապետությունում եւ Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման, ինչպես նաեւ պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականության շարունակությունն է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
Բանաձեւում նաեւ արձանագրվում էր, որ Ֆրանսիան պատմական եւ քաղաքական դեր ունի՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ակտիվ մասնակից, եւ որ Ֆրանսիան պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության խաղաղության ջանքերին եւ խթանել նրա հետ ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության եւ զարգացման վրա։
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 23.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test