«Դեռեւս վաղ է լիակատար որակում տալը, բայց մեր զգացողությունն այն է, որ սա ահաբեկչական գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն»,- Մերձավանում սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Այն ձեւով, որ դա տեղի է ունեցել՝ դիմակավորված անձինք, ինքնաձիգերով զինված, կազմակերպված, պատրաստված, տեղեկացված, թե ի՞նչ են նրանք անում, սառնասիրտ դաժանությամբ՝ վերահսկող կրակոցով, որով սպանվել է Վալոդյա Գրիգորյանը, ակնհայտ է, որ սա կազմակերպված գործողություն է, որն ունի շատ լուրջ հովանավորներ»,- կարծում է Ավետիք Չալաբյանը։
Նա վստահեցնում է՝ եվ սպանողների հովանավորները, եւ հովանավորների հովանավորները՝ պատժվելու են։
«Քիմերային, կեղծ չորրորդ հանրապետության առաջին զոհն էր մեր ընկեր Վալոդյա Գրիգորյանը։ Նա զոհ գնաց այն ատելության քարոզին, որը կա մեր երկրում»,- ասաց քաղաքական գործիչը՝ հավելելով․ «Ես պնդում չեմ կատարում, բայց չեմ բացառի, որ սա քաղաքական սպանություն է»։
Պատասխանելով այս դեպքի առիթով Նիկոլ Փաշինյանի գրառման մասին հարցին էլ, որում վերջինս խոսում է սպանությունը կանխելու հնարավորության մասին, Ավետիք Չալաբյանն ասաց՝ հենց իշխանությունը պետք է կանխեր եւ զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս բազմաթիվ տեսախցիկները չեն ֆիքսել դարանակալած մարդասպաններին, ինչո՞ւ ոստիկանությունը չի իմացել այդ մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրկին կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test