ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ընկերությունները կկարողանան իրենց բաժնետոմսերը վաճառքի հանել Վարշավայի ֆոնդային բորսայում։ Նման հնարավորություն նախատեսող համաձայնագիրը Երևանում ստորագրել են Հայաստանի և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարները Հայաստանի Բանկերի միության ամենամյա համաժողովի շրջանակում:
Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց Լեհաստանի Արժեթղթերի ազգային դեպոզիտարիայի տնօրենների (KDPW) խորհրդի անդամ Մարչին Տրուխանովիչը՝ համաձայնագրով KDPW-ն հաշիվ կստանա Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որից կկարողանա հայկական արժեթղթերը վաճառքի հանել Վարշավային ֆոնդային բորսայում։ Տրուխանովիչը նշեց, որ այս փուլում խոսքը մասնավոր ընկերությունների արժեթղթերի մասին է, այլ ոչ թե պետական պարտատոմսերի, բայց ամեն ինչ կախված կլինի Վարշավայում ներդրողների հետաքրքրությունից։
Նա հավելեց, որ երկու դեպոզիտարիաների միջև կապի ալիքը անսահմանափակ է լինելու, այսինքն՝ առանց առևտրի ծավալի օրական կամ տարեկան սահմանափակման։
Արժեթղթերը վաճառքի հանելու համար մի շարք պահանջներ են գործում, այդ թվում՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության վերաբերյալ (բորսայի կազմած կոդեքսի համաձայն)։ Բացի այդ, պետք է նաև պայմանագիր ստորագրվի լեհական դեպոզիտարիայի հետ, որը կերաշխավորի ներդրողներին դիվիդենտների (տոկոսադրույքների) վճարումը սահմանված ժամկետներում։ Ամենայն հավանականությամբ, հայաստանյան թղթերի համար այս տոկոսադրույքներն ավելի բարձր կլինեն, քան լեհականների համար, քանի որ խոսքը ներդրողներին քիչ հայտնի երկրից և առանձնապես բարձր վարկային վարկանիշ չունեցող (նույնիսկ Արևելյան Եվրոպայի չափանիշներով) արժեթղթերի մասին է։
Կան նաև առավելություններ․ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայում ամենամեծն է Մոսկվայի բորսայից հետո (2024 թվականին այստեղ բաժնետոմսերի առևտրի շրջանառությունը կազմել է 331.4 մլրդ զլոտի կամ ավելի քան 90 մլրդ դոլար), ուստի դրա միջոցով տարածաշրջանի շուկա մուտք են գործում բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։ Այս բորսայում աճուրդի մոտ 70%-ը բաժին է ընկնում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ-ից։
«Բնականաբար, սա մեծ հեռանկարներ է բացում հայկական բիզնեսի համար, որը կցանկանա այնտեղ վաճառքի հանել իր բաժնետոմսերը»,- հավելեց Տրուխանովիչը։
Նա նշեց, որ Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկիրն է, որի հետ Լեհաստանի դեպոզիտարիան նման պայմանագիր է կնքում (ներկայումս նման պայմանագրեր գործում են Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լիտվայի, Էստոնիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք այլ երկրների հետ)։ Տրուխանովիչը հնարավոր է համարում, որ Հայաստանի օրինակը հետաքրքրություն կառաջացնի նաև հարևան երկրների մոտ։
Բացի երկկողմ կապի ալիքից, Լեհաստանի դեպոզիտարիան կարող է որպես միջնորդ նաև միջազգային կապեր առաջարկել՝ Clearstream և Euroclear համակարգերի միջոցով։ Տեսականորեն դրանց միջոցով հնարավոր կլինի հայաստանյան կորպորատիվ արժեթղթերն աճուրդի հանել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներում (Հայաստանի դեպոզիտարիայում կապի այս ալիքներն արդեն գործում են, բայց առայժմ միայն ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերի համար, ոչ թե մասնավոր արժեթղթերի՝ խմբ․)։
Բացի այդ, Լեհաստանի դեպոզիտարիան կկարողանա հայկական ընկերություններին իրավաբանական անձանց նույնականացման կոդեր տրամադրել (Legal Entity Identifier կամ LEI)․ դրանք պարտադիր են այն ընկերությունների համար, որոնք մասնակցում են արժեթղթերի շրջանառությանը ԵՄ տարածքում։
Հիշեցնենք, որ Վարշավայի ֆոնդային բորսան 2022 թվականին ձեռք է բերել AMX Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (65.03%)։ Վարշավայի բորսան նաև Լեհաստանի դեպոզիտարիայի համասեփականատեր է։