Ահա եւ պատմության գիրկն անցավ ՔՊ եւս մի համագումար: 7-ն էր, կարծեմ: Նիկոլը, ինչպեսեւ սպասվում էր, կեղծ ընտրություններով շռնդալից հաղթանակ տոնեց եւ վերարտադրվեց ՔՊ վարչության նախագահի աթոռին: Ինքն այդպես էլ ասաց՝ այդ աթոռին թառելու 4-5 հարմար հետույք կա, բայց ես իմ մանդատը ոչ մեկին զիջել չեմ պատրաստվում: Հարց չկա, Նիկոլ, դու ես՝ քո փոքրիկ խմբակը, ես ձեր գործերին չեմ միջամտում, բայց կուզենայի, որ հիշես՝ ամեն հաղթանակ հաղթանակ չէ, եւ ամեն պարտություն՝ պարտություն: Ճիշտ այդպես դու պայքարում էիր ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պոստի համար, ասում էիր՝ հանկարծ չկասկածեք իմ աստվածատուր շնորհքի վրա: Բայց տեսա՞ր ինչ եղավ: Դու «հաղթեցիր», իսկ Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը պարտվեցին: Այնպես որ, շատ էլ մի լոպպազանա ՔՊ-ի ընտրություններում տարածդ հաղթանակով:
ՔՊ-ի համագումարում Նիկոլի տարած հաղթանակը, սակայն, միակ բանը չէր, որ ՔՊ-ի համագումարը վերածեց ԽՄԿԿ հերթական համագումարի: 1964 թվականից սկսած՝ ոչ ոք չի էլ կասկածել, որ ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է ընտրվելու ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար: Դա այնքան տրիվիալ էր, որ կողմուդեմ քվեներն անգամ չէին հաշվում: Բայց գենսեկի ընտրությունը դեռ ամենակարեւոր զուգահեռը չէ, որ կարելի է տանել ԽՄԿԿ եւ ՔՊ համագումարների միջեւ: Ամենամեծ նմանությունը նորին «մեծություն» սուտն է՝ փաթեթավորված պսպղուն թղթերով: Հարվածային կթվորուհի Նինա Իվանովան, ԽՄԿԿ 25-րդ համագումարին ընդառաջ, 5-ամյակը կատարել է 3.5 տարում եւ պարտավորվել հաջորդ հնգամյակն ամփոփել 3 տարում: Եվ դա, բնականաբար, բոլորի կողմից շատ հարգված ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի գլխավորությամբ: Ով հասցրել է գոնե մի հայացք նետել ՔՊ-ի համագումարի դահլիճին ու տեսնել այդ համահավաք խոտանի բութ դեմքերը, կհաստատի իմ ասածը․ բոլորը՝ նախարար թե պատգամավոր, մլիցա, թե դատախազ, հարկային տեսուչ, թե մաքսավոր, կթվորուհի, թե փականագործ, համագումարի էին եկել ստախանովյան ձեռքբերումներով ու այն համոզվածությամբ, որ դրան հասել են բացառապես Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: 1 ժամ 40 րոպե ճառեց Նիկոլը: Ոչ մեկի միմիկան չփոխվեց այդ ընթացքում՝ նույն մումիան, նույն դիրքը… Հարյուրներով լսում ու ըմբոշխնում էին… 1 ժամ 40 րոպեանոց սուտը: Նույնը Կրեմլի համագումարների պալատում էր տեղի ունենում:
Ո՞վ կհամարձակվեր ընդհատել ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, եթե նա հայտարարեր, որ կոմունիզմն արդեն եկել է: Համագումարների պալատը կթնդար ծափողջույններից, ինչպես սրանք էին թնդացնում «իրական Հայաստան» եւ «խաղաղության խաչմերուկ» բառակապակցություններից: Իսկ դուք, ինչ է, կարծում եք՝ դահլիճը նույնությամբ չէ՞ր ցնծա, եթե Նիկոլը «խաղաղության խաչմերուկի» փոխարեն ասեր՝ «Ծերեթելու խաչմերուկ»: Նույն օվացիաները չէի՞ն հնչելու Նիկոլի՝ «Կեցցե ՔՊ-ստանը» բացականչությունից հետո: Ի վերջո, հենց ՔՊ-ստանն է Նիկոլի կառուցած եւ Էրդողանի ու Ալիեւի կողմից օրհնված մեր 4-րդ հանրապետությունը:
ԽՄԿԿ համագումարները, գոնե, վտանգավոր չէին ԽՍՀՄ ժողովուրդների առողջության համար: Մի քանի օր գլուխ էին արդուկում, ծափ տալիս ու գնում իրենց գործին՝ հնգամյակը 3.5 տարում կատարելու: ՔՊ-ի այս վերջին համագումարը, սակայն, հղի էր անկանխատեսելի հետեւանքներով ու ՀՀ քաղաքացիներին հոգեբուժարանների դռները գցելու ռեալ սպառնալիքով: Ես ընդամենը 3 բան եմ առանձնացրել, որ վտանգավոր են հատկապես մեր հոգեկան առողջության համար:
Առաջին. ասաց՝ մենք հնարավորություն են ստեղծել, որ Արցախի (Ղարաբաղի) բնակչությունը ձեռք բերի Հայաստանի քաղաքացիություն: Եվ դահլիճում չգտնվեց մի դդում, որ սրան հակադարձեր՝ այ «վսեմիուվաժայեմի», բա 1988-ին մեկնարկած Արցախյան շարժումն ինչի՞ մասին էր, մի՞թե դա Արցախի ու Հայաստանի վերամիավորման շարժում չէր, ու նպատակն էլ՝ արցախցիներին ու հայաստանցիներին մեկ քաղաքացիություն տալը: Դրա համար, ինչ է, պետք է 5 հազար տղու գլո՞ւխ ուտեիր, Արցախը հանձնեի՞ր, ժողովրդին փախստակա՞ն դարձնեիր… Հակադարձեի՞ն` ո՞վ, էդ դդումնե՞րը… Ծափ տվին՝ գնաց:
Երկրորդ: Ասաց՝ կաթողիկոսն անվտանգային խնդիր է ստեղծում, պետք է հրաժարական տա, այլ ելք չկա, այլապես դա կանենք ժողովրդի հետ: Ես չգիտեմ, թե քանի պատգամավոր էր եկել ՔՊ համագումար՝ այս էշությունը լսելու համար, բայց մի բան պարզ էր, որ դահլիճ բերված մումիաներից ոչ ոք չէր համարձակվելու հակաճառել «վսեմիուվաժայեմի» սատանային, ասեր` ու ո՞նց ես դա պատկերացնում… Ժողովուրդը հավաքվում է Էջմիածնի հրապարակում ու քո գլխավորությամբ գնում Մայր Աթոռը կաթողիկոսից ազատելո՞ւ: Դու անձամբ գալո՞ւ ես այդ հավաքին, թե՞ բունկերից ես հետեւելու, թե ինչպես են զգեստափոխված «բերետները» ջարդում Մայր Աթոռի դռները հսկող ժողովրդին: Ախր, բոլորը գիտեն, որ դու էն «Մկների ժողովի» մուկն ես՝ «ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ»…
Երրորդ: Ասաց՝ 4-րդ հանրապետության համար նոր սահմանադրություն ենք գրելու, առանց հղում-մղումի: Բարձր եւ երկարատեւ ծափահարություններ… Ոչ միայն դահլիճից: Ողջ Ադրբեջանն ու Թուրքիան էին ցնծում: Վերջապես… Ոչ եւս է արվում Հայաստանի Անկախության հռչակագիրը, Հայաստանի 4-րդ հանրապետությունը «սեփական նախաձեռնությամբ» է արդեն հրաժարվում Արցախի ու նրա ժողովրդի իրավունքների հովանավորի պարտականություններից: Բայց ես կասեի՝ այդքան ինքնիշխան լինելն էլ մի բան չէ, Նիկոլ: Դա շատ ծանր գործ է, մեկ էլ տեսար՝ գցեցիր ոտքիդ: Մի անգամ փորձեցիր, չէ՞, չստացվեց, չեղարկեցիր, թռար… Կարծում ես՝ իրավիճա՞կ է փոխվել: Չսխալվես: Նույն գետը երկրորդ անգամ չես կարող մտնել: Դա հնարավոր չէ: Ժողովուրդը Նիկոլ-Էրդողան-Ալիեւ եռամիասնության սահմանադրությանը կասի «ո՛չ» ու քեզ, Նիկոլ, կդնի շատ անհարմար վիճակում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test