Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարությունն» իրականում Հայաստանի Հանրապետության դեմ է՝ և՛ Արցախյան առաջին պատերազմի, և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և անգամ ոչ պատերազմական պայմանների համատեքստում:
Այսինքն, ալիևյան ռեժիմը փորձում է իրավական ճանապարհով Հայաստանին և ՀՀ զինված ուժերին հռչակել «ռազմական հանցագործ» և «ցեղասպան պետություն»՝ մեղադրելով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացնելու և ոչ միայն, 2020թ. պատերազմի օրերին «Հայաստանի տարածքից Ադրբեջանի բնակավայրերին հրթիռային հարվածներ հասցնելու», «Ադրբեջանի տարածքում զինված խմբավորումներ և ստորաբաժանումներ պահելու», ՀՀ քաղաքացիներին «Ադրբեջանի տարածք» զինվորական ծառայության ուղարկելու և այլ «մահացու» մեղքերի համար:
Եվ այսօր ՀՀ ղեկավարի աթոռին նստած անձը, ով արդեն հասցրել է այլ առիթներով «հաղորդում տալ» ՀՀ զինված ուժերի դեմ, որոշել է կանգ չառնել և Բաքվի «դատավարության» տրամաբանության մեջ ալիևյան մեղադրանքներն արդեն իր սեփական անունից ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցադրում հասցեագրելով՝ «ՏՊԼ-ին ով և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- գրել է Փաշինյանը:
Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Ալիևը, ՀՀ նախկին նախագահներին, Հայաստանի Հանրապետությանը համարում է «օկուպանտ», և քանի որ «լեգիտիմությունը» նա շատ կարևոր է համարում, մի օր էլ գուցե իրավական լեգիտիմություն հաղորդի իր այս քաղաքական մեղադրանքին: Չի բացառվում: Բայց մինչ այդ մի քանի փաստի վրա ուշադրություն հրավիրենք:
Նախ, ինչպես մասնագետներն են նշել, ի դեմս ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ «Ալմա Աթայի հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում էր վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ»:
Նմանատիպ միտք հնչեցրել է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Մասնավորապես, 2023թ. մի հարցազրույցում ասել էր.
«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом)»:
Այս թեմայով կարելի է երկար խոսել, բայց կանգ առնենք այստեղ և անցնենք հաջորդ՝ երկրորդ փաստին:
Ամեն դեպքում, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանի մեղադրանքն արդարացի է, այդ դեպքում 2018-ի իշխանափոխությունից հետո ինչո՞ւ հենց ինքն իր ասած այս «անարդարությունն» առանց պատերազմի չի փորձել ուղղել և արել է ճիշտ հակառակը:
Մնացել էր նախկինների հայրենասիրության մոդելի տակ ու դրա համար որոշեց քաղաքական լեգիտիմության տալ «Ադրբեջանի տարածքում» 18 տարեկան ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությա՞նը, թե՞ դարձյալ վախենում էր՝ իրեն դավաճան ասեին, և պատերազմը հարմար առիթ էր նոր շրջափուլի:
Ի դեպ, Փաշինյանը, ով ծանր է տանում ընդդիմախոսների մեղադրանքը, թե ինքն է պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին, մոռանո՞ւմ է, թե ինչպես են իրենք հղում տալով ՄԱԿ-ի բանաձևերին, լեգիտիմացրել Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու կամ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու պահանջը:
Բայց, ի տարբերություն իրենց, մենք չենք լեգիտիմացնի Ադրբեջանի՝ 2020 թվականին պատերազմ սանձազերծելու քայլը, քանի որ այդ միջազգային իրավունքն Ալիևը չուներ անգամ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության դեպքում:
Այլ հարց է՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունը՝ հենց Նիկոլ Փաշինյանը, չի կանխել պատերազմը, որի մոտալուտ լինելն առնվազն հուլիսյան մարտերից հետո ակնհայտ էր, և դա շատ լավ հասկացել էր հենց ինքը՝ Փաշինյանը. «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, ե՞րբ ես տարածքները հանձնում»,- 2020թ. նոյեմբերի 29-ին գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Վերադառնանք 18 տարեկան ՀՀ քաղաքացիների՝ Արցախ ծառայության լեգիտիմությանը, և հիշեցնենք, թե ինչպես էր Փաշինյանը 2018 թվականին քաղաքական-քարոզչական դիվիդենտներ փորձում շահել որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախում ծառայելու փաստից:
«Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել»,- 2018թ. ամառային զորակոչի օրերին «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել էր Աշոտ Փաշինյանը։
Մի կողմ թողնենք, թե Աշոտ Փաշինյանն ինչպես և որտեղ է «ծառայել», բայց հավելենք, որ այդ որոշման մասին նա դեռ 2018-ի մայիսի վերջին իր տեսաուղերձի միջոցով էր հայտնել և բացատրել՝ ինչո՞ւ:
«Ուզում եմ մի քիչ խոսել այն հիմքերից, որոնք ինձ ստիպել են այս որոշումը կայացնել: Վերլուծելով ընդհանուր իրավիճակը, ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ղարաբաղյան կոնֆլիկտում խաղաղություն հաստատելը դա հայկական կողմի ձեռքերում է, և դրա միակ արժանապատիվ և էֆեկտիվ ճանապարհն արցախյան բանակի հզորացումն է։ Ես խաղաղության հանդեպ և հայրենիքի հանդեպ զգացած իմ մարդկային ու քաղաքացիական պարտքից ելնելով՝ որոշել եմ հնարավորինս նպաստել այդ խաղաղության ճանապարհին և հայկական բանակին այս հարցում»,- մանրամասնել էր Աշոտ Փաշինյանը:
Հետո արդեն նա 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020թ. հոկտեմբերի 5-ին պիտի հետևեր հոր մարտակոչին: 168.am-ը մանրամասներ էր ներկայացրել Աշոտ Փաշինյանի՝ պատերազմին «մասնակցության» վերաբերյալ, իսկ ավելի ուշ՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործի և Աշոտ Փաշինյանի կամավորական ծառայության առնչության հետ կապված:
Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
Այսինքն, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 18 տարեկան զինվորներին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս տեղակայելու մեջ մեղադրող Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիներին հորդորում էր խախտել ՀՀ օրենսդրությունը և գնալ մասնակցել Ադրբեջանի դեմ մարտական գործողություններին:
Դեռ չենք խոսում՝ ինչո՞ւ ստեղծվեց այն ստորաբաժանումը, որի կազմում նրա որդին մեկնել էր Արցախ: Չենք խոսում նաև, որ դեռ աշխարհազորի մասին օրենքը չընդունված՝ արդեն մարզպետարանները ջոկատներ էին կազմավորում: Ի դեպ, աշխարհազորի մասին օրենքում հարց է՝ Արցախի տարածքի մասին հիշատակում կա՞ր: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը լավ կանի նախ իր՝ «օրենքից դուրս» որոշումների մասին հիշի:
Չմոռանանք, որ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ 2020թ. օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում նախաձեռնել էր հավաք, որտեղ ներգրավված էին Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք, իսկ դասընթացի նպատակն էր՝ ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։ Իսկ արդեն «Էռատո» ջոկատը կամավորություն չի արել Արցախի տարածքում: Սակայն դա չի խանգարել, որ պատերազմի օրերին Աննա Հակոբյանը մտնի հրամանատարական կետ, այն դեպքում, երբ ղեկավար փաստաթղթերը հստակ սահմանում ունեն՝ ովքեր ունեն այդտեղ մտնելու իրավունքը: Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ցույց տալ՝ ինչ փաստաթղթի հիման վրա կամ թույլտվությամբ է իր կնոջ կողմից խախտվել ընդունված կանոնը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ օրերս Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդություն էր ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, սակայն ադրբեջանական դատարանն այն մերժել էր՝ պնդելով, որ նա հարուցված գործի հետ առնչություն չունի:
Սեպտեմբերի 22-ին կայացած «դատավարության» ժամանակ էլ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ եղած գեներալ Դավիթ Մանուկյանն է նման պահանջ դրել՝ որպես վկա՝ դատարան կանչել Նիկոլ Փաշինյանին կամ լսել նրան տեսակապի միջոցով, ինչը դարձյալ մերժվել է:
Ով գիտի՝ գուցե մի օր Ադրբեջանը նպատակահարմար համարի, որ Փաշինյանի հարցաքննությունը կարող է «օգնել» գործին: Մյուս կողմից, վերևում հիշատակված Փաշինյանի գրառումները կարող ենք ընդունել որպես ցուցմունք՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի:
Եվ ոչինչ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և ռազմական դրություն հայտարարելու պայմաններում Փաշինյանն իրեն հռչակել էր գերագույն հրամանատար, և «ոչ հայկական» Շուշին հետ բերելու հրաման տվել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test