Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սեւ ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս hetq.am hetq.am

time
Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սեւ ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից, սակայն «Հետքի» տրամադրության տակ են դրա մանրամասները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում:

Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

«Շուշայից» ու «Ղարաբաղից» առաջ էլ՝ այս տարվա մայիսին, ԵՄ-ն նույն հիմնավորումներով «սեւ ցուցակ» էր մտցրել ադրբեջանական «Զանգեզուր» (Zangazur) լցանավը: Սրա նկատմամբ, ի դեպ, ԵՄ-ից մի քանի օր առաջ պատժամիջոցներ էր կիրառել նաեւ Մեծ Բրիտանիան: Հիմնավորումն այն էր, որ «Զանգեզուրն» օգտագործվում է՝ ռուսական ծագման նավթ տեղափոխելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ծրագրվող պատժամիջոցների 19-րդ փաթեթին՝ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 19-ին հայտարարել է. «Վերահսկողությունը խստացնելու համար մենք պատժամիջոցներ ենք մտցնում «ստվերային նավատորմի» եւս 118 նավի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, այժմ ԵՄ պատժամիջոցների տակ է ավելի քան 560 նավ»:

«Հետքի» տրամադրության տակ են այս 118 նավի տվյալները: Դրանց թվում է ադրբեջանական դրոշի տակ լողացող «Խանքենդի» (Khankendi, օկուպացված Ստեփանակերտի ադրբեջանական անվանումն է) լցանավը: Սա եւս նախատեսված է հում նավթի տեղափոխման համար:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, այս նավը կառուցվել է 2020 թ. Հարավային Կորեայում (IMO համարը՝ 9867621): Ունի 250 մ երկարություն եւ 44 մ լայնություն, ինչպես «Շուշան» ու «Ղարաբաղը»:

2020-2024 թթ. կրել է «Արիստոֆանիս» (Aristofanis) անունը եւ նավարկել Մարշալյան Կղզիների դրոշի ներքո: 2024-ի օգոստոսից մտել է Ադրբեջանի դրոշի տակ ու անվանափոխվել «Խանքենդի»: Նավի սեփականատերն ադրբեջանական SA Leader Shipholdings AFEZCO-ն է, տեխնիկական կառավարիչը (այլ կերպ ասած՝ նավը տեխնիկապես շահագործողը)՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, իսկ կոմերցիոն կառավարիչը, որն զբաղվում է բեռնափոխադրումների կազմակերպմամբ, կրկին ադրբեջանական SA Maritime AFEZCO-ն է (մանրամասները՝ այստեղ): Բոլորն էլ գրանցված են Բաքվի նույն հասցեում եւ փոխկապակցված են ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերությանը:

Հիշեցնենք՝ SA Maritime-ը ASCO-ի ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի համատեղ ձեռնարկությունն է, իսկ նավը շահագործող ASCO Shipmanagement-ը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO-ի հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է:

ASCO Shipmanagement-ի նավատորմում կա 6 նավ, որոնցից 4-ը, ըստ ընկերության պաշտոնական կայքի, հում նավթի լցանավեր են, իսկ 2-ը՝ նավթային/քիմիական լցանավեր, որոնք չափերով ավելի փոքր են: Ըստ magicport.ai-ի՝ ASCO Shipmanagement-ը ոչ միայն «Շուշա», «Ղարաբաղ», «Զանգեզուր» եւ «Խանքենդի» լցանավերի, այլեւ «Ադրբեջան» (Azerbaijan) ու «Բաքու» (Baku) լցանավերի շահագործողն է:

Նախորդ անգամ անդրադարձել էինք այն հանգամանքին, որ magicport.ai-ի համաձայն՝ «Խանքենդին» էլ «Շուշայի», «Ղարաբաղի» ու «Զանգեզուրի» նման պատժամիջոցների ռիսկի տակ է: Փաստորեն, հիմա ստացվում է, որ եթե ԵՄ-ն ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, «Խանքենդին» կմիանա ASCO Shipmanagement-ի մյուս 3 մեծ լցանավերին ու կհայտնվի ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նրան կարգելի մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից:

Նավերին առցանց հետեւող կայքերը ցույց են տալիս, որ «Խանքենդին», ինչպես ASCO Shipmanagement-ի՝ եվրոպական պատժամիջոցների տակ ընկած մյուս 3 նավերը, այս տարի պարբերաբար նավարկել է Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Պրիմորսկ քաղաքի եւ Ուստ Լուգա ավանի ու Էգեյան ծովի ափին գնվող թուրքական «Նեմրութ» նավահանգստի միջեւ, այլ կերպ ասած՝ Ռուսաստանից հում նավթ է տեղափոխել Թուրքիա:

Բայց այս պահին ադրբեջանական նավը լողում է այլ ուղղությամբ: Սեպտեմբերի 19-ին այն դուրս է եկել թուրքական «Նեմրութից» ու հիմա նավարկում է դեպի իսպանական Ալխեսիրաս քաղաք, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Ջիբրալթարի նեղուցի հարեւանությամբ: Ժամանումը հասցեակետ նախատեսվում է վաղը՝ սեպտեմբերի 24-ին: Եթե ԵՄ-ն «սեւ ցուցակ» ներառի այս նավը, ապա Եվրամիության նավահանգիստները, այդ թվում՝ նույն Ալխեսիրասը, անհասանելի կդառնան նրա համար:

Լուսանկարում՝ Մարշալյան Կղզիների դրոշի տակ նավարկող «Արիստոֆանիս» լցանավը, 16.03.2024, հեղ.՝ Պաուլ Գերդես, marinetraffic.com

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test