Ռուսաստանի քաղաքացի, հայազգի բլոգեր Սամվել Կարապետյանն իր՝ ՌԴ քաղաքացիությունից զրկվելու մասին ծանուցումը ստացել է WhatsApp-ով՝ այս տարվա մայիսի 19-ին: Կարապետյանը մինչ այս տարվա ապրիլը ՌԴ քաղաքացի էր, վարում էր SisMasis բլոգը, որտեղ երբեմն քննադատում էր Ռուսաստանի քաղաքականությունը հատկապես Արցախի հարցում: Բայց մեզ հետ զրույցում ասում է, որ չի զղջում քննադատությունների համար, շեշտում է, որ չի ջնջել ու չի էլ ջնջելու այդ հրապարակումները:
«Ինձ քաղաքացիությունից զրկել են այս տարի՝ ապրիլի 25-ին: Ծանուցման մեջ նշված է, որ այս հոդվածով Դուք զրկվել եք ՌԴ քաղաքացիությունից: Թե ինչի համար, կոնրետ ինչ գործողության համար են ինձ զրկել, ինչն է ազգային անվտանգության վտանգ առաջացրել, որ հիմք հանդիսանար ինձ քաղաքացիությունից զրկելու համար, ոչ մի տեղ գրված չէր: Անկեղծ ասած, ստանալով այդ ծանուցումը, սկզբում չհավատացի, մտածեցի՝ ադրբեջանցիների հերթական խաղն է, որ գլխիս խաղում են, բայց հետո մտա կառավարության կայք՝ անձնագիրս ստուգելու, եւ պարզեցի, որ անձնագիրս արդեն չի գործում: Շոկ ապրեցի, ճիշտն ասած»,- պատմում է Կարապետյանը:
Փաստաբանը հայազգի բլոգերին պարզաբանել է, որ իր քաղաքացիությունը համապատասխան օրենքներով համարվում է ոչ թե ձեռքբերովի, այլ՝ ծննդյան ուժով ձեռք բերված քաղաքացիություն: «Չնայած ես ծնվել եմ Վրաստանում՝ Ախալքալաքում, դեռ Խորհրդային Միությունը գոյություն ուներ՝ 1986 թվականին եմ ծնվել, հետո իմ հայրը 1992 թվականի հոկտեմբերի 1-ից մտել է ռուսական զորքեր՝ ծառայելու, մենք ոչ մի քաղաքացիություն չենք ունեցել, բացի սովետի ԶԱԳՍ-ի թղթի ու հորս մի քանի տարվա ծառայությունից հետո հորս տրված ՌԴ քաղաքացիություն, եւ հետո մեզ էլ ավտոմատ տրվել է ՌԴ քաղաքացիություն: Եվ դա, ըստ որոշ օրենքների, համարվում է ծննդյան ուժով ստացված քաղաքացիություն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Նա նշում է, որ, ըստ ՌԴ Սահմանադրության, ներքին գործերի նախարարությունն իրավունք չունի այդպիսի քաղաքացիություն ունեցող անձանց զրկել քաղաքացիությունից: «Բայց МВД-ն հաղորդում է, որ իմը ոչ թե ծնունդի ուժով, այլ ձեռքբերովի քաղաքացիություն է, դրա համար էլ քեզ զրկել ենք քաղաքացիությունից: Բնականաբար, ես իրենց հետ համաձայն չեմ՝ դիմելու եմ դատարան, որտեղ պիտի ապացուցեմ, որ իմ քաղաքացիությունն ըստ ծննդյան իրավունքի է: Ամեն ինչ իրենց ձեռքում է, բայց դե՝ պիտի փորձեմ»,- ասում է Կարապետյանը: Բողոքարկել է իրեն քաղաքացիությունից զրկելու որոշումը, որից հետո МВД-ից պատասխան է ստացել, որ չի վերականգնվելու քաղաքացիությունը: Բնականաբար, որոշել է իր տելեգրամյան ալիքում հրապարակում անել, ստացած ծանուցումների սքրինշոթերը տեղադրել: Մի քանի ժամ հետո ռուսական լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն տարածել լուրը, սակայն, Կարապետյանի դիտարկմամբ, լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը զարմանքով էր լուսաբանել այդ նորությունը, իսկ մի քանի փաստաբաններ էլ հայտարարել են, որ ծննդյան իրավունքի ուժով քաղաքացիություն ունեցողին չեն կարող քաղաքացիությունից զրկել:
Ռուսաստանցի հայ բլոգերը նշում է, որ Կրեմլին մոտ կանգնած «Ռյադովկա», «Մնոգոնացիոնալ» ազգայնական ալիքները գրել են, որ Սամվել Կարապետյանն իր հրապարակումներով Կրեմլի՝ Հայաստանի ու Արցախի հանդեպ քաղաքականության քննադատություններով Ռուսաստանում ապրող հայերին լարել է ՌԴ-ի դեմ, եւ դա համարվում է ազգային անվտանգությանը սպառնացող հանգամանք: «Այսինքն՝ մի հասարակ բլոգեր, որը մի 25 հազար հետեւորդ ունի, որը Զախարովային է քննադատում, Լավրովին կամ Պուտինի ինչ-որ հայտարարություն, իրենց համար դառնում է враг нации: Ու ինձ այդ կետով դրել են ու զրկել քաղաքացիությունից»,- նկատում է հայազգի բլոգերն ու հավելում. «Իմ այդ հրապարակումներից սքրիններ են արել ու իրենց էջերում հրապարակել, ու վստահ եմ, որ ադրբեջանցիք իմ հրապարակումները վաղուց են սքրին արել, հավաքել ու դրանք ուղարկել ФСБ-ի իրենց աղբյուրներին, որ ФСБ-ն սկսի հատուկ ինձնով զբաղվել: Թե չէ՝ ես չեմ կարծում, թե ФСБ-ն, իր գործը թողած, պիտի ինչ-որ բլոգերի հետեւից ընկներ»:
Իր ունեցած տեղեկատվությունն ու փաստերն ի մի բերելով, ՌԴ նախկին քաղաքացին վստահ է՝ ադրբեջանցիներն են այս ամենի հետեւում կանգնած: Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը ՌԴ քաղաքացիությունից զրկվելուց հետո լրջագույն խնդիրների առաջ են կանգնել: Գրանցված աշխատող է եղել ռուսական ընկերությունում, աշխատել է հեռավար, սակայն քաղաքացիության կորստից հետո կորցրել է նաեւ աշխատանքը, ընտանիքը կանգնել է անորոշ իրավիճակի առաջ՝ չգիտեն, թե ինչ է իրենց ապագայում սպասվում: Չգիտի նույնիսկ՝ արդյոք կարո՞ղ է մտնել Ռուսաստան, թե՞ ոչ:
«Ոչ կարող եմ գնալ, այսինքն՝ կարող է մուտքս էլ է փակ, կարող է ինձ դեպորտ անեն կամ վատագույն դեպքում ձերբակալեն, դա էլ չգիտեմ, թե ոնց կլինի: Այս ամեն ինչից ինձ լիքը վատ բաներ եղան»,- եզրափակում է Սամվել Կարապետյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test