ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսահոլովակն է պատրաստել ու ներկայացրել հայ հասարակությանը: Հոլովակում նա պատրաստվում է կուսակցական համաժողովին, մեկնելուց առաջ կոճկում է բաժկոնի վերջին կոճակը, անում սուրճի վերջին ումպը եւ երկու ժամ անց կուսակիցների առջեւ ծրագրային ելույթ է ունենում՝ հայտարարելով, որ երրորդ հանրապետությունն այլեւս անցյալում է, հիմա մենք ապրում ենք չորրորդում, եւ ինքն ու իր թիմը հավակնում են եւս 5 տարի կառավարել մեր երկիրը:
«Հռչակում ենք Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք»,- հայտարարում է նա Մարզահամերգային համալիրում: Փաշինյանի գնահատմամբ՝ սա իր մեկուկես ժամանոց ելույթի կուլմինացիան է, եւ այն թիմակիցներն ընդունում են ոտքի վրա, երկարատեւ ծափերով: «Քաղաքացիական պայմանագիրը» չորրորդ հանրապետության ստեղծումն է հռչակում` հատուկ հռչակագրով, որից բխող անելիքները նկարագրված են 9 կետում. եկող տարվա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ձեւավորել, հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել, անձեռնմխելի պահել Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը եւ այլն: Նիկոլ Փաշինյանի ելույթը մանրակրկիտ մտածված է` բարձրագոչ հայտարարություններ, հուզմունք, հատակին չոքելու տեսարան` պատերազմի նահատակների հիշատակը հարգելու կարգախոսով:
ՔՊ-ական իր թիմակիցները եւ ՔՊ-ի համակիրները, հավանաբար, հիացմունք են ապրել` հետեւելով Նիկոլ Փաշինյանի դերասանական խաղին եւ ունկնդրին գրավելու շնորհքին: Թերեւս այնքան շատ են եղել գովեստի խոսքերը, որ նա որոշել է որոշ մասը կրկնել կիրակի օրը Արմավիրում տեղի ունեցած ֆեստիվառի ժամանակ, որտեղ կրկին չոքեց, «կեցցեների» վանկարկում պահանջեց եւ այլն: Ն. Փաշինյանի ժեստերը, հուզմունքը, գործողությունները ոմանք որակում են «ցածրակարգ, էժանագին բեմականացում», ոմանք` դերասանական հմուտ խաղ, իսկ մի փոքր մասն էլ` հռետորական արվեստի բարձրագույն դրսեւորում: Մեզ հետաքրքրեց, թե պրոֆեսիոնալ դերասանի աչքերով ինչ տպավորություններ են ստացել այդ ամենից: Զրուցել ենք դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանի հուզումնառատ տեքստը, նրա լացը կամ կարկամելը` խոսքի կեսին, ծնկի գալը, մյուս գործողությունները շատերը որակում են որպես դերասանական խաղ, այն էլ` խիստ ոչ պրոֆեսիոնալ ու անբնական: Դերասանի աչքերով՝ Դուք ի՞նչ գնահատական կտաք:
- Նա սկսել է վատ խաղալ` ավելի վատ, միշտ է վատ խաղացել, բայց հիմա ավելի վատ է խաղում: Ինձ երբեք չի համոզել, որ անկեղծ է: Բայց վերջին շրջանում շատ ավելի վատ է սկսել խաղալ: Նրա վարպետները սկսել են թերանալ: Նա լիքը մարդկանց դեռ կարողանում է համոզել, բայց ինձ չի կարողանում համոզել: Նրա խաղը, այո, շատ վատն է: Էժանագին շոու է անում եւ շարունակելու է այդ ամենը: Ես հույս չունեմ, որ նա մի օր խաղալու է ավելի լավ, քան այսօր: Նա վատ դերասան է:
- Ինչո՞վ է պայմանավորված, որ գնալով ավելի վատ է խաղում….
- Որովհետեւ գիտի, որ իրեն հավատացողների բանակը բավարար է հաջորդ ընտրություններում հաղթելու համար:
- Կարծում եք՝ նրան հավատացողներն այդքան շա՞տ են:
- Անշուշտ: Տեսնում ենք, թե այդ ֆեստիվառներին ինչքան մարդ է գնում, թեպետ վստահ չեմ, որ բոլոր ներկաները նրան հավատում ու համակրում են: Դժվար, թե բոլորն իր կողմնակիցները լինեն: Հիմնականում երիտասարդները գնում են երգ-երաժշտություն լսելու, երեւի թե նորմալ է, երիտասարդ են, շատ բան չեն հասկանում:
- Դերասանական խաղը քաղաքականության մեջ տեղի՞ն է:
- Այդ երեւույթը միշտ է եղել, բայց պետք է կարողանալ խաղալ: Նրա դեպքում ամեն ինչ խիստ հակասական է, ոչ մի բանական մարդ նրան չի կարող հավատալ: Խոսում է զոհվածների ծնողների մասին, հուզվում է, հարգում է իբրեւ նրանց, բայց ո՞վ է մոռացել, որ Եռաբլուրում այդ նույն մայրերին քարշ էին տալիս ուղղակի, առանց ամոթի, առանց խղճի խայթի: Նրան թվում է, թե մենք մոռացել ենք այդ ամենը եւ իր քայլերի արդյունքում մոռանում ենք, թե ինչեր են տեղի ունեցել: Այսօր տեղի է ունենում կառավարելի քաոս:
- Քաղաքական դաշտում կա՞ մի գործիչ, որ նույնպես խաղում է, եւ որի դերասանական խաղը բարձր եք գնահատում:
- Ցավոք` չէ, ուշադիր չեմ եղել: Կան մարդիկ, ովքեր շատ գեղեցիկ խոսում են, թվում է` անկեղծ են, սակայն չգիտեմ, եթե վաղն իրենք իշխանության գան, ինչպիսին կլինեն: Այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ չես հասկանում: Փաշինյանը գլխավոր «ճաշը եփել է» արդեն, տարբեր բաղադրատոմսեր խառնել է իրար, եւ այդ «ճաշն» ուտում ենք մենք՝ բոլորս: Մեկի դուրը չի գալիս, մեկի դուրը գալիս է: Բայց որ ամենավատն է` շատերս ուղղակի դադարել ենք խոսել…. ոչ մի լուրջ խոսք չի հնչում ոչ մի կողմից, չկա ռացիոնալ միտք, արդյունքում քո մեջ էլ չի ծնվում ռացիոնալ միտք: Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ չենք հասցնում մարսել:
- Փաշինյանը հայտարարեց, որ թեւակոխում ենք չորրորդ հանրապետություն: Ի՞նչ կասեք այս մասին:
- Հո իր ասելով չէ՞: Ի՞նչ է անում՝ այս քաոսը հաղթահարելու համար….
- Դե, օրինակ, եղբայրական հարաբերություններ է ստեղծում Ադրբեջանի, Թուրքիայի հետ….
- Դե թող եղբայրանա: Ադրբեջանցիները կգան եւ ցույց կտան իրեն, թե որն է եղբայրանալը: Մենք էլ քնած կծափահարենք թուրքին խոնարհվողին:
- Թուրքին խոնարհվում է, բայց մեկ շաբաթ առաջ թատերական ներկայացման ժամանակ դերասաններին դասեր տվեց, թե Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ի համանուն ներկայացման բովանդակությունը սխալ է, որ ճիշտը ոչ թե ցանկապատը քանդելն է, այլ՝ կառուցելը: Նման երեւույթ հիշո՞ւմ եք, որ հանդիսատեսը դերասանների հետ մտնի լեզվակռվի մեջ:
- Նման բաներ լինում են փառատոնային ներկայացումների ժամանակ, դա նորմալ է այդ պարագայում, բայց երբ խոսքը գնում է երկրի ղեկավարի մասին, ապա տեղի ունեցածն էժան քայլ էր…. ինձ թվում է` նա ընկճվեց նաեւ, որ դերասաններին ծափահարում են: Նա ուզում է, որ միայն իրեն ծափ տան: Ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչու պետք է արվեստը համապատասխանի իր վարած քաղաքականության գծին: Ոչ մի տեղ, ոչ մի ժամանակներում չի եղել նման բան: Ինչ վերաբերում է դերասանների կեցվածքին, ապա նրանք չէին կարող անտեսել, քանի որ Փաշինյանը միջամտեց այն պահին, երբ հանդիսատեսը ծափահարում էր դերասաններին, նա ստոպ տվեց անգամ այդ պրոցեսը, որ արտահայտի իր մտքի «գոհարները»: Այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ուզում ասել: Կասեմ մի բան` այդ ներկայացումը լավ ներկայացում է, մեր մասին է, եւ մարդիկ էլ ավելի շատ են գնալու այն դիտելու եւ ավելի շատ են խոսելու այդ մասին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test