Սեպտեմբերի 20-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը՝ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Հռչակագրում նաեւ նշվում է, որ այդ նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն, իսկ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում էլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի չորրորդ հանրապետությունն արդեն հաստատված է, երրորդ հանրապետությունը ՀՀ Հանրապետությունն է, ժառանգությունը, ինքնության մի մասը, բայց արդեն անցյալում է։ «Բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թեւակոխում։ Եթե նշելու լինեինք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից թերեւս առաջնայինը կուզեի նշել խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ չորրորդ հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռչակագրի վերահաստատմամբ, Կիրանցով եւ Ոսկեպարի եկեղեցիներով։
«Նոր սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու, որովհետեւ ես ուզում եմ նշել էական տարբերությունները՝ ԵՄ անդամագրմանն ուղղված քայլերի ակտիվացումը, այդ ամենի առանցքում խաղաղությունն է եւ նոր քաղաքական բովանդակությունը, որը ձեւակերպված է իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Չորրորդ հանրապետությունը ստեղծված է, այսօր բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա եւ մեր առաջիկա անելիքները ցանկանում ենք ձեւակերպել այնպես, որ այդ փաստը դառնա նաեւ ձեւակերպված իրականություն։ Շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ չորրորդ հանրապետության հեղինակը ժողովուրդն է, մենք չենք։ Մենք չորրորդ հանրապետությունը ձեւակերպողներն ենք միայն, ինչպես ես ասացի, ՀՀ գերդաստանների սնուցող մայրերին լսելով եւ նրանց թիկունքում կանգնած նահապետ հայրերի լռածը լսելով։ Դա համակարգային աշխատանք է, մենք փորձել ենք հռչակագրում ընդհանուր գծերով մի քանի կետ նշել։ Ավելի լայն համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունն ամբողջությամբ դրա մասին է»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ ասել է չորրորդ հանրապետություն: Լա՞վ նախադեպ է, երբ երրորդ հանրապետությունը Փաշինյանը լուծարում է եւ փորձում է ձեւավորել չորրորդ հանրապետություն: Մանուկյանն ասաց. «Սրանից հետո ով գա իշխանության, պիտի հայտարարի` 5-րդ հանրապետություն, 6-րդ հանրապետություն, հետո կարող է այլ իշխանություն գալ եւ, ինչու չէ՝ հայտարարել 7-րդ, 8-րդ, 9-րդ հանրապետության մասին: Մարդիկ ուզում են անմահացնել իրենց, ի՞նչ արած, բայց առանց այդ էլ «անմահացրել» են, այնպիսի բաներ են արել, որ երբեք չի մոռացվելու: Առհասարակ, ես երկրորդական եմ վերաբերվում այդ հռետորիկային, բան է` ասում են, ասում են նաեւ` լավագույն Հայաստան, նոր Հայաստան, ժողովրդավար Հայաստան եւ այլն: Դրանից էությունը չի փոխվում: Մենք այն վիճակում ենք, ինչը որ կա, եւ շատ լավ հասկանում ենք»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test