Երևանի քաղաքային իշխանությունն օրերս որոշեց անշարժ գույքի հարկի արտոնություն տրամադրել կառուցապատողներին՝ չավարտված շինարարության համար։ Առաջին հայացքից, թվում է, թե լավություն են անում կառուցապատողներին՝ թեթևացնում են նրանց ֆինանսական բեռը և փորձում կանխել սնանկացումը։ Սակայն մոռանում են, որ այդ բեռն իրենք են դրել։ Նույն այս իշխանություններն էին, որ ժամանակին օրենսդրական փոփոխություններ կատարեցին և կառուցապատողներին պարտավորեցրեցին անավարտ շենքերի համար անշարժ գույքի հարկ վճարել՝ նույն սկզբունքով, ինչպես արդեն պատրաստ շենքերի դեպքում է։
Հույս ունեին միանգամից 2 նապաստակ խփել՝ մի կողմից՝ պայքարել շինարարությունների ուշացումների դեմ, մյուս կողմից՝ լրացուցիչ եկամուտներ ապահովել՝ կառուցապատողներին դնելով ֆինանսական ճնշման տակ։ Կարծում էին՝ դրանով ստիպելու են կառուցապատողներին ժամանակին ավարտել շինարարությունը։ Բայց հոնքը սարքելու տեղը՝ աչքն էլ հանեցին։
Բեռի մեծացումը չլուծեց շինարարության ժամկետների հետ կապված խնդիրը, փոխարենը՝ ավելացրեց կառուցապատողների ֆինանսական դժվարությունները՝ նպաստելով շինարարական աշխատանքների դանդաղեցմանը, նախագծերի հետաձգմանն ու սնանկացման պրոցեսների արագացմանը։ Այսօր, երբ նման անխոհեմ քայլերով սպառնալիք են ստեղծել շուկայում, փորձում են մասնակի զիջումներով փրկել իրավիճակը։ Բայց ժամանակը ցույց կտա, թե դա որքանով փրկություն կլինի։
Երևանում վերջին տարիներին իշխանությունների թողտվությամբ իրականացված համատարած ու անկանոն կառուցապատման հետ կապված խնդիրները գնալով գլուխ են բարձրացնում։ Եկամտային հարկի վերադարձի արդյունքում, բնակարանների նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկով պայմանավորված՝ քաղաքային իշխանություններն ամեն քայլափոխի բնակելի շենքեր կառուցելու թույտվություններ են տրամադրել։ Մի կողմից՝ համատարած շինթույլտվություններ են շռայլել, մյուս կողմից՝ ֆինանսական լրացուցիչ բեռ են դրել կառուցապատողների վրա՝ տարբեր միջոցներով փորձելով պոկել իրենց բաժին օգուտները։ Հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ դրանով սպառնալիք են ստեղծում ոչ միայն կառուցապատողների, այլև հազարավոր քաղաքացիների համար։
Իհարկե, կառուցապատողներն էլ սուրբ չեն, բայց իշխանությունները նրանց գերազանցել են։ Իրենց ագահության պատճառով, բազմաթիվ կառուցապատողների կանգնեցրել են սնանկության փաստի առաջ։ Այնքան են ավելացրել շինթույլտվությունների վճարները, շինարարության հետ կապված հարկերն ու տուրքերը, որ շատերը չեն կարողանում դրա տակից դուրս գալիս։
Չբավարարվելով տեղական տուրքերն ու վճարները երբեմն տասնյակ անգամներով բարձրացնելով, 2023թ. որոշեցին անշարժ գույքի հարկով հարկել անգամ չավարտված շենքերը։ Երբևէ նման բան չէր եղել, որ չավարտված շինարարության համար գույքահարկ պահանջեն։ Բայց դրան էլ գնացին։ Անտեսեցին այն բոլոր նախազգուշացումները, որ դա խնդիր է դառնալու բազմաթիվ կառուցապատողների ու ընդհանրապես շինարարության ոլորտի համար։ Եվ ահա այսօր դա իրողություն է։
Կառուցապատման ոլորտում տարիներ շարունակ փչած փուչիկը պայթելու վտանգի առաջ է։ Ոլորտում գնալով խորանում են խնդիրները։ Առանց հաշիվ-հաշվարկի՝ այնքան անհարկի շինթույլտվություններ են տրամադրել, որ շուկան լճացել է։ Չկա նախկին պահանջարկը։ Ովքեր մի փոքր հնարավորություն ունեին, արդեն հասցրել են օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։
Նոր կառուցվող շենքերի նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է՝ բազմաթիվ կառուցապատողների կանգնեցնելով ֆինանսական դժվարությունների առաջ։ Դա քիչ է՝ պարտադրված են չավարտված շենքի համար գույքահարկ վճարել, ինչը պահանջարկի կրճատման պայմաններում ֆինանսական լուրջ բեռ է շատերի համար։ Հատկապես որ, պահանջարկի նվազումն ազդել է նաև գների վրա։ Եթե ժամանակին մտածում էին, որ գների բարձրացման միջոցով ինչ-որ կերպ կկարողանան դուրս գալ ֆինանսական անընդհատ ավելացող բեռի տակից, հիմա այդ հնարավորությունն էլ չկա։ Անշարժ գույքի գները ոչ միայն դադարել են բարձրանալ, այլև նվազում են։ Որոշ դեպքերում ավելի ցածր են, քան նախորդ տարի էին։
Կառուցապատման ոլորտում ստեղծել են մի իրավիճակ, որը լուրջ վտանգներ է պարունակում։
Աբսուրդն այնտեղ է հասել, որ հարկը բարձրացնում են, հետո հարկից արտոնություն են տալիս։ Ասում են՝ եթե այդ արտոնությունը չտանք, բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա իրենց խոստացված բնակարանները, կառաջանան տնտեսական ծանր հետևանքներ, երկրի ներդրումային միջավայրի ռիսկերը կավելանան, կնվազեն նոր կառուցապատման ծրագրերը։ Այս ամենն արդեն իրողություն է, նոր հիշել են դրա մասին։
Կառուցապատման ոլորտում սնանկացման պրոցեսներն արդեն սկսվել են։ Հայտնի են նաև սնանկ ճանաչված առաջին կառուցապատողները։
Այն, ինչ երեկ և այսօր տեղի է ունենում կառուցապատման ոլորտում ու անշարժ գույքի շուկայում, առաջիկայում բերելու է սնանկացման դեպքերի ավելացման։ Գույքահարկը բարձրացնելով, այնուհետ արտոնություն տալով՝ խնդիրները չեն լուծվում։ Պահանջարկն է կրճատվել, իսկ պահանջարկի կրճատումը լուրջ սպառնալիք է կառուցապատողների, հատկապես՝ այն կառուցապատողների համար, ովքեր կանգնած են իրացման դժվարությունների առաջ։ Սա լուրջ ռիսկ է շատերի համար, ու եթե իրականանան կանխատեսումները, բազմաթիվ կառուցապատողներ, ֆինանսական դժվարությունների պատճառով, հայտնվելու են իրենց պարտավորությունները կատարելու անհնարինության առաջ։ Խոսքը ոչ միայն պետության ու քաղաքացիների, այլև բանկային համակարգի նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է։
Ինչպես հայտնի է, գրեթե առանց բացառության, բոլորը կառուցապատման նպատակով ներգրավել են վարկային միջոցներ, որոնք վերադարձնելու համար պիտի իրացնեն բնակարանային ֆոնդը։ Հակառակ պարագայում՝ ստիպված են գնալ սնանկացման, ինչը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք են համարում։ Երբեմն էլ հատուկ են գնում այդ ճանապարհով՝ ստանձնած պարտավորություններից խուսափելու համար։
Այս իրավիճակի առաջացման մեղավորն առաջին հերթին իշխանություններն են, որոնք տարբեր միջոցներով անհարկի ծանրացրել են կառուցապատողների ֆինանսական բեռը՝ պարարտ միջավայր ստեղծելով նրանց սնանկացման համար։ Սնանկացումը շատ դեպքերում դարձել է ֆինանսական բեռից ազատվելու միակ միջոցը։ Ոչինչ, որ դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված կլինեն կորցնել բնակարանն ունենալու հույսը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test