«Մեղադրող կողմը իբրև թե կոչը ցույց է տվել, հիմա էլ ասում է՝ տվյալ կոչի նպատակը եղել է հասարակության լայն շրջանակներին ուղղություն տալը՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով։ Այդ ո՞ր խոսքն եք կոչ դիտարկում։ Այն, որ ասում է՝ 6 տարի է այդ մասին ասում եմ բոլորին՝ նախագահներին էլ, ու չեն անում, դա՞»,- այսօր այս հարցադրումը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում արեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերի համար:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ մեղադրող կողմը չի կատարել իր խոստումը և եզրափակիչ ելույթում չի վկայակոչել, թե 2024 թվականի փետրվարի 3-ին հարցազրույցում որն է եղել Միքայել Սրբազանի կողմից հնչեցված՝ իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Ըստ նրա՝ մեղադրողները գիտակցել են՝ որպես հանցագործություն ներկայացված 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը ընդհանրապես որևէ կոչ չէ արել, դրանով է պայմանավորված, որ մեղադրող կողմը եզրափակիչ ելույթում, մի կողմ թողնելով 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակությունը, երկու անգամ անդրադարձել է 2025 թվականի հունիսի 23–ի հարցազրույցի բովանդակությանը, որը սակայն, իրենց ասելով հանցագործություն չի հանդիսանում։
«Քննիչը մեզ պաշտոնապես, գրավոր ասել է, որ հանցագործությունն ավարտվել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի առաջին հրապարակման պահին։ Դատարանում մեղադրողները նույն բանն ասացին։ Հիմա ուզում են հիմնավորել, որ 2024 թվականի հարցազրույցում կոչ կա, և փոխարենը ցույց տան, ասեն՝ տեսեք, այս բառերը կոչ են, ասում են՝ 2024 թվականի հարցազրույցում կա կոչ, որովհետև 2025 թվականի հունիսի 23-ի հարցազրույցում վերահաստատելով նախորդ հարցազրույցում արտահայտած մտքերը, ներկայացրել է իշխանությունը փոխելու անհրաժեշտություն»,–շարունակեց պաշտպանը:
Նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր որոշեց հետաձգել նիստը, հաջորդ նիստը նշանակեց վաղը:
Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասաց, որ դատարանից դրական ակնկալիք չունեն. «Դատարանի՝ մինչեւ այս պահը ցույց տված վարքագիծը վկայում է, որ կատարելու է այն, ինչ իրենից սպասվում է, դա մեղադրական վերդիկտն է: Իհարկե, մենք մինչեւ վերջին կետը պայքարելու ենք հակառակի համար: Դրա համար էլ հատուկ ցույց ենք տալիս ակնհայտ խախտումները, մեղադրանքի սին լինելը, որ գոնե հասկանան, որ այս պայմաններում չի կարելի ակնհայտ անարդար դատական ակտ կայացնել, ինչը համարվում է հանցագործություն: Հուսով ենք, որ ողջախոհությունը կհաղթի վախերը, իրենց մոտ ակնհայտ վախեր կան: Այլ ակնկալիք այս պահին հնարավոր չէ ունենալ»:
Պաշտպանը հիշեց, որ առաջին դատական նիստին նախագահող դատավորը նույնիսկ չէր կարողանում խոսել այնքան կաշկանդված ու վախեցած էր: Նրա խոսքով՝ այն պահից, երբ գիտի՝ ապօրինություններ է անելու, կաշկանդվել էր. «Մենք նույնիսկ ասում էինք մի քիչ բարձր խոսեք, հասկանանք՝ ինչ եք խոսում, այնքան վախեցած էր, բայց աստիճանաբար որդեգրվեց այն հոգեբանական հնարքը, որով փորձեց անտարբերությունը բերել առաջին շարք: Հիմա փորձում է չլսել, սրանով փորձում է հաղթահարել այն իրավիճակը, որի մեջ գտնվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test