Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱԱԾ-ն՝ Բաքվում «Կարմիր խաչի» գրասենյակի փակման և հետագա աշխատանքների մասին 168.am 168.am

time
ԱԱԾ-ն՝ Բաքվում «Կարմիր խաչի» գրասենյակի փակման և հետագա աշխատանքների մասին

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։

168.am օրերս գրավոր հարցում էր ուղարկել Ազգային Անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո ինչպե՞ս են կազմակերպելու աշխատանքը՝ հատկապես անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

Նաև հետևյալ հարցերն էինք ուղղել ԱԱԾ տնօրենին.

«1.Գրասենյակի փակումից հետո արդյոք որևէ կերպ քննարկում ունեցե՞լ եք ադրբեջանական կողմի հետ՝ գերիների և անհետ կորած անձանց հարցով, եթե ոչ՝ ապա պատրաստվո՞ւմ եք նախաձեռնել։

2.ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո, անհետ կորած անձանց խնդրի հետ կապված որևէ առաջընթաց գրանցվե՞լ է։

3.Ձեր կարծիքով՝ այսուհետ Բաքվում գտնվող հայ գերիներն ու պատանդներն ինչպե՞ս պետք է կապ հաստատեն իրենց հարազատների հետ, հարցն արդյո՞ք քննարկել եք ՀՀ կառավարության ղեկավարի հետ»։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից, մասնավորապես, պատասխանել են.

«Տեղեկացնում ենք, որ անհայտ կորածների հարցերով աշխատանքները կազմակերպվում են փոխադարձ համագործակցության շրջանակներում։ Հրապարակման ենթակա տեղեկատվության ծավալն ու ձևաչափը կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ։ Արդյունքների առակայության դեպքում դրանց վերաբերյալ ներկայացվում են պաշտոնական հաղորդագրություններ։

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, նրանց անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Գործընթացում առաջաընթաց ապահովելու և ընտանիքի սպասումներին պատասխան տալու համար կիրառվում են առկա բոլոր հնարավորությունները։

Գնահատում ենք հասարակության հետ տեղեկատվությունը կիսելու կարևորությունը, սակայն տեղեկատվության տրամադրման հարցում, որոշ սահմանափակումները պայմանավորված են հարցի բացառիկ զգայունությամբ և բարդությամբ, բազմակողմանի շահերի հաշվառման անհրաժեշտության հետ, հավանաբար այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»։

Հիշեցենք, որ այս պահին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը գտնվում է Բաքվում՝ մասնակցելու այնտեղ ընթացող «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Ի դեպ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին օրերս 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կազմակերպության կենտրոնակայանի միջոցով փորձեր շարունակաբար կանեն՝ Ժնևի գրասենյակի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսությունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի կարողանան ընձեռել հնարավորություն որևէ այլ ձևաչափով շարունակելու աշխատանքը։ Սակայն այս պահին որևէ հստակություն չկա. փաստն արձանագրել են, որ կազմակերպությունը դուրս է եկել Ադրբեջանից, ներկայություն չունի։

Իսկ ՀՀ արտգործնախարարությունից էլ բոլորովին այլ պատասխան էին տվել լրատվամիջոցներից մեկի հարցմանը՝ ասելով, որ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ»։

Հիշեցնենք՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test