Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խաչեն գյուղի բարեկարգ տներն ու ենթակառուցվածքները Ալիևը պետության ներդրում է ներկայացրել վերաբնակեցրած ադրբեջանցիներին hetq.am hetq.am

time
Խաչեն գյուղի բարեկարգ տներն ու ենթակառուցվածքները Ալիևը պետության ներդրում է ներկայացրել վերաբնակեցրած ադրբեջանցիներին

Արցախից բռնի տեղահանված և Վեդի քաղաքում վերաբնակվող Անուշ Աբրահամյանը օրերս դիտել էր ադրբեջանական հեռուստալիքի տարածած տեսանյութը, որը նկարահանել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի իրենց տանը։ Տեսանյութում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորում է իր տանը վերաբնակեցրած ադրբեջանցի ընտանիքին՝ «հայրենի ղարաբաղյան հող վերադառնալու կապակցությամբ»։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծել է Ձեզ համար։ Ձեր տները գտնվում են գերազանց վիճակում, և առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, բնական գազ, էլեկտրաէներգիա և ջուր ․․․»,– հայտնել է Ի․ Ալիևը։

Անուշը հերթական ցնցումն է ապրել տեսածից․ գյուղի ամենաբարեկարգ տներից մեկն իրենցն էր՝ երկհարկանի, ընդարձակ։ Այժմ այնտեղ բնակվում է Խաչեն գյուղում վերաբնակեցրած ադրբեջանցի 9 ընտանիքներից մեկը, որին գյուղապետ են կարգել։ Բռնագաղթելուց մեկ տարի առաջ տունը կրկին վերանորոգել էին, պայմանները՝ բարելավվել, կենցաղային նոր տեխնիկա ու կահույք էին գնել։Նրա միակ որդին՝ Մարտունի 2–ում զինվորական ծառայության մեջ գտնվող Գուրգեն Աբրահամյանը, զոհվել է 2020թ․ սեպտեմբերի 27–ին՝ պատերազմն սկսվելու առաջին օրը։ Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարությունը 2022թ․–ին գումար է հատկացրել զոհվածների ընտանիքների տները վերանորոգելու համար։ «Մի կազմակերպություն եկավ և հիմնովին նորոգեց տունը, մենք էլ նոր կահույք ու տեխնիկա գնեցինք։ Ալիևը իմ տան մեջ քայլում է ու տան եղած–չեղածը ներկայացնում է որպես պետության ներդրում»,– պատմում է Անուշը՝ ցույց տալով տեսանյութում երևացող իր ննջարանը, խոհանոցի կահույքն ու տեխնիկան։

Անուշի տանը տիրացած ադրբեջանցին նախագահին շնորհակալություն է հայտնում «նախկին ներքին տեղահանվածների» անունից։ «Այժմ, ձեր ղեկավարությամբ, ձեր հոգատարության շնորհիվ, մենք բնակություն ենք հաստատել գեղեցիկ տներում, ապրելով այստեղ՝ գեղեցիկ բնության մեջ»,– ասում է ադրբեջանցին։

Անուշը պատմում է, որ Խաչեն գյուղում հիմնական ենթակառուցվածքներն ստեղծվել էին Արցախի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանի պաշտոնավարման շրջանում (1999-2007թթ.)։ 2001թ․–ին կառավարության ֆինանսավորումով 332 բնակիչ ունեցող գյուղում շահագործման է հանձնվել միջնակարգ դպրոցի նոր շենքը, որը Ղազարոս Աղայանի անունն էր կրում։ Այնուհետև դպրոցին կից մեծ մարզադահլիճ էին կառուցել, իսկ «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունը մարզական տեխնիկա էր նվիրել նորակառույց մարզադահլիճին։

SPFA բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը հետագայում ավելի է խորացել։ 2006թ․–ին SPFA–ի և ԱՀ կառավարության համատեղ ֆինանսավորումով երկհարկանի շենք է կառուցվել, որտեղ տեղակայվել են մշակույթի տունը, գրադարանը, բուժկետն ու մանկապարտեզը: Կազմակերպության միջոցներով 2007թ․–ին վերանորոգվել էր 1901թ․–ին կառուցված Սբ․ Ստեփանոս եկեղեցին, խմելու ջրի խողովակաշար և օրվա կարգավորիչ ջրամբար էին կառուցել։ Գյուղը գազիֆիկացված էր, փողոցների մի մասը՝ սալիկապատված:

SPFA կազմակերպությունը ստանձնել էր նաև գյուղի 20 անապահով ընտանիքների հովանավորությունը։ Մեծ թվով մեղվի փեթակներ էին նվիրել գյուղին, որից ստացված եկամուտը պետք է ծառայեցվեր դպրոցին։ Պնդուկի ու պոպոքի այգիներ էին հիմնել ու հանձնել Խաչենի համայնքապետարանի տնօրինությանը։ Առաջին բերքը պետք է հավաքեին 2023թ․–ին ու չհասցրին։

Անտառով ու արոտավայրերով հարուստ Խաչեն գյուղը լիարժեք հնարավորություն էր տալիս անասնապահությամբ զբաղվելու համար։ Անուշն ասում է, որ ամուսնու՝ Վարդան Աբրահամյանի հետ ֆերմերային տնտեսություն էին ստեղծել՝ 40 գլուխ կով, խոզեր, մեծ թվով մեղվափեթակներ ունեին։ 7 մլն դրամով տրակտոր էին գնել՝ իրենց ֆերմայի ու գյուղացիների խոտը դրանով էին դաշտից տեղափոխում։2023թ․ սեպտեմբերի 25–ին ընտանիքն այդ տրակտորով է դուրս եկել գյուղից։ «Առավոտյան ամբողջ գյուղն արդեն տեղահանվել էր, մնացել էինք մենք ու 6 հաշմանդամներ։ Տնից որդուս նկարներն էի վերցրել, մի գորգ ու մի ծածկոց։ Գորգը փռեցի լաֆետի մեջ, հաշմանդամներին նստեցրինք, ամուսինս տրակտորով մեզ հասցրեց Ստեփանակերտ»,– պատմում է Անուշը՝ ցույց տալով սենյակի հատակին փռված գորգը։

Դարպասի առջև կանգնած տրակտորն այլևս ոչինչի չի ծառայում։ «Տրակտորն ուզում են գնել, բայց ամուսինս չի ցանկանում վաճառել։ Ասում է՝ սրտիս ցավ ա տամ, թող արևի տակ կանգնած փչանա, ոչինչ»,– ասում է Անուշը։

Զավակին, տունը, հայրենիքը կորցրած Անուշը ամուսնու հետ հիմա բնակվում է Վեդի քաղաքում վարձակալած աղքատիկ, հնամաշ կահ–կարասիով տանը։ Նա հայացքը մի կետի հառած մտորում է վերջին հինգ տարիներին իր տեսած ու ապրած զարհուրելի դեպքերի, տարիների ընթացքում ընտանիքի դժվարությամբ ստեղծած տունն ու տնտեսությունն անսպասելիորեն կորցնելու, ներկայիս անհուսալի օրերի մասին։ Պատմում է, որ 2020թ․ հրադադարից հետո նորից էին արարում, չէին պատկերացնում, որ Արցախը կարող են հանձնել, բայց ․․․։

«Որդուս գերեզմանը մնաց Խաչենում։ Այսօր դա էլ չունեմ, իր ծննդյան օրը դպրոց եմ գնում, մահվան օրը՝ Եռաբլուր, զոհվածների գերեզմաններին ծաղիկներ եմ դնում։ Այդ օրերին ես լրիվ եմ գժվում»,– ասում է Անուշը։

Վարձակալած տան սենյակի մի անկյունում վերականգնել են 44–օրյա պատերազմում անմահացած որդու հուշապատը։ Անուշը վերհիշում է այդ սարասափելի օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27–ը, երբ առաջին զոհվածների անունների մեջ որդու անունն էլ կարդացին։ Ամուսինը մեքենա էր փնտրում, որ գնա որդու դիակի հետևից։ Ասում է՝ բոլորը հրաժարվում էին տանել, քանի որ հրետակոծությունը չէր դադարում։ Հարևան գյուղից մի տղայի հետ հասել են զորամաս, տեղեկացել, որ դիակներն արդեն տեղափոխել են Ստեփանակերտ։

Հասել են այն ժամանակ, երբ այստեղ պատրաստվում էին կոնտեյներներով Երևան տեղափոխել դիակները։ Բոլոր տեղերից հարյուրավոր զոհեր էին բերել, դիակներն անճանաչելի էին։ Որդու ոտքերին նշաններ կային, այդպես էին գտել ու տեղափոխել գյուղ՝ հուղարկավորելու։

Գյուղացիներին արդեն տեղահանել էին, մոտ 25 հոգի էին մնացել, այդքան էլ հարևան գյուղում էին, բոլորը եկել են հոգեհանգստին։ Սեպտեմբերի 29–ն էր, այդ օրը թշնամին հարձակվեց գյուղի վրա, որդու դիակը թողել են տանը ու թաքնվել նկուղներում։ Ասում է՝ հրետակոծությունը կեսօրին մոտ հանդարտվեց, մի քանի տղամարդկանցով տարան հուղարկավորեցին։ Երկու օր հետո ինքը դստեր հետ տեղափոխվել է Երևան։

«Սկեսուրս, ամուսինս ու իր եղբայրը մնացին տանը։ Ասացին, որ մեզ սպանեն էլ դուրս չենք գալու։ Հայաստանում, հարազատների մոտ ժամանակավորապես ապաստանած Անուշը հրադադար հայտարարվելուց անմիջապես հետո, 2020թ․ նոյեմբերի 14–ին, վերադառնում է Արցախ։ «Ուզում էի մի վայրկյան շուտ հասնեմ տուն։ Ավտոբուսները Քարվաճառով էին մարդկանց տանում Արցախ։ Ամբողջ Քարվաճառն այրվում էր, մարդիկ իրենց տներն այրել էին, սահմռկեցնող տեսարան էր»,– վերհիշում է Անուշը։

Յոթ ամիս առաջ ամուսնու սիրտը ստենտավորել են, նա համեմատաբար թեթե աշխատանք է գտել Երևանում։ Անուշը նույնպես առողջական խնդիրներ ունի, ասում է՝ դաշտում, արևի տակ չի կարողանում աշխատել։ Անցած տարի աշխատել է հարևան գյուղի պահածոների գործարանում, որը սեզոնային է։

Վեդու համայնքապետարանը Անուշին առաջարկել է չրագործության դասընթացների մասնակցել՝ ինքնազբաղվածություն ունենալու համար, մերժել է։ Նա իրատեսական չի համարում, որ կկարողանա չրագործությամբ գումար վաստակել, քանի որ համայնքում չրի ձեռնարկություններ կան։

«Ես միշտ ինձ ուժեղ մարդ եմ համարել, կարողանում եմ ինձ կառավարել, բայց այսքան կորուստներից, իմ տեսածից ու ապրածից հետո ուշքի չեմ գալիս։ Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ եմ ապրում այս չորս պատի մեջ։ Միգուցե որդուս գերեզմանն այնտեղ թողած չլինեի, միգուցե․․․»,–

«Հոգեբանի հետ չե՞ք զրուցում»,– զգուշորեն հուշում եմ նրան։

«Կուզեմ հոգեբանի հետ զրուցել, սա էն վիճակն է, որ կարող եմ խելագարվել, բայց չգիտեմ ուր գնամ, ո՞ւմ դիմեմ։ Բոլոր արցախցիներն էլ ունեն հոգեբանի կարիք»,– հավելում է Անուշը։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Գլխավոր նկարում՝ Անուշը մոր ու քույրերի հետ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test