ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պայքարում հիմնական դերակատարները երեքն են։ Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այդ ուժերն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական միավորումը և «Հայաստան» դաշինքը, որն ապագայում կարող է էապես փոխվել։ Այս ուժերը, ըստ Բադալյանի, «առաջին էշելոնն» են։
«Երկրորդ էշելոնում տեղ են գտնում այն ուժերը, որոնք մեծամասնություն չեն ունենալու, բայց ձգտում են ապահովել իրենց ներկայությունը խորհրդարանում։ Այստեղ ընդգրկված են արևմտամետ ուժեր, փոքր կուսակցություններ և անհատ առաջնորդների շուրջ ձևավորված կառույցներ։ Նրանց նպատակը հիմնականում խորհրդարանական ներկայացվածությունն է, ոչ թե իշխանության լիակատար վերահսկումը։ Երրորդ էշելոնը կազմված է այն ուժերից, որոնք մասնակցում են ընտրություններին մեկ նպատակով՝ խանգարել առաջին էշելոնի ուժերին»,– ասաց նա։
Բադալյանը, խոսելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի մասին, ասաց, որ եթե նախորդ ընտրությունների ժամանակ որոշակի անորոշություն կար թեկնածուների ցուցակների շուրջ, այս անգամ գործընթացը շատ ավելի հստակ է։ Ըստ նրա՝ սկզբում հրապարակվեց ՔՊ վարչության մի ցուցակ, սակայն երկրորդ հրապարակված տարբերակում արդեն փոփոխություններ կային՝ որոշ անուններ դուրս էին մնացել, մյուսները՝ ավելացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի վարչության ընտրության հաշվարկի վերջին փուլում
պարզվել էր, որ քվեաթերթիկներն ավելի շատ են, քան ընտրական գործընթացում ներգրավված ՔՊ-ականները։
«Այս փոփոխություններն անմիջապես կապվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի հետ։ Առաջին ցուցակում չկար քաղաքապետի անունը, սակայն ընդգրկված էին Սասուն Միքայելյանի և Հայկ Սարգսյանի անունները։ Երկրորդ ցուցակում նրանք արդեն բացակայում էին։ Դա որոշ չափով հասկանալի է՝ Միքայելյանն այլևս ազդեցիկ դերակատար չէ ՔՊ-ում, պատգամավորական մանդատ չունի, իսկ «Երկրապահ» միավորումը շարունակում է իր առանձին գործունեությունը։ Հավանական է, որ Միքայելյանը գիտակցում է՝ հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու», – շարունակեց Բադալյանը։
Բադալյանը պատահական չհամարեց ՔՊ-ի համաժողովից առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, որ ինքը եղել է Արցախում, Հրազդանում, ինչպես նաև մի շարք այլ կարևոր վայրերում։ Ավինյանի ուղերձը, ըստ Արմեն Բադալյանի, բավականին թափանցիկ էր՝ քաղաքապետը հստակ ակնարկեց, որ ինքը տիրապետում է զգայուն տեղեկությունների՝ կապված թե՛ Արցախի հանձնման գործընթացի, թե՛ Ջերմուկի իրադարձությունների, և թե՛ այլ կարևոր դրվագների հետ։
«Այս ուղերձը կարելի է համարել ուղղված կոնկրետ հասցեատիրոջ՝ քաղաքապետը փաստացի ցույց տվեց, որ իր տեղը վարչության կազմում ապահովելը ցանկալի է, հակառակ դեպքում հնարավոր է որոշ մանրամասներ դուրս գան հրապարակ։ Արդյունքում սա ազդեց ընտրական գործընթացի վրա։ Ինչպես նախկին, այնպես էլ այս համաժողովում արձանագրվեց տարբերություն էլեկտրոնային և թղթային քվեարկությունների արդյունքների միջև։ Լրագրողները նաև նկատեցին տարօրինակություն՝ քվեարկության մասնակիցների թիվը երբեմն ավելի շատ էր, քան նիստում փաստացի եղած պատվիրակների թիվը։ Սակայն այս անհամապատասխանությունները չարժանացան բաց քննարկման»,– մանրամասնեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը հորդորեց Հայաստանում հրապարակվող սոցիոլոգիական հարցումներին չհետևել, քանի որ հաճախ մանիպուլյատիվ են։ Բադալյանը նշեց, որ փակ, ճշգրիտ և վստահելի հարցումներ կարող են նշանակություն ունենալ, բայց դրանց հրապարակային տարբերակները հաճախ հուսալի չեն։
«Գիտեմ, որ Հայաստանում անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ դրսից, և դրանց համաձայն՝ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմն 1-ին տեղում է, 2-րդը՝ վարչապետի թիմն է, 3-րդը 3-րդ նախագահի թիմն է», – ընդգծեց նա։
Անդրադառնալով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծվող ուժին, որի մեկնարկը տրվել է «Մեր ձևով» շարժմամբ, ասաց, որ Սամվել Կարապետյանը ունի մեծ ներուժ՝ քաղաքական ուժ ձևավորելու համար։
«Սակայն մեծ ներուժը միշտ չի, որ համընկնում է իրական արդյունքի հետ, քանի որ նախորդ 30 տարիների փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ քաղաքական ուժեր, չնայած հսկայական հնարավորություններին, չեն կարողացել այդ ներուժը ճիշտ օգտագործել՝ մարդկային ամբիցիաների և կողմնակիցների սխալ խորհրդատվությունների պատճառով։ Եթե Կարապետյանի թիմը կարողանա արդյունավետ կառավարվել, ինչպես նաև ճիշտ ընտրել իր վստահելի թիմակիցներին, այն կարող է ունենալ լուրջ ներկայացվածություն ապագա Ազգային ժողովում՝ մոտ 20-25% ձայնով», – նշեց Բադալյանը։
Խոշոր գործարարների կողմից ստեղծվող կուսակցությունները, ըստ Բադալյանի, հաճախ սխալ են կառավարվում՝ սեփականատիրության մոդելն այստեղ անարդյունավետ է։ Բադալյանը նշեց, որ այս պարագայում խոսքը թե՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, թե՛ գործարար Սամվել Կարապետյանի մասին է։