Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տպավորություններ Երեւանի գրքի միջազգային փառատոնից. «Երազում եմ, որ Երեւանում էլ, Թբիլիսիի նման «ասեղ գցելու» տեղ չլինի» aravot.am aravot.am

time
Տպավորություններ Երեւանի գրքի միջազգային փառատոնից. «Երազում եմ, որ Երեւանում էլ, Թբիլիսիի նման «ասեղ գցելու» տեղ չլինի»

Aravot.am-ը տեղեկացրել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը կայացած Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի մասին, որի ծրագրում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ գրքերի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, պոեզիայի ընթերցումներ և մրցանակաբաշխություն: Մասնակցեցին անվանի գրողներ, գրաքննադատներ, հրատարակիչներ նաև արտերկրից՝ Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, Իրանից, Նիդերլանդներից:

Այս տարի փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4-ին՝ Կապան: Եվ քանի որ Երևանից հետո մարզերում կայանալիք այս միջոցառման միջև տևական դադար է, որոշեցինք նախկինում և վերջերս Երևանում տեղի ունեցած փառատոների մասին մասնագիտական դիտարկում, խորհուրդ, կարծիք լսել: Այս առիթով զրույցի հրավիրեցինք «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, որն արտասահմանյան նույնանուն փառատոների մասնակցության մեծ փորձ ունի:

Զրույցի սկզբում պարոն Մարտիրոսյանը նախ ողջունեց գրքի բնագավառում անցկացվող ցանկացած միջոցառում, կարևորելով նաև այս փառատոնը: «Մասնակցել եմ մոտ 60 նման փառատոների, տոնավաճառների… Մեծանուն գրող Ռեյ Բրեդբերին ասել է, որ գիրք այրելը մեծագույն հանցանք է, բայց գիրք չկարդալն ավելի մեծ հանցագործություն է: Մեր փառատոնին կցանկանամ, որ իր աշխատանքները սևեռի դեպի ընթերցողը: Ինչ է սա նշանակում. փառատոնի գովազդային բյուջեն պետք է էապես մեծանա, որպեսզի փառատոն այցելելը «հայերեն ասած»՝ լինի պրեստիժ», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր խնդրանքին՝ համեմատական անցկացնել որևէ այլ փառատոնի հետ, գրահրատարակիչը պատասխանեց. «Ասեղ գցելու տեղ չկա» մետաֆորին ականատես եմ եղել Վրաստանում՝ Գրքի միջազգային փառատոնում: Պատկերացրեք, մեր Հանրապետության հրապարակի չափ 2 մեծ դահլիճներ էին, որտեղ 10 մետրն անցնում էիր 15 րոպեում: Երազում եմ, որ Երևանում էլ այդպես լինի, նաև երազում եմ, որ երևանյան փառատոնի գլխավոր կազմակերպիչներն ու ֆինանսավորողներն ասածս իրենց աչքով տեսնեն»:

Հետաքրքրությանը, թե ո՞րն է մեր ու վրացական շուկայի հիմնական տարբերությունը, պարոն Մարտիրոսյանը հայտնեց հետևյալը. «Տեսեք, մեր գրքերի 90%-ը կոշտ կազմով են, իրենց գրքերի 90%-ը՝ փափուկ: Հայաստանցին շատ դեպքերում գիրքը գնում է նվիրելու կամ դարակում տեղադրելու համար: Այնինչ, Վրաստանում գնորդը գիրքը գնում է իր համար: Հաջորդ համեմատությունը, կամ տարբերությունը. Հայաստանում հիմնական ընթերցողը 35-45 տարեկան է, Վրաստանում՝ 13-25: Մեր փառատոնի բացերից մեկը նաև այն է, որ 1000, թե 10 գիրք ներկայացնող հրատարակչին հատկացվում է նույն չափի անվճար տաղավար: Օրինակ, մենք այս փառատոնին ներկայացրել էինք մեր գրքերի ընդամենը 20%-ը: Բա հայաստանցին գրքերի 80%-ը չտեսնի՞… Թե 1000 գիրք, թե 1 գիրք ներկայացրած հրատարակչին թույլ էին տալիս ունենալ մեկ միջոցառում: Հետո, կազմակերպված չէր մարզերից գրադարանավարների ներկայությունը տոնավաճառում: Գիտեք՝ գրադարանավարի թե՛ իմացությունը, թե՛ ստացած աշխատավարձը մեր լուսավորչության աքիլեսյան գորշապարն է: Բայց, ի տարբերություն հունական դիցաբանության, մենք ունենք 2-րդ գարշապարը՝ մեր դպրոցները թերացել են ընթերցանությունը աշակերտի հմտություն դարձնելու գործում: Հայաստանը պետք է ֆինանսավորի ծրագրեր, որ դասվարները լինեն ընթերցող, ծնողները լինեն ընթերցող, քանի որ փոքրերը ուղիղ ասած՝ կապկում, ընդօրինակում են մեր վարքագիծը: Եթե ես ընթերցող եմ, իմ բալիկը կարող է ընթերցել, եթե ընթերցող չեմ՝ չի ընթերցի: Բայց գլխավորը, ընթերցել իմանալն է՝ հմտության մակարդակի»:

Զրույցի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը մի կարևոր փաստ արձանագրեց, ինչին անդրադարձ երբեք չի եղել: Նա փաստեց, որ Հայաստանը տարիներ շարունակ թարգմանել է արտասահմանցի հեղինակների գրքեր, հետո էլ մանրանասնեց. «Մեր հրատարակչությունը հասել է նրան, որ, օրինակ, Պաուլու Կոելյոի գիրքը միաժամանակ է լույս տեսնում թե՛ Բրազիլիայում՝ պորտուգալերեն, թե՛ Բե՛լգիայում՝ ֆրանսերեն, թե Հայաստանում՝ հայերեն: Կամ ամերիկացի մեծ գրող Վիլյամ Սարոյանի 22 անտիպ պատմածքներն առաջին անգամ լույս են տեսել ոչ թե Անգլիայում, այլ Հայաստանում՝ հայերեն: Պատկերացրեք, աշխարհում այդ պատմվածքները կարող են կարդալ միայն հայերեն, այլ լեզվով հրատարակված չկա: Մի խոսքով, այս դեպքում՝ հայ ընթերցողն առաջնահերթություն ունեցավ»:

Մեր զրույցն Արմեն Մարտիրոսյանն ավարտեց հետևյալ շնորհակալական խոսքով. «Բոլորը շնորհակալություն են հայտնում քաղաքապետին, նախարարին, փոխնախարարին, փառատոնի կազմակերպիչներին: Ես, իհարկե, միանում եմ, բայց ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ հարկատուներին՝ այս միջոցառումը ֆինանսավորելու համար»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test