«Ես հստակ ասել եմ, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել եմ ԱԺ նախագահին։ Հիմա թյուրըմբռնում կա՝ ասում են՝ դուք ժամանակ եք խախտել։ Չկա այդպիսի բան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին։
Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունի եւ չի կարող ունենալ․ «Պարոն Սիմոնյանը ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը։ Եվ մեր հարաբերությունները, բացի ընկերականից, ունեն խիստ գործընկերային բնույթ։ Այնպես որ, այստեղ խարդավանքներ մի փորձեք ման գալ։ Հիմա խոսքը դրա մասին չէ, գլխավորն այն է, որ ունենք զեկույց, եւ շատ կարեւոր է այդ զեկույցը ներկայացնել լիագումար նիստին։ Եվ զեկույցը պետք է ունենա հետեւանք, այսինքն՝ դասեր քաղենք իրողությունից, որին 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք»,- հավելեց նա։
Հարցին, թե պատիժներ կլինե՞ն այդ զեկույցի հրապարակումից հետո, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Դուք հիմա անընդհատ կալանավորում եք ման գալիս, քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ, մենք տալիս ենք եզրակացություն, որը բավականին ծավալուն է։ Մեր եզրակացությունը 20-ից ավելի էջ է, իսկ զեկույցը շատ ավելի ծավալուն է, զեկույցի տակ դրված փաստացի նյութը հսկայական է, դրանք բոլորը գաղտնի, խիստ գաղտնի, հույժ գաղտնի պահաջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ են, որոնք կդրվեն համապատասխան գաղտնի բաժնում։ Ովքեր կունենան այդ հնարավորությունը, կծանոթանան։ Վերջին հաշվով հետեւանքներ հիմա էլ կան, ձեզ համար գաղտնիք չէ, որ քննչական մարմինները հազարավոր գործեր են քննում՝ սկսած Պաշտպանության բանակի հրամանատարից, վերջացրած տարբեր զորքերի պատասխանատուներ քննության եւ նախաքննական մարմնի տիրույթում են։ Հետեւանքները, եթե դուք պատկերացնում եք կալանավորումը կամ պաշտոնազրկումը, ամեն ինչ իր հերթին։ Գլխավորը, որ զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան՝ նա ամբողջացրել է այն ամենը, ինչ հնարավոր էր ամբողջացնել՝ պառլամենտական այս գործիքն ունենալով»,- նշեց նա։
Քոչարյանը նաեւ ասաց, որ բացահայտումներ կլինեն․ «Բա առանց դրա՞, այդ դեպքում մենք երեք տարի ինչո՞վ էինք զբաղված»։
Հարցին, թե ԱԱԾ տնօրենը Բաքու կատարած այցի ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Դուք գիտեք, որ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պարոն Աբազյանը, լինելով այդ հանձնաժողովի նախագահը, միշտ ունեցել է հանդիպումներ, իսկ վերջին երկու հանդիպումներն ուղղված են եղել գերիներին եւ անհետ կորածներին։ Եվ քանի որ տվյալ կառույցի ղեկավարը հիմա պարոն Անդրանիկ Սիմոնյանն է, ինքը շարունակելու է այդ աշխատանքը, որովհետեւ այդ աշխատանքն արդեն կառավարության որոշմամբ հաստատված է, եւ միջգերատեսչական հանձնաժողովը գործում է։ Ես կարծում եմ, որ դա այն խնդիրն է, որը անընդհատ մեզ ուղեկցելու է՝ մինչեւ վերջնական լուծումներ գտնելը»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test