«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- այս մասին Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է վավերացման ընթացակարգ եւ մտել է ուժի մեջ։ Հանձնաժողովների կողմից մինչ այս սահմանազատվել եւ սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կմ-ոց հատվածը։ Եվ հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի։ 2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն է՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «խաղաղության խաչմերուկ նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի եւ ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում։ Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային եւ տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը եւ Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ։ Այս տարվա օգոստոսի 8-ին այդ թվում՝ նաեւ հենց այս համատեքստում Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ եւ վկայությամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նաեւ նախաստորագրեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Սա պատմական քայլ է դեպի կայուն եւ երկարատեւ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ հռչակագիրը կարեւորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության ու կայունության։ Այս գործընթացում, նրա խոսքով, առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության եւ բարեկեցության «Թրամփի ուղի» հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում։ Նա ասաց, որ այս նախագիծը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է, այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանին։
«Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել խաղաղության եւ զարգացան պատմական իրականության»,- ասաց նա։
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին՝ հայտարարելով․ «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականութան առաջնահերթություններից մեկը։ «Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, եւ մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test