14 տարվա ազատազրկման դատապարտված Ռ.Պապոյանի պատժի սկիզբը հաշվել էին 2015 թ. մարտի 28-ից:
2023թ. մարտ 1-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատաարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Ռ. Խալաֆյանը միջնորդագիր էր ներկայացրել Երեւան քաղաքի քրեական դատարան` դատապարտյալին հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը քննարկելու համար:Նույն թվի մարտի 7-ի որոշմամբ ԴՀ պետի միջնորդագիրը բավարարվել էր, եւ Պապոյանն ազատվել էր ըստ էության պատժի չկրած 6 տարի 23 օրը կրելուց: Դատախազը բողոք էր բերել, վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 10-ին որոշում էր կայացրել բողոքը մերժելու, քրեական դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
Վերաքննիչ քրեական դատարանի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը: Այն այս տարվա օգոստոսի 21-ից վարույթում էր: Դատախազը հայտնել էր, որ Ռ.Պապոյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ առկա չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, իսկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը չի պարունակում որեւէ նշում այն մասին, որ դատապարտյալի խնամքը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում:
Դատախազը նշել էր, որ Պապոյանը ծանր հանցանք է կատարել, մեղադրվել է դավաճանության գործով` «ցուցաբերել է օգնություն ի վնաս ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային անձեռնմխլիության»: Հանձնաժողովի ներկայացուցիչն էլ այսպիսի միտք էր հայտնել. դատապարտյալը պետք է միայն դեղեր ստանա, քանի որ հիվանդություններն անբուժելի են:
Երեկ տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել է Երեան քաղաքի քրեական դատարանի եւ վերաքննիչ քրեական դատարանների որոշումները, վարույթը փոխանցել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Վճռաբեկ պալատը նշել է, որ նոր քննության ժամանակ, առաջին ատյանի դատարանը պետք է դիմի իրավասու միջգերատեսչական հանձնաժողովին` ՀՀ կառավարության N-825 Ն որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող եզրակացություն ստանալու նպատակով, որի արդյունքում պետք է վերջնական հետեւության հանգի ծանր հիվանդության հիմքով Ռ.Պապոյանին պատժից ազատելու հարցի վերաբերյալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 20.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test