Որպես նախկիններին ընդդիմադիր, համարել եմ, որ պետք է փակվի երրորդ հանրապետության էջը և բացվի չորրորդինը: Քանի որ տեղյակ եմ, որ այսօրվա ֆրանսիական հանրապետությունը 5-րդն է, այդ երևույթը ծանր չեմ տարել: Ի դեպ, եթե ֆրանսիացիներն ավելի գիտակից լինեն՝ կփակեն նաև 5-րդը՝ բացելով 6-րդը: Որովհետև 5-րդի ղեկավարությունը նախագահ դը Գոլից հետո աստիճանաբար դեգրադացվեց:
Ու եթե ամեն ինչ շարունակվի նույնությամբ, ապա վախենամ, որ Մակրոնին փոխարինողը լինի այն Ֆրանսիայի, որին այսօր ճանաչում ենք, վերջին նախագահը: Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, ու, անկեղծ ասած, դա ինձ քիչ է հետաքրքրում. մեր խնդիրները բավարար են մեզ: Շատ ավելի վատթար ձևով ու նաև շատ ավելի արագ դեգրադացվեց Հայաստանի երրորդ հանրապետության ղեկավարությունը: Դա, իհարկե, լավ չէ, բայց ինչ կարող ես անել՝ եթե այդպես դասավորվեց մեր նորագույն պատմությունը: Ու այն էլ, առաջին հերթին, մեր խելքից ու մեր նկարագրով պայմանավորված:
Իսկ Փաշինյան Նիկոլի վարչապետությունն էլ բնականորեն դեպի ավարտ է տանում այդ գործընթացը: Ասեմ, որ դրանում հարևանների հետ կոնֆլիկտայնության խնդիրը կատարեց միայն ածանցյալ դեր: Այնինչ, կոնֆլիկտայնության բացառման վրա է կառուցված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «իրական Հայաստանի» ողջ «գաղափարախոսությունը»:
Միջպետական հարաբերություններում կոնֆլիկտայնությունը նորություն չէ, ու այն հաղթահարվում է ուժերի հավասարակշռությամբ: Վերը նշված անձն ընտրել է ամենից ավելի անընդունելին՝ բացարձակ պարտվողականության քաղաքականությունը: Իսկ պարտվողականության վրա կառուցված պետությունը՝ էլ չասած իշխանությունը, բնականաբար, երկար կյանք ունենալ չի կարող:
Այն էլ բարեկամների հետ թշնամացած և թշնամական շրջապատում գտնվող Հայաստանի դեպքում: Իսկ Նիկոլն այնքան խելացի է, որ հասկանա, որ թուրանական ջուր խմելու համար անհրաժեշտ է ոչնչով չտարբերվել թյուրքախոս տարից: Դե էլ հենց կլինի վերջինիս «իրական Հայաստանի» ճակատագիրը:
Ինչևէ, Հայաստանի երրորդ հանրապետությունը, ձևավորվելով Ղարաբաղյան ազատագրական շարժման վրա, դրա հաղթանակից հետո բռնեց թշնամու հետ լեզու գտնելու ուղին: Այն թշնամու, ովքեր Սումգաիթում անպաշտպան կնոջ կրծքերը կտրելով՝ դրանով ֆուտբոլ էին խաղում: Պարզ չէ՞ր, որ հարստանալուց, ինչի հնարավորությունն ինքն ուներ (խոսքը նավթի ու գազի մասին է), ու ռազմականապես հզորանալուց հետո վերջինս անպայման փորձելու էր պարտությունը վերածել հաղթանակի: Ինչը և տեղի ունեցավ մեկ-երկու անհաջող փորձից հետո: Դա գիտակցում էր ՀՀ առաջին նախագահը, ով հայտարարում էր, որ ինչքան ժամանակ անցնի, այնքան թուլանալու են մեր դիրքերը: Սակայն փոխանակ դրա հետ մեկտեղ ասվեր, որ մենք ամեն ինչ անելու ենք ինքներս հզորանալու համար, ինչպես դա մեզանից կես դար առաջ արել էին հրեաները, թե՛ ինքը և թե իրեն հաջորդած նախագահներն արեցին անհրաժեշտ քայլերի ճիշտ հակառակը: Չփոխվեց ղեկավարության պարտվողական քաղաքականությունը և ոչ էլ ամեն ինչ արվեց հանուն վերջնական հաղթանակի՝ հույսը դնելով միջազգային հանրություն կոչված ամորֆ կազմավորման հովանավորությամբ բանակցությունների վրա: Հետաքրքի՞ր է, թե որտեղ է այսօր այն:
Զարմանալիորեն, իր վարչապետության սկզբում՝ թև առած իր «դուխով» լինելուց, վերջինս փորձեց վերջ տալ պարտվողականությանը. հիշենք 2020-ի փետրվարին Անվտանգության մյունխենյան կոնֆերանսին Իլհամի հետ բանավեճում Տիգրան Մեծին վկայակոչելը, նույն տարվա հուլիսին Տավուշի դիրքային մարտերի բոլոր մասնակիցներին շքանշաններով պարգևատրելը, ադրբեջանցիներին այնպիսի տեղեկատվություն տրամադրելը, որ այդ երկրում հեղափոխություն կսկսվի: Բայց դրա հետ միաժամանակ չենք կարող չհիշել 2018-ին Դուշանբեում Իլհամի հետ վերելակային զրույցը ու դրանից հետո Վայոց Ձորի միջսահմանային որոշակի տարածքի կորուստը: Եվ վերջինիս հետ անընդհատ հաղորդակցությունների փոխանակումը, ինչի սկիզբը դրվել էր ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի միջոցով: Բայց դե 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտությունից հետո ամեն ինչ ընկավ իր տեղն ու ՀՀ իշխանությունն ամբողջովին տրվեց պարտվողական քաղաքականությանը: Որով էլ Հայաստանը տարվում է դեպի թուրքական վիլայեթացման՝ կրկին հիշենք թուրանական ջուր խմելուն դեմ չլինելու վերաբերյալ Նիկոլի հայտարարությունը:
Այսօր սեպտեմբերի 21-ն է, բայց նիկոլական «ինքնիշխանության» պայմաններում դժվարանում եմ հասկանալ, թե այսօր ինչն ենք տոնում: Չէ, տեղյակ եմ, որ 34 տարի առաջ հանրաքվե է եղել, որում ժողովուրդն «Այո» է ասել անկախությանը: «Այո» ասողներից մեկն էլ ես եմ եղել՝ որպես շարքային քաղաքացի, և թե լուսաբանել եմ այն որպես լրագրող: Բայց «Այո» ասելուց 34 տարի անց Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը զբաղված է թշնամու պահանջները բավարարելով: Իսկ այդպիսի անկախություն չի կարող լինել. հնարավոր չէ թշնամու պահանջով տարածքներ հանձնել նրան, Արարատ սարը «չեղարկել», Ցեղասպանությունը մոռացության մատնել, բանակը կազմաքանդել և այլն, ու դա անվանել անկախություն:
Համենայն դեպս, խորհրդային հայրենասիրական մոդելով, ըստ «իրական Հայաստանի մեծարգո վարչապետի», դաստիարակված լինելով, անկախությունը ես պատկերացնում եմ Արարատ սարով, Ցեղասպանության հիշատակումով, Արցախի առկայությամբ և թշնամու հետ այնպիսի խաղաղության հաստատմամբ, որի դեպքում ինքը չի փորձում նույնիսկ մտածել իմ երկրի ղեկավարին ստորացնելու մասին: Քանի որ հասկանում է, որ դրան կհետևի համարժեք, ու մի բան էլ ավելի, պատասխանը: Այդպես եմ ես պատկերացնում իրական Անկախությունը: Ու դա կլինի հետնիկոլական Չորրորդ Հանրապետության Անկախությունը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test