Արդեն երկրորդ տարին է՝ պեղվում է այն վայրը, որտեղից, կարելի է ասել, ծնունդ է առել Կապան քաղաքը։ Կապանի միջնաբերդը երկար տարիներ թաքնված էր Սյունյաց սաղարթախիտ անտառներում, անգամ թռչնի թռիչքի բարձրությունից տեսանելի չէր, մինչև որ 2020-2021թթ․ հնագետները Ողջի գետի աջ ափին պարսպապատեր նկատեցին։ Քանի որ դեռ 100 տարի առաջ պատմաբան, աշխարհագրագետ Թադևոս (Թաթիկ) Հակոբյանն իր ատենախոսության մեջ Կապանի միջնաբերդը հենց այդ հատվածում էր տեղայնացրել, հասկացան՝ գտել են այն։
«Պահպանված էին 3-4 և ավելի մետր բարձրությամբ պատեր՝ ամուր կրաշաղախով, կոկիկ շարվածքով, ինչն էլ ոչ միայն զարգացած միջնադարի, այլև իշխանական մոտեցման մասին է խոսում»,-
Sputnik Արմենիային պատմեց արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը։
Այդպես 2024 թվականից Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝ Գագիկ Սարգսյան) սկսեց պեղումներ իրականացնել։ Մկրտչյանի խոսքով` տեղանքը բարդ էր, խիտ անտառը ծածկել էր հարյուրամյակների կառույցները։ Անտառտնտեսության աշխատակիցների հետ նախ բացեցին պեղավայրն ու սկսեցին աշխատանքները։
«Դրանից հետո մենք տեսանք, որ գործ ունենք միջնաբերդում կառուցված մոնումենտալ շինության հետ, որը պատահական վայրում չէր կառուցվել՝ գեղեցիկ գետահովիտ` պաշտպանված Սյունյաց ժայռոտ լեռներով, Ողջի գետի կիրճով։ Միջնաբերդն անընդհատ օգտագործվել է, անգամ երբ կորցրել է իր հիմնական նշանակությունը։ Ենթադրում ենք, որ ոչ միայն զարգացած միջնադարի, այլև Սյունյաց թագավորության շրջանի աշխարհիկ կառույց է (թվագրվում է 10-11-րդ դարերով)։ Եթե ի սկզբանե այն ստեղծվել է Սյունյաց իշխանների համար, ապա 19-20-րդ դարերում այն վերածվել է ախոռի, օգտագործվել տարբեր նշանակություններով մոտակա գյուղում ապրող մարդկանց կողմից»,- պատմեց նա։
Ըստ պատմական տեղեկությունների՝ կյանքն այստեղ եռացել է, նույնիսկ պարսիկ անանուն մի աշխարհագիր Կապանը նկարագրում է որպես մեծ քաղաք և բամբակի արտադրության կենտրոն։
Այս տարվա պեղումները ևս մի բացահայտում տվեցին․ պարզվեց՝ այդ մոնումենտալ շինությունը կառուցվել է վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցու վրա (ենթադրաբար՝ 5-6-րդ դդ)։ Հնագետների խոսքով՝ սա նշանակում է, որ այս միջնաբերդը 5-րդ դարում արդեն նշանավոր էր և Սյունյաց իշխանների ուշադրության կենտրոնում էր, թեպետ դեռ մայրաքաղաք և նստավայր չէր (հիմնական նստավայրը Սիսականում էր)։ Մկրտչյանն ընդգծեց` սրբատաշ տրավերտինով կառուցված եռանավ շքեղ բազիլիկան բացառիկ է Հարավային Սյունիքի համար, քանի որ վաղ միջնադարյան նման միակ օրինակը 5-րդ դարի Ծիծեռնավանքում է (Արցախ, Քաշաթաղ)։
«Դրանից բացի մենք չունենք վաղ միջնադարյան կառույց Հարավային Սյունիքում, համենայն դեպս, դեռ չենք գտել, ուստի սա շատ նշանավոր գյուտ է»,- շեշտեց հնագետը։
Նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ եկեղեցին օգտագործվել է նաև զարգացած միջնադարում, երբ Կապանը Սյունյաց թագավորության մայրաքաղաք է դառնում։ Այդ ժամանակաշրջանում հյուսիսից նաև մի նոր կառույց է կցվում, որը, հնագետների ենթադրությամբ, կարող էր արքայական ընդունելությունների սրահ լինել։
Պեղումներով նաև 16-17-րդ դարի ձիթհան է բացվել։ Թեպետ այստեղ հնագետները 1000-ամյակից ավելի ընդգրկող ժամանակաշրջանի հետ գործ ունեն, սակայն գտածոները բավականին աղքատիկ են։ Մկրտչյանը բացատրեց՝ տարածքը մշտապես օգտագործվել է, ուստի նախորդ ժամանակաշրջանից մնացածը հաջորդ եկողները վերաօգտագործել են, մի մասը՝ ոչնչացրել, վնասել և այլն։
«Ամեն անգամ շինարարություն անելիս նրանք խեղաթյուրել են, ավերել, քերել են նախորդ շերտերը և մեզ զրկել այդ հնագիտական շերտերից։ Օրինակ` վաղ միջնադարի հնագիտական նյութից մենք գրեթե զրկված ենք»,- ասաց նա։
Բավականին մեծ վնաս է հասցրել հնագիտական շերտին նաև խորհրդային տարիներին տարածքի՝ տնտեսական նշանակությամբ օգտագործումը։ Այնուամենայնիվ, գտնվել է որոշակի քանակի խեցեղեն, այդ թվում՝ ջնարակած, ինչը նշանակում է՝ դրանք հասարակ մարդկանց օգտագործման համար չէին։
Այս պեղաշրջանն արդեն ավարտվել է, պեղումները կշարունակվեն հաջորդ տարի։ Հնագետները վստահ են՝ Կապանի միջնաբերդը դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ լույս սփռելով Սյունյաց թագավորության կարևորագույն այս կենտրոնի պատմության վրա։