Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ապաշրջափակման պատրանքները. Ներմուծվող ապրանքների էժանացումով են գայթակղում, բայց չեն ասում, թե ինչ վտանգներ են թաքնված դրա տակ 168.am 168.am

time
Ապաշրջափակման պատրանքները. Ներմուծվող ապրանքների էժանացումով են գայթակղում, բայց չեն ասում, թե ինչ վտանգներ են թաքնված դրա տակ

Կառավարությունը մինչ օրս հստակ գնահատական չունի, թե ճանապարհների ապաշրջափակումն ինչպես կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա։ Էկոնոմիկայի նախարարը խոստովանում է, որ նոր են հետազոտություն պատվիրել՝ դա հասկանալու համար։ Մինչդեռ՝ արդեն ամիսներ շարունակ ապաշրջափակումը ներկայացնում են՝ որպես «պայծառ ապագայի» բանալի։ Փորձում են հասարակությանը համոզել, որ դա կբերի տնտեսական առաջընթացի։ Սակայն նման հայտարարությունները հիմնված չեն հաշվարկների ու փաստարկների վրա։ Փոխարենը՝ ունեն բացառապես քաղաքական քարոզչության նպատակ։

Ի տարբերություն տնտեսական աճի վրա ապաշրջափական ազդեցության գնահատման, էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ դրա արդյունքում կէժանանան ներմուծվող ապրանքները։

«Ունենք հետազոտություն, որ Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն: Ապրանքներ կան, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել, և դրանք Հայաստանում բավականին թանկ են: Եվ թանկ են այն պատճառով, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք»,- ասում է երկրի տնտեսական ոլորտը համակարգող նախարարը, որի խնդիրը ոչ թե ներմուծումների համար լայն դաշտ բացելն է, այլ ներքին տնտեսության զարգացումներով այդ դաշտը նեղացնելը։

Ապաշրջափակման արդյունքում ներմուծվող ապրանքների էժանացումն անշուշտ գայթակղիչ է հնչում սպառողների համար, բայց դա վտանգում է երկրի տնտեսությունը։

Հայաստանն առանց այդ էլ ներմուծման վրա նստած երկիր է. Բազմաթիվ ապրանքների պահանջարկը բավարարվում է ներմուծումների հաշվին։ Այս պայմաններում ներմուծման համար նոր խթանների ստեղծումը ոչ թե կզարգացնի, այլ վերջնականապես կկործանի մեր սեփական արտադրական կարողությունները։ Եթե ապաշրջափակման արդյունքում Հայաստանի շուկան ողողվի էժան ներմուծված ապրանքներով, ապա դա լինելու է առաջին հերթին տեղական արտադրողների հաշվին, որոնք աստիճանաբար դուրս կմղվեն։

Խնդիրը բոլորովին էլ միայն տնտեսական չէ. Այս ամենը տանում է Հայաստանի ավելի խորը կախվածության՝ ներմուծումից ու ներմուծող երկրներից։ Այնինչ՝ ներմուծման կախվածության ավելացումը բերում է նաև անվտանգային ռիսկերի մեծացման։ Առավել ևս՝ հաշվի առնելով մեր հակառակորդ հարևանների իրական նկրտումները Հայաստանի նկատմամբ։

Ակնհայտ է, որ ապաշրջափակման այս ամբողջ գործընթացի մեջ գործ ունենք ոչ թե հաշվարկված ռազմավարության, այլ կարճաժամկետ քաղաքական շահերի հետ։ Հասարակությանը մատուցվում է էժան ապրանքների պատրանք, որը պետք է թուլացնի սոցիալական լարվածությունը, սակայն դրա գինը վճարվելու է երկարաժամկետ հեռանկարում։ Այդ գինը լինելու է գործազրկության աճը, գյուղատնտեսության ամայացումը, արդյունաբերության անկումն ու տնտեսական կախվածության խորացումը։

Ապաշրջափակումն այսպիսի պայմաններում երբեք չի դառնա զարգացման գործիք։ Այն կդառնա հերթական հարվածը Հայաստանի տնտեսության արտադրական հիմքերին։

Իշխանությունները սովորություն ունեն ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ փաթեթավորմամբ։ Այսօր այդ փաթեթավորման տակ թաքնված է երկրի տնտեսության թուլացումը։

Երբ կառավարությունը խոսում է ապաշրջափակման մասին, առաջին հերթին պետք է ներկայացնի, թե այդ պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել տեղական արտադրողին և ի՞նչ քայլեր է ձեռնարկելու արտահանման խթանման համար։ Առանց այս հարցերի պատասխաններն ունենալու՝ անիմաստ է խոսել ապաշրջափակման օգուտների մասին։ Ընդհակառակը՝ դրանով երկարաժամկետ հեռանկարում լուրջ վտանգներ են ստեղծում ներքին տնտեսության համար։

Հայաստանին այսօր պետք է ոչ թե մեծացնել կախվածությունը ներմուծումից, այլ խթանել տեղական արտադրությունը։ Առանց այդ էլ՝ վերջին տարիներին իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունը եղել է ի վնաս տնտեսության։ Դրամի արժևորումը հարվածել է տնտեսության արտահանելի հատվածին, փոխարենը՝ նպաստելով ներմուծումների ավելացմանը։ Արդյունքում՝ հիմա տեղական արտադրողը կանգնած է կրկնակի հարվածի առաջ։ Մի կողմից՝ ուժեղ դրամը խլում է տեղական արտադրանքի մրցունակությունը դրսի շուկաներում, մյուս կողմից՝ ապաշրջափակված ճանապարհներով ներմուծվող էժան ապրանքներն ավելի մրցունակ են դառնալու ներսում։

Տեսնում ենք, թե վերջին տարիներին ինչ է կատարվում թուրքական ապրանքների ներմուծման պարագայում։ Դրանք տարեցտարի ավելանում են։ Առավել ևս՝ մեծ տեմպերով կավելանան՝ սահմանի բացումից հետո։

Այնպիսի պրիմիտիվ մոտեցումներով, որով առաջնորդվում են իշխանությունները, երկիրը տանում են ոչ թե տնտեսական զարգացման, այլ արտադրական կարողությունների ոչնչացման։ Ապաշրջափակումը, որը ներկայացվում է՝ որպես տնտեսական խնդիրների լուծում, իրականում Հայաստանը դարձնում է ավելի խոցելի ու ավելի կախված ներմուծումից, քան եղել է երբևէ։ Ներմուծվող ապրանքների գների իջեցումը ժամանակավոր հաճույք է, որը երկարաժամկետ կտրվածքով կբերի տնտեսական անկման։

Կրկին իրենց կարճաժամկետ քաղաքական շահերը վեր են դասում երկարաժամկետ ազգային շահերից։ Հասարակությանը մոլորեցնում են ներմուծվող ապրանքների էժանացման խոստումներով, բայց չեն ասում, թե ինչ է թաքնված դրա տակ։

Ոչ մեկը չի ասում, թե տնտեսությունը չպետք է ապաշրջափակել։ Բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե պետությունն ունի հստակ ծրագիր՝ ինչպես պաշտպանել տեղական արտադրողներին, ինչպես խթանել արտահանումը, ինչպես ճանապարհների բացումը վերածել տնտեսական առաջընթացի և ոչ թե՝ ներմուծման աճի։ Հայաստանին այսօր պետք է ոչ թե ներմուծման խրախուսում, այլ տեղական արտադրության ամրապնդում։

Ապաշրջափակումը կարող է օգուտներ բերել ու դառնալ տնտեսության զարգացման գործիք միայն այն դեպքում, երբ այն ծառայում է տեղական արտադրողին։ Իսկ այն, ինչ տեսնում ենք այսօր, հերթական անգամ ապացուցում է, որ իշխանությունների նպատակը ոչ թե տնտեսությունը զարգացնել-հզորացնելն է, այլ սեփական վերարատադրության համար նախադրյալներ ստեղծելը, որքան էլ դրանք լինեն ի վնաս երկրի ու տնտեսության։ Ապաշրջափակումն այս պայմաններում Հայաստանին չի բերի տնտեսական առաջընթաց։ Փոխարենը՝ կբերի ներմուծման աճ, ներմուծումից կախվածության խորացում ու բազմաթիվ ռիսկեր՝ տեղական արտադրության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test