Տևական լռությունից հետո դռները կրկին բացել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը: Այն, որ այս պաստառներին գրված են սխալ բարբառային մեջբերումներ, հավանաբար վրիպակներ են, բայց որ կինոթատրոնը կրկին բաց է, ճշմարտություն է:
Ներսում էլի կինո էր. այս անգամ՝ քաղաքական
2024-ի մարտին պաշտոնապես հայտարարվեց, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը փակվում է վերանորոգման նպատակով։ Դռները փակ մնացին մինչև ապրիլ: Ներսում էլի կինո էր, բայց այս անգամ քաղաքական:
Կինոթատրոնը կարճ ժամանակահատված ծառայեց որպես Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ, հետո ընտրություններն ավարտվեցին, արդյունքներն ամփոփվեցին, «Հոկտեմբեր»-ը կրկին ամփոփվեց ինքն իր մեջ:
Դեռ 2024-ին հայտնի ու պարզ էր, որ Գյումրու հայտնի «Հոկտեմբեր» կինոթատրոնի հետ կապված անլուծելի խնդիր ունեն սեփականատերը, Գյումրու քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը: Կա՛մ ջրերը մի առվով չեն գնում, կա՛մ մտքերն ընդհանուր հայտարարի չեն գալիս: 2022-ին կինոթատրոնը ձեռք բերած շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն ու ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ՖԱ նախագահ, գործարար Արման Սահակյանը անմիջապես ձեռնամուխ են եղել պատմական շենքի արդիականացմանն ու վերանորոգմանը։
Նույն տարում վերակառուցման նախագիծ են պատվիրել հայկական ճանաչված ճարտարապետական ընկերություններից մեկին, ներկայացրել ԿԳՄՍՆ։ Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է մեկի փոխարեն 2 դահլիճ ունենալ, հասարակական սննդի կետեր, սրճարաններ։ Նախասրահը չի փոխվելու։ Տանիքում ավելացնելու են սրճարան՝ ապակեպատ մասնաբաժնով, որը կունենա տեսարան դեպի Վարդանանց հրապարակ։
Նախագիծը երկար քննարկումների արդյունքում ստացել է ԿԳՄՍՆ գիտամեթոդական հանձնաժողովի դրական եզրակացությունը, և ամբողջ փաթեթը 2023 թվականի մայիս-հունիսին ներկայացվել Գյումրու համայնքապետարան՝ շինթույլտվություն ստանալու նպատակով։
Թույլ տալ թե թույլ չտալ. սա է խնդիրը
Քաղաքապետարանը արդեն 2-րդ տարին է՝ մտածում է՝ թույլ տա՞, թե՞ թույլ չտա: Քաղաքապետները գալիս գնում են, հարցի լուծման սպասումը հավակնում է դառնալ նույնքան պատմական, որքան շենքն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանը վստահեցնում է՝ իրենց նպատակը բարի է, ամեն ինչ արվելու է՝ ավելի հարմարավետ, ժամանակակից վայր ունենալու, Գյումրիում կինո հաճախելու ավանդույթը պահելու, զարգացնելու համար։
Ինչպես փակվեց, այնպես էլ բացվեց. «Հոկտեմբեր» կինոթատրոնում գրեթե բան չի փոխվել
2025-ի սեպտեմբերից կինոթատրոնը կրկին բացեց դռները: Արդեն 10 և ավելի օր այն վերադարձել է բուն նպատակին: Շուրջ 2 տարի փակ մնալուց հետո արտաքնապես ներկայացել է գրեթե այնպես, ինչպես փակվել էր: Որոշակի հատվածներ ներկվել են, թարմացվել, էլեկտրոնային էկրան է ավելացել, որպեսզի այցելուն իր տեղը դահլիճում այդ կերպ ընտրելու, գնելու հնարավորություն ունենա, տարբերակ կա նաև օնլայն գնման: Կինոցուցադրման սարքն է նորացվել: Տոմսերի գները հիմնականում չեն փոխվել, դրանցով այժմ այլ ընկերություն է զբաղվում:
Ներսես Մարգարյանն ասում է՝ ձայնային համակարգն է վերանորոգվել, թարմացվել, հիմնանորոգման քայլեր դեռ չեն ձեռնարկում:
«Քանի որ մտածում էինք թույլտվությունը կստացվի, և աշխատանքն արագ կսկսեինք, փակեցինք, բայց թույլտվությունը չեղավ, ու փակ մնաց: Ժողովուրդն արդեն երկար էր սպասում, անընդհատ ասում էին՝ կինոն չկա, կինոն փակվեց, մենք էլ մտածեցինք բացել, շարունակել աշխատանքը, մինչև կապիտալ նորոգման համար փաստաթղթերը պատրաստ լինեն»,- ասում է Մարգարյանը:
Այստեղ պետք է նկատել, որ հատկապես վերջին շրջանում Գյումրիում կինոցուցադրություններ այլ վայրում էին արվում, կինոն քայլ-քայլ կենտրոնից հեռանում էր այլ տարածք: Գուցե սա էլ է եղել ազդակ, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերադառնա իր բուն գործին՝ անկախ առկա խնդրից:
Կինոթատրոնը կաշխատի այնքան ժամանակ, մինչև Գյումրու քաղաքապետարանից մի լուր ստացվի: Մարգարյանն ասում է՝ այն, ինչ նախկինում նախատեսել, ԿԳՄՍՆ-ի հետ հաստատել, քաղաքապետարան են ներկայացրել 2023-ին, մնում է ուժի մեջ: Իրենց ոչ մի առաջարկից չեն հրաժարվել, շարունակում են սպասել Գյումրու քաղաքապետարանի դրական որոշմանը:
«Շինարարական որոշ փոքր հարցեր կային, որոնք երկկողմ բանակցությունների արդյունքներում պետք է կարգավորվեին․ դրանք հիմա էլ ընթացքի մեջ են: Ընթացքում պարզ կլինի ամեն ինչ: Մեր բոլոր նախկին առաջարկներն ուժի մեջ են․ Գյումրու պատմական կենտրոնում ունենալու ենք միջազգային մակարդակի հրաշք կինոթատրոն: Չգիտենք՝ ինչումն էր էսքան ձգձգումը, բայց հույս ունենք, որ լավ է լինելու»,- ընդգծում է նա:
Աննպատակ փակ մնացած կինոթատրոնը այցելու չի՞ կորցրել
Պատասխանատուն վստահ է՝ չի կորցրել: Ասում է՝ ճիշտ է, քաղաքում այլ վայրում էլ է կինոցուցադրություն կազմակերպվում, բայց իրենցը ուրիշ է. ««Հոկտեմբեր» կինոթատրոնը միշտ իր ավանդույթն ունեցել է․ մարդիկ, որոնք միշտ «Կինոհոկտեմբեր» են եկել, էլ ուրիշ տեղ չեն գնա: «Կինոհոկտեմբեր»-ը ուրիշ խորհուրդ ունի, սիմվոլ է, մենք մեր այցելուն միշտ ունենք, ավանդույթն է հենց մեր ուժը»:
Չնայած արդեն դռները բաց են, բայց առաջիկայում պաշտոնական բացում կլինի: Կներկայանան ու, հավանաբար, գյումրեցուն կասեն՝ ուր էին, ինչ էին անում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test