Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետք չէ, մի՛ արեք․ ինչո՞ւ են մաշվում հոդերը, որքանո՞վ են վնասակար տավարի միսն ու խաշլամայի ջուրը 168.am 168.am

time

Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներից են, որոնք հաճախ նաև ուղեկցվում են մկանային կարկամությամբ, մաշկի տեղային կարմրությամբ և տաքությամբ։ Ե՞րբ և ինչո՞ւ է զարգանում հոդացավ, որո՞նք են բուժման եղանակները։ Այս մասին զրուցել ենք ռևմատոլոգ Վիրաբ Սևոյանի հետ։

– Ի՞նչ է հոդացավը, այն առանձին հիվանդությո՞ւն է, թե՞ որևէ հիվանդության արտահայտման միջոց։

– Հոդաբորբը՝ արթրիտ ասվածը, կարող է արտահայտվել հոդացավերով, տաքությամբ, ինչպես տեղային, այնպես էլ՝ ընդհանուր ջերմության բարձրացմամբ։ Կարող են լինել ռևմատիկ, վիրուսներից հետո առաջացող հոդաբորբեր։

Հոդացավը հոդաբորբի արտահայտման ձևերից մեկն է։ Կարող է հոդացավ լինել, բայց հոդաբորբ՝ ոչ։ Հնարավոր է՝ հոդացավ լինի, արթրիտ չլինի։ Կամ արթրիտ լինի, հոդացավը թույլ արտահայտված լինի։

Ո՞ր օրգանների հիվանդությունները կարող են հանգեցնել հոդացավի։

– Բոլոր օրգան համակարգերը կապ ունեն հոդերի հետ։ Պսորիազից սկսած՝ կարող է հոդաբորբ առաջանալ։ Օրինակ՝ երիկամի, լյարդի հետ կապված խնդիրները կարող են հոդաբորբ առաջացնել։

Դեպք է եղել, որ եկել են մաշկի ցանավորմամբ ու թեթև հոդացավով։ Հետազոտել եմ, ու թոքում խնդիր է հայտնաբերվել։ Նույն սարկոիդոզը կարող է արտահայտվել հոդաբորբով և մաշկի ցանով։ Մարդիկ էլ զարմացել էին, թե՝ եկել ենք հոդացավով՝ թոք են նկարում։

Ամեն ինչ ստուգում ենք, քանի որ մեր դեղորայքը կողմնակի էֆեկտներ շատ ունի, ազդում է օրգանների վրա՝ լյարդ, սիրտ․․։ Պետք է ամեն ինչից տեղյակ լինենք, որ մեր բուժումը չվնասի։

Հիվանդությունը կարող է սկսվել ցանկացած տարիքում։

Հոդացավերը կարո՞ղ են հանգեցնել ոսկրերի քայքայման։

– Ունենք նման պաթոլոգիաներ, որոնց դեպքում հոդը կազմող ոսկորները կարող են քայքայվել, դեֆորմացվել, առաջանան կիստաներ։ Նման քայքայումները կարող են հանգեցնել անգամ հաշմանդամության։

– Ինչո՞ւ են հատկապես մեծահասակների դեպքում ասում՝ հոդերը մաշվում են։

– Ամեն ինչ հավերժ չէ։ Հոդերն էլ ամբողջ կյանքում ինչպես կարողանում՝ չարչարում ենք։ Երիտասարդ տարիքում միկրովնասվածքներ ենք ունենում, թեթև ցավեր, ասում ենք՝ լավ, կանցնի, անցնում է, բայց, օրինակ, աճառի վրա այդ փոքր վնասվածքն իր հետքը թողնում է։ Աճառը չվերականգնվող հյուսվածք է, ու ժամանակի ընթացքում այդ մանր վնասվածքն ավելի է խորանում, և 45 տարեկանից հետո, երբ կանանց մոտ հորմոնալ ֆոնը փոփոխվում է, սկսում է այդ «քայքայումն» արագացնել։ Դրա համար մեծ տարիքում է արտահայտվում։ Ո՞նց է մարդը ծերանում, այնպես էլ մեր հոդերն են ծերանում, կոպիտ ասած՝ մաշվում։

– Այսինքն, մարդ չկա, որ չունենա հոդացավ։

– Համաձայն վիճակագրության՝ 70 տարեկանից բարձր 10 հոգուց 8-ն արտերկրում հոդացավի խնդրով է դիմում։ Հայաստանում դիմելիությունը համեմատաբար քիչ է, քանի որ փորձում են «բնական» ձևերով բուժվել, սպասել, որ անցնի։

Նաև ֆինանսական վիճակը թույլ չի տալիս դիմել բժշկի, քանի որ հետազոտությունները շատ են։ Վերջին տարիներին դիմելիություն նկատվում է, մարդիկ ավելի շատ են հետևում իրենց առողջությանը։

– Հոդաբորբն ունի՞ տեսակներ, և որո՞նք են ամենատարածվածները։

– Ռևմատոլոգիայում ամենատարածվածն աճառների մաշվածությունն է, որը հետագայում սկսում է բորբոքել հոդը, ժողովրդի ասած՝ ջուր է հավաքում ծնկում։ Տարածված է ռևմատոիդ արթրիտը, ոչ թարախային արթրիտը։

– Թվարկված խնդիրները բուժվո՞ւմ են, թե՞ դեղորայքով մեղմացնում են վիճակը։

– Հիվանդությունը քրոնիկ է և համավում է անբուժելի։ Ուղղակի ազդում ենք հիվանդության ընթացքի, կյանքի որակի վրա, որ ավելի չվատանա, հաշմանդամության չբերի, բայց լիարժեք բուժվելու դեպքերը քիչ են։ Շաքարային դիաբետի դեպքում միշտ դեղեր են օգտագործում, մեր հիվանդների մեծ մասն էլ պետք է օգտագործի, քանի որ քրոնիկ հիվանդություն է։

Հոդացավն ու «աղերի կուտակումը» հաճախ նմանեցնում են, դա նո՞ւյնն է։

– Ժողովրդի ասած «աղերի կուտակումը» արթրոզն է, կռճիկները որ մաշվում են։ Օրինակ, ձեռքի մանր հոդերում երբ կռճիկը մաշվում է, կոպիտ ասած՝ հոդից առանձնանում է, դուրս է գալիս հոդերի անկյուններ։ Այն սովորական աճառային հյուսվածքն է՝ ժողովրդի ասած կռճիկը, որը դուրս է գալիս։ Եթե ուշադիր լինենք՝ տատիկների մոտ հաճախ հանդիպում է։ Ավելի շատ իգական գենով է փոխանցվում, տղամարդկանց մոտ շատ քիչ է լինում։ Ուղղակի աճառն է հոդի շրջաններից դուրս գալիս։ Այն սովորական կերակրի աղի հետ կապ չունի։ Չգիտեմ ինչու՝ ժողովուրդն է անունը դրել «աղերի կուտակում»։

Մի սխալ բան էլ կա՝ սիրում են տրորել, մերսել, որ հետ զարգանա, չկա նման բան, եթե դուրս է եկել՝ վերջ, այդպես մնալու է։ Տրորելով՝ հոդի հարակից հյուսվածքն ենք բորբոքելու՝ ցավեցնենք։ Թողեք, թող այդպես մնա։

Երիտասարդները երբեմն մատները ճտտացնում են, ասում են՝ հետագայում հոդերի խնդիր կունենաս, կա՞ նման բան։

– Ճտտացնելը հիմնականում ազդում է կապանային համակարգի վրա, քանի որ հոդերը, ոսկորները իրար կպած են կապաններով, մկաններով, ջլերով։ Ճտտացնելիս կապանային համակարգը թուլանում է։ «Աղերի կուտակմանը» մանր գործերն են նպաստում, օրինակ, գրիչով, ասեղով գործ անելը, ինչպես նաև գենը մեծ ազդեցություն ունի տվյալ հիվանդության դեպքում։

Միզաքարային աղերը, որ երիկամի միջոցով դուրս չեն գալիս, դառնո՞ւմ են հոդաբորբի պատճառ։

– Սա հոդատապ կամ պոդագրա հիվանդությունն է, երբ օրգանիզմում միզաթթուն է բարձրանում։ Դրան նպաստում է միզամուղ դեղորայքը, ցածր դոզաներով ասպիրինը, ճարպակալումը, ալկոհոլը՝ գարեջրի տեսքով, ինչպես նաև՝ շատ մսեղենը։ Հին ժամանակներում ասում էին՝ հարուստների հիվանդություն, քանի որ մսեղեն, խորոված իրենք էին ուտում։ Երիկամներում կարող են ուրատային քարեր առաջանալ, երիկամի ֆիլտրման ֆունկցիայի խանգարում լինի։ Մինչև երիկամի վնասումը արտահայտվում է հոդացավով։ Սկզբում մարդու մոտ հոդն ուռչում, ցավում է, 3-4 օր, հետո անցնում է, ինքը դա նույնիսկ մոռանում է։ Ամեն պրիստուպի ժամանակ այն երիկամում մի բան վնասում է։ Քար է առաջանում, կրեատինինն է բարձրանում, և այլն։

– Միս ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. Տավարի՞, թե՞ խոզի։

– Տավարի միս։ Այն միզաթթու է պարունակում։ Մեր ժողովուրդը սիրում է, չէ՞, խաշլամայի ջուրը խմելը, դա ամբողջովին միզաթթու է պարունակում և օգտակար չէ։ Նույնը՝ խաշը։ Նման հիվանդներ որ ունենում ենք՝ ասում ենք, որ լավ լվանան, ջուրը թափեն, եռացնեն կրկին թափեն, նոր ճաշ սարքեն։ Միզաթթուն այնքան շատ է արտադրվում, որ մեզով դուրս չի գալիս, սկսում է կուտակվել հիմնականում ոտքի մատներում, քանի որ այնտեղ շրջանառությունը դանդաղ է, միզաթթուն ավելի հեշտ է կուտակվում, սկսում է բորբոքվել։

Ցեխաբուժությունը, ֆիզիոթերապիան օգնո՞ւմ են հոդացավի անցկացմանը։

– Ֆիզիոթերապիան բուժմանը զուգահեռ՝ լրացուցիչ օգնող գործոն է, բայց միայն ֆիզիոթերապիայով լիարժեք բուժվել գրեթե անհնար է։ Ցեխաբուժությունը ֆիզիոթերապիայի տեսակներից մեկն է, որը կարելի է բուժմանը զուգահեռ օգտագործել։ 20-30 տոկոսով մեր բուժումն էֆեկտիվ է լինում, երբ ֆիզիոթերապիան զուգակցվում է։ Այստեղ ժողովրդի սխալը հոդերը մերսելն է․ պետք չէ, մի՛ արեք։

Մարդիկ կան՝ ասում են, ձեռքիս մատների հոդերը ցավում են, որոշ ժամանակ անց՝ անցնում, նորմա՞լ է։

– Երբ ցավ կա, արդեն նորմալ չէ, բայց արթրոզի դեպքում եղանակի փոփոխման ժամանակ նման ցավեր կարող են լինել, իրենք ավելի ընկալունակ են։ Սառը ջրով գործ անելիս կարող են հոդերը ցավել։ Արթրոզը բոբորքում է առաջացնում, երբ սա անցնում է, ցավը մեղմանում է։ Նման դեպքեր լինում են։

Հիմա շատ է տարածված ջլերի բորբոքումը, քանի որ հեռախոսը թերթելու ընթացքում բութ մատի ջիլը շատ է բորբոքվում։ Որոշ ժամանակ հանգիստ պահենք՝ ինքնուրույն կվերականգնվի։ Տեղային ջլի բորբոքում է։

Սոնոգրաֆիկ հետազոտությո՞ւն է հիմնականում կատարվում։

– Կախված է, թե ի՞նչ հոդաբորբի մասին է խոսքը. տարբեր է։ Սոնոգրաֆիայի դերը մեծ է, բայց ոչ բոլոր դեպքերում է սոնոգրաֆիան ինֆորմատիվ։ Մեկը եկավ՝ ծունկը հանկարծակի սկսել էր այտուցվել, ցավել, այս դեպքում ինֆորմատիվ ու ճիշտ է ՄՌՏ-ն։ Ռևմատոիդ արթրիտի դեպքում հիմնականում ռենտգեն ենք անում, քանի որ ոսկորն է վնասում։

– Մարդիկ կան՝ անձրևային եղանակը նախապես զգում են, ցավ է լինում ոտքերում։ Սա նշանակում է, որ հոդացավ ունեն կամ ապագայում կունենա՞ն, թե՞ նորմալ է։

– Ոչ բոլոր դեպքերում է սա հոդացավին բնորոշ։ Ցուրտը, խոնավությունը, եղանակային վիճակը զգում է նյարդը։ Հոդային խնդիր ունեցողը կարող է այդ ցուրտն ավելի շուտ զգալ, բայց պարտադիր չէ, որ խնդիր ունենա։ Ուղղակի նյարդային վերջավորության զգայունության փոփոխություն է։ Մարդ կա՝ ասեղի ծակոցը թեթև է տանում, մարդ կա՝ ծանր։ Նույնն էլ դա է։

– Հիմնականում հոդերի ցա՞վը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի դիմեն բժշկի, թե՞ ինչ-որ ձևով արտահայտվում է։

– Օրինակ, ուեննք դեպքեր, երբ հոդը բորբոքվում է, ցավ գրեթե չկա, ամիսներով ծունկն այտուցված է, չեն դիմում բժշկի։ Ռևմատոլոգիայում 1+1-ը 2-ի հավասար չէ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test