Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին. Գարեգին Երկրորդ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձի իր
ուղերձում։
«Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան դժվարություններն ու նեղությունները, արտաքին և ներքին բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները։ Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին համախոհության ու միասնականության, որպեսզի կարողանանք գտնել ներկա ծանր իրավիճակներից դուրս գալու ապահով ուղիները։ Պետության հանդեպ մեր սերը պիտի դարձնենք վերհառնումի նախանձախնդրություն, միմյանց հանդեպ վստահություն ու հոգատարություն և հանձնառություն ու նվիրում՝ ամեն աշխատանքում ու բնագավառում»,-նշել է կաթողիկոսը։
Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին և զորացնելու ու շենացնելու մեր պետությունը, շեշտել է Գարեգին Երկրորդն ու հավելել, որ միայն այսպես կարող ենք ունենալ խաղաղ ու բարօր ապագայի հույս ու հեռանկար։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։