Հայաստանը նշում է Անկախության օրը` Հայաստանի Հանրապետության 34-րդ տարեդարձն է:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հանրաքվեին մասնակցած և անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում և հոգում։
2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, և մեր պարտքն է նախ փայփայել, ապա և իրականություն դարձնել այն։
Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել և սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին»։
«Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ և երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, և այդ ղեկը մենք մեր ձեռքից այլևս երբեք չպիտի բաց թողնենք», - ասված է ուղերձում, որը հրապարակված է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
Անկախության տոնի առթիվ երկու օր առաջ իր նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակած ուղերձում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես հայտարարել է.
«Անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։
Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։
Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։
Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը:
...
Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում, որ հրապարակել է խորհրդարանի լրատվականը, մասնավորապես ասված է. - «Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ: Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները, ստեղծում ժողովրդավարական հզոր ու կայուն պետություն եւ ապահովում մեր քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test