Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Չինաստանին մեղադրել է հրեական պետության միջազգային ապալեգիտիմացման ուղղությամբ տեղեկատվա-քարոզչական ծրագիր իրականացնելու մեջ: Իսրայելում Չինաստանի դեսպանատունը երկու օր հետո պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ Նաթանյահուի հայտարարությունը որակված է բացարձակապես անհիմն և անընդունելի:
Պաշտոնական Պեկինը Նաթանյահուի ընձեռած առիթը բաց չի թողել և նրան խորհուրդ է տվել ոչ թե ռմբակոծություններ իրականացնել, այլ առաջնորդվել բանականությամբ և դիվանագիտական հմտությամբ: Իսրայելում Չինաստանի դեսպանատունը դիմել է այլասացության. «Որպեսզի եռացող կաթսան չթափվի, հարկավոր է կրակը մարել, ոչ թե քաշել քափը»: Ակնկարկն ակնհայտորեն վերաբերում է Պաղեստինի խնդրի կարգավորմանը:
Իսրայելա-չինական դիվանագիտական «պատերազմը», ինչպես հասկացվում է Բաքվի մամուլի մի շարք հրապարակումներից, Ադրբեջանի իշխանություններին լրջորեն անհանգստացրել է: Ադրբեջանը բոլորովին վերջերս է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել, ինչպես նաև ԱԳՆ հայտարարությամբ հավաստիացրել , որ մնում է Իսրայելի հուսալի դաշնակիցը: Դոհայի արաբա-իսրայելական գագաթաժողովից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ հակասեմականությունը լիովին բացակայում է:
Ադրբեջանական փորձագիտական հանրությունը շատ լուրջ է ընդունել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի լոնդոնյան հայտարարությունը, որ Վաշինգտոնը «մտադիր է վերադառնալ Աֆղանստան և հաստատվել Բագրամ ռազմակայանում»:
Բաքվում հիշեցնում են, որ 2004-2021 թվականներին ԱՄՆ-ը դեպի Աֆղանստան փոխադրումների համար օգտագործել է Ադրբեջանի ենթակառուցվածքները: Փորձագետներից մեկը նույնիսկ բացահայտել է, որ այդ նպատակին «տարիներ շարունակ ծառայել է Գյանջայի ռազմական օդանավակայանը»:
Իշխանամերձ Minval.az-ի մեկնաբանի վարկածով, ԱՄՆ-ը «կարող է օգտագործել Ֆիզուլիի օդանավակայանի հնարավորությունները»: Միացյալ Նահանգները կվերադառնա՞ Աֆղանստան, թալիբները Բագրամ ռազմակայանը կհանձնե՞ն Վաշինգտոնին՝ առայժմ ամեն ինչ ենթադրությունների տիրույթում է:
Ստույգ է, որ ԱՄՆ նախագահը Բագրամ ռազմակայան վերադարձի ծրագիրը հիմնավորել է նրանով, որ այնտեղից մինչև Չինաստանի ռազմավարական օբյեկտներ «թռիչքը կտևի ընդամենը մեկ ժամ»: Եթե խնդիրը մոտենա առարկայական որոշումներ ընդունելուն, Ալիևն ինչպե՞ս է կողմնորոշվելու Վաշինգտոն-Պեկին-Երուսաղեմ «բերմունդյան եռանկյունում»: Իսրայելցի քաղաքական մեկնաբանների մեծ մասը համոզված է, որ Նաթանյահուն Սի Ծինփինի դեմ «դեմարշ է արել, որպեսզի Թրամփին համոզի, որ նրա հետ աշխարհաքաղաքական նույն բևեռում է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test