Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

9 ամսում շների կծելու 7239 դեպք. ի՞նչ կտա ոլորտը կարգավորող նոր օրենքը sputnik sputnik

time
9 ամսում շների կծելու 7239 դեպք. ի՞նչ կտա ոլորտը կարգավորող նոր օրենքը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik․ Վերջին շրջանում սոցցանցերում թեժ քննարկումներ են ընթանում` կապված շների կծելու դեպքերի հետ։ Մինչ որոշ օգտատերեր առաջարկում են «հին մեթոդներով» վերացնել թափառող շներին, պետությունը օրենսդրական նախագիծ է մշակում, որով խիստ վերահսկողություն կսահմանվի կենդանիների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի դեպքում։
Հայաստանում 2025 թվականին` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, գրանցվել է շների կողմից մարդկանց վնասման (կծելու) 7239 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11 դեպքով։
Արարատի մարզում շունը 1,5 տարեկան երեխային կծել է ու սատկել․ փոքրիկը հոսպիտալացվել է
Մեկ ամսում շների` երկու մանկահասակ երեխաներին կծելու դեպքերը խորացրին շների նկատմամբ ատելությունը։ 2.5 տարեկան երեխան մահացել էր, քանի որ կատաղության դեմ պատվաստում չէր ստացել, իսկ 1.5 տարեկան երեխայի դեպքում էլ նրան կծած շունն էր սատկել կատաղություն հիվանդությունից։
Մասնագետների խոսքով` թափառող շները վտանգավոր են դառնում սովի և մարդկանց դաժան վերաբերմունքի պատճառով։ Կծելու դեպքում էլ քաղաքացին հաճախ է բախվում պատվաստանյութի բացակայության հետ` հատկապես մարզերում։ Թեև առողջապահության նախարարությունից պնդում են, որ հանրապետության ողջ տարածքում չկա կատաղության և փայտացման դեմ պատվաստանյութերի խնդիր, մարզային պոլիկլինիկաները հաճախ են բուժառուներին Երևան ուղարկում պատվաստվելու համար։
Ոլորտի մասնագետները հույս ունեն, որ իրավիճակը կփոխի նոր օրենքը։ Բանն այն է, որ 2019 թվականից շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատվության վերաբերմունքի մասին» նախագիծը, որը լրամշակվել է 2024 թվականին։
Նոր օրենքը իրավապահ համակարգին կստիպի պարտադիր արձագանքել բոլոր դեպքերին։
Ըստ նախագծի` վարչական պատասխանատվություն կլինի այն անձանց նկատմամբ, որոնք ինչ–որ ժամանակ խնամելուց հետո կենդանուն փողոց են նետել։ Բոլոր կենդանիները պետք է հատուկ չիպեր կրեն, որոնցում կլինեն թե՛ կենդանու, թե՛ տիրոջ տվյալները։ Կորած կենդանուն շատ արագ հնարավոր կլինի նույնականացնել, գտնել տիրոջը, հասկանալ՝ ինչու է նա լքել կենդանուն։ Մեծ պատասխանատվություն է լինելու նաև համայնքների վրա։
Գյումրիում շների ստերջացմամբ զբաղվող «Կումնի» ՍՊԸ-ի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Միայն ստերջացնելով կամ պատվաստելով հնարավոր չէ թափառող կենդանիների հարցը կարգավորել։ Թափառող կենդանիների զգալի մասն անտուն է դառնում մարդկային անպատասխանատվության հետևանքով։ Կենդանիները հայտնվում են փողոցում, բազմանում։ Նոր օրենքով կկարգավորվի ոչ միայն կենդանի պահողների, այլև բուծողների, կացարանային գործունեություն ծավալողների պատասխանատվության շրջանակը։ Մենք այժմ նախաձեռնել ենք ընտանի կենդանիների չիպավորման գործընթացը, որն առաջիկայում արդեն մեծ ծավալով կիրականացնենք»,–ասաց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։
Նա վստահ է` նոր օրենքից կսկսեն դժգոհել բոլոր նրանք, ովքեր կենդանիներին ուղղակի օգտագործում են գումար աշխատելու համար։ Կարծում է, որ օրենքը խիստ պետք է լինի հատկապես կենդանիներ բուծողների, կենդանիների վաճառքով զբաղվողների, կացարանների տերերի համար։
Խոսելով համայնքային ծրագրերի մասին` Առաքելյանը նշեց, որ օրենքը համապատասխան ֆինանսավորմամբ նաև համայնքներին կստիպի զբաղվել թափառող կենդանիների խնդրով, ստերջացման ծրագրերով։
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ի նախաձեռնությամբ առաջիկայում մրցույթ կհայտարարվի կենտրոնի տարածքին կից կացարանի շինարարության համար։ Նոր կացարանի կառուցումից հետո կենդանասերները շներին խնամելու, կերակրելու հնարավորություն կունենան։
Շան նկատմամբ դաժան վարված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Կացարանի կառուցումը փոքր–ինչ ձգձգվեց, քանի որ թղթաբանության հետ կապված հարցեր ունեինք կարգավորելու։ Այժմ կացարանի նախագիծն ունենք, ֆինանսական հարցերը լուծված են, առաջիկա 1-2 շաբաթում կդրվի շինարարության մրցույթը։ Հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջ կհասցնենք շինարարությունը սկսել և սեղմ ժամկետներում ունենալ նոր, ավելի մեծ կացարան, որը մեզ հնարավորություն կտա մեծ քանակով կենդանիներ պահելու ու նրանց որդեգրության հանձնելու»,– ասաց Առաքելյանը։
Նա մանրամասնեց, որ կենդանիների որդեգրման մեխանիզմը բավականին պարզեցված է։ Որդեգրողը պետք կենդանուն ապահովի համապատասխան տարածքով, կերով, ջրով և բժշկական ծառայություններով։
Չի կարելի կենդանուն ուղղակի բաց թողնել փողոց առանց ուղեկցության։ Ըստ երկկողմանի պայմանագրի` որդեգրողը պարտավորվում է կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում նրան վերադարձնել ՀՈԱԿ։ Նշենք, որ վերջին 2-3 տարվա ընթացքում ՀՈԱԿ–ից մոտ 320 շուն է որդեգրման հանձնվել։ Իսկ թե հանրապետությունում քանի թափառող շուն կա, հայտնի չէ։
Նոր կացարանում կենդանիներն ուղղակի վանդակներում փակված չեն լինելու, ունենալու են ազատ տեղաշարժի հնարավորություն։ Նոր կացարանի օրինակով 4-5 կացարաններ կկառուցվեն նաև տարբեր վարչական շրջաններում։
Կենդանիների նկատմամբ առողջ վերաբերմունք ստեղծելու համար դեռ 2023 թվականից ՀՈԱԿ–ըԵրևանի դպրոցներում նախաձեռնել է «Կենդանիների հետ վարվելու կանոնները» խորագրով սոցիալական ծրագիրը, որը երեխաներին կսովորեցնի շների հետ վարվելու, հարկ եղած դեպքում նրանցից խուսափելու կամ պաշտպանվելու կանոնները։ Ամառային արձակուրդների ընթացքում ՀՈԱԿ–ը շարունակել է սոցիալական ծրագիրը, որը, ըստ նրանց, դրական արդյունք է գրանցել։ Այս անգամ երեխաներն են հյուրընկալվել ՀՈԱԿ–ում` շների հետ մոտիկից ծանոթանալու և ընկերանալու համար: Շաբաթը 1 ընդունելություն կազմակերպելով` ՀՈԱԿ է հաճախել ավելի քան 100 երեխա։
«Շան կծելու յուրաքանչյուր ցավալի դեպքից հետո բոլորը քննադատում են երևույթը և անցնում առաջ` մոռանալով խնդրի էությունն ու կատաղություն հիվանդության հետևանքները։ Հիվանդությունը բավականին վտանգավոր է, ուստի կենդանիների պատվաստումներն անհրաժեշտ են։ Մեկ այլ խնդիր է, երբ մարդիկ ընտանի կենդանիներ են պահում ու էլի անտեսում են կենդանիների պատվաստումները։ Հանրության շրջանում կա շատ թյուր կարծիք, որ հաչող կենդանին կատաղություն ունի, մինչդեռ հաչող, հարձակվող կենդանիներն ունեն վարքաբանական շեղումներ, իսկ կատաղությունը հիվանդություն է»,–ասաց Առաքելյանը։
Շիրակի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է 5 մարդու վրա․ 4 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Նրա խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել և՛ կենդանիների բարեկեցության կանոնները, և՛ հանրության անվտանգությունը, առողջությունը։
Թափառող կենդանիների հետ կապված խնդրի սրացման մասին թվերն են խոսում։ Եթե 2019 թվականին արձանագրվել է մարդկանց վրա հարձակման գրեթե 5000 դեպք, ապա նախորդ տարի այդ թիվը կրկնապատկվել է։
2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակման 10160 դեպք։ 2023 թվականին արձանագրվել է 8202 դեպք, 2022 թվականին՝ 6512, 2021-ին՝ 5632, 2020 թ․-ին՝ 4406 դեպք, իսկ 2019 թ․-ին արձանագրվել է հարձակման 4734 դեպք։
Եթե տարիներ առաջ թափառական շներ ասելով հասկանում էինք ոչ ազնվացեղ շներ, ապա այսօր փողոցում հայտնվում են հովվաշներ, դոբերմաններ, հասկիներ...Մինչ մենք փորձում ենք պայքարել արդեն իսկ առաջացած խնդրի հետևանքների` շների կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերի դեմ, պետք չէ մոռանալ` որտեղից է ամեն ինչ սկսվում։ Տերերն իրենց հերթին շներին չեն ստերջացնում, հաճախ դուրս են հանում, չեն պատվաստում, բուծողներն իրենց հերթին են կենդանիների շնորհիվ գումար աշխատում. «լավ չստացված» տեսակներին թողնելով դրսում` որոշ կացարանների անբարեխիղճ տերերը շատ վատ են վերաբերվում կենդանիների հետ, իսկ փողոցում անցորդների չնչին տոկոսն է կերակրում կենդանիներին։ Շները ագրեսիվ վարք են ցուցաբերում հենց սովից, ուստի օրենսդրական փոփոխություններից բացի, պետք է աշխատել նաև մարդկանց գիտակցության հետ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test