Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Շինարարության փուչիկը. Մինչ շինանյութերի արտադրությունը նվազում է, շինարարության ծավալները մեծ տեմպերով ավելանում են 168.am 168.am

time
Շինարարության փուչիկը. Մինչ շինանյութերի արտադրությունը նվազում է, շինարարության ծավալները մեծ տեմպերով ավելանում են

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը դարձել է շինարարությունը. բարձր տեմպերով աճում է, արդեն անցել է անգամ 20 տոկոսից։ Բայց այդ աճը շատ նման է փուչիկի։ Խնդիրն այն է, որ շինարարությունը բարձր տեմպերով աճում է, երբ բազմաթիվ շինանյութների արտադրությունը նույնքան բարձր տեմպերով կրճատվում է։

Ընդ որում՝ առաջին տարին չէ, որ այդպես է։ Անցած տարի էլ շինարարության մեջ օգտագործվող բազմաթիվ ապրանքների արտադրությունը, որոնցից մեծապես կախված են շինարարության ծավալները, նվազել էին։ Օրինակ՝ ցեմենտրի արտադրությունը կրճատվել էր 6.3 տոկոսով, գիպսինն ու գաջինը՝ շուրջ 23 տոկոսով, ապրանքային բետոնինը՝ 7.6 տոկոսով։

Շինարարության համար այս առաջնային ապրանքների արտադրությունը կրճատվել էր, բայց շինարարության ծավալները 14.5 տոկոսով ավելացել էին։

Նույնը տեղի է ունենում նաև այս տարի։ Այս տարի շինանյութերի արտադրությունը նույնիսկ ավելի շատ է կրճատվել, բայց շինարարության աճի տեմպերն ավելի բարձր են։ Ցեմենտի արտադրությունը տարեսկզբի 7 ամիսներին կրճատվել է 15.5 տոկոսով, գիպիսինն ու գաջինը՝ ավելի քան 9 տոկոսով, ապրանքային բետոնինը՝ 12.4 տոկոսով։ Այս ամենը տեղի է ունեցել անցած տարվա արտադրության ծավալների կրճատումից հետո։ Անցած տարվա նվազման վրա, այս տարի այդ ապրանքների արտադրությունն էլի կրճատվել է։

Կտրուկ նվազել է նաև տուֆի, այսպես կոչված՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների արտադրությունը. նախորդ տարվա համեմատ գրեթե 23 տոկոսով։

Բայց որքան էլ կարող է տարօրինակ լինել, այս տարի շինարարության ծավալները 20 տոկոսով ավելացել են։ Սա գուցե տարօրինակ չլիներ, եթե իրականացվող շինարարության մեջ ամենամեծ բաղադրիչը չլիներ բնակարանային շինարարությունը։ Շինարարական աշխատանքների կեսից ավելին բաժին է ընկնում անշարժ գույքի շուկային։

Պաշտոնական տվյալներով, 7 ամսում անշարժ գույքի շուկայում ավելի քան 152 մլրդ դրամի կամ 390 մլն դոլարի շինարարություն է իրականացվել։ Այն կազմել է կատարված աշխատանքների գրեթե 52 տոկոսը։

Նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի շուկայում իրականացված շինարարության ծավալները երկնիշ ավելացել են։ Բայց բազմաթիվ շինարարական նյութեր, որոնք օգտագործվում են բնակարանային կամ արտադրական շինարարության մեջ, նվազել են։ Անհասկանալի է, թե ինչի՞ հաշվին է բնակարանային շինարարությունն ու ընդհանրապես շինարարությունն այդքան բարձր տեմպերով ավելացել։

Այս անհամապատասխանությանը, որի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում, ոչ մի բացատրություն մինչև հիմա չի տրվել։ Պատասխանատությունները վերից վար աչք են փակում դրա վրա։ Կարևորը նրանց համար այն է, որ շինարարության ոլորտում բարձր աճեր են գրանցվում, ու դրանք հիմք են տնտեսական աճեր ցույց տալու համար։

Մտահոգիչ է, երբ տեղական բազմաթիվ շինանույթերի արտադրությունը կրճատվում է, իսկ շինարարությունը բարձր տեմպերով աճում է։ Եթե անգամ համարենք, որ այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է, ապա դա նշանակում է, որ տեղական արտադրության շինանյութերը դուրս են մղվում ներքին շուկայից, չեն դիմանում մրցունակությանն ու փոխարինվում են ներմուծվող շինարարական ապրանքներով։

Ֆինանսական ու տնտեսական այն քաղաքականությունը, որը հատկապես վերջին մի քանի տարիներին իրականացնում են Հայաստանի իշխանությունները, միանշանակ ի վնաս տեղական արտադրության է։ Սեփական արժույթի թանկացման պատճառով տեղական արտադրանքը թանկանում է, ներմուծումը դառնում ավելի նախընտրելի։ Դա էլ ազդում է տեղական արտադրանքի մրցունակության վրա։

Ցեմենտի պարագայում վերջին տարիներին փորձում են պրոտեկցիոնիզմով զսպել ներմուծումը, բայց արդյունքներն էական չեն։ Տեղական ցեմենտի արտադրությունը պարբերաբար, երբեմն էլ՝ կտրուկ կրճատվում է։ Չի դիմանում ներմուծման մրցակցությանը։ Պարզ է, որ մյուս ապրանքների պարագայում՝ մրցունակության կորուստներն ավելի մեծ են։ Ու հավանաբար դրանք աստիճանաբար կորցնում են իրացման շուկաները, ինչպես նաև՝ պոտենցիալը շինարարության մեջ։ Մինչ տեղականը դուրս է մղվում՝ ներմուծողներն ու դրսի արտադրողներն են այս ամենից շահում։

Այդպես էլ ուզում են հայ-թուրքական սահմանը բացել ու անմիջական առևտուր անել թուրքերի հետ։ Թուրքիան այժմ էլ հանդիսանում է մեր շինանյութերի շուկայի հիմնական մատկարարարներից մեկը։ Մեծ քանակությամբ թուրքական շինանյութեր են ներմուծվում Հայաստան։ Սահմանի բացումը կխթանի ներմուծումը՝ ավելացնելով տեղական արտադրողների գլխացավանքները։

Սա իհարկե, բոլորովին էլ միայն շինանյութերին չի վերաբերում։ Բազմաթիվ այլ ապրանքներ են ներմուծվում այդ երկրից Հայաստան։ Սահմանների բացումը հայաստանյան շուկայում խթանելու է դրանց մրցունակությունը։ Տուժողը լինելու են տեղական արտադրողները, որոնք զրկվելու են անգամ ներքին շուկայում իրենց ապրանքներն իրացնելու հնարավորությունից։

Բաց սահմաններին, անշուշտ, դժվար է դեմ լինել, բայց առանց տնտեսությունը դրան պատրաստելու՝ գնալ սահմանների բացմանը, լինելու է բացառապես ի վնաս ներքին արտադրության։ Կապ չունի, թե որ երկրի մասին է խոսքը։ Առավել ևս՝ դա վտանգավոր է մի երկրի պարագայում, որի նպատակները բոլորովին էլ Հայաստանի տնտեսության զարգացումների համար ճանապարհ բացելը չէ։

Այն հսկայածավալ շինարարությունը, որն իրականացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում, նաև պետական բյուջեից հարյուրավոր միլիոն դոլարի հասնող եկամտային հարկի գումարները վերադարձնելու հաշվին, լուրջ նախադրյալ էր պետական մակարդակով տեղական շինանյութերի արտադրությունը խթանելու համար։ Բայց, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այստեղ էլ ոչինչ չկարողացան անել՝ ստեղծված առավելությունները ներքին տնտեսության ընդլայնմանն ու զարգացմանը նպատակաուղղելու համար։ Ներքին տնտեսության փոխարեն՝ ներմուծումներով խթանում են այլ երկրների, այդ թվում՝ թուրքական տնտեսությունը։ Հրճվում էին պատահական գործոնների վրա ստեղծված ժամանակավոր բարձր աճերով, որոնք աստիճանաբար չեզոքանում են՝ տնտեսությունը թողնելով այնպիսի ոլորտների հույսին, որոնք հեռանկարներ չունեն։

Քանի դեռ նախկինում տրամադրված շինթույլտվությունների համար Երևանում գործում է եկամտային հարկի վերադարձը, շինարարությունը 1-2 տարի էլ կարող է աճել։ Հետոն արդեն տխուր է լինելու՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ հատկապես շինանյութերի արտադրության ոլորտի համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test