Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին Անկարան նախընտրում է խոսել բավական լայն կոնտեքստում՝ որպես Միջին միջանցքի մի մասի, որը կոչված է Թուրքիան վերածել մակրոռեգիոնալ լոգիստիկ հանգույցի։ Այս մասին
Sputnik Արմենիա ռադիոկայանի Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի եթերում ասել է քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
Ներկայումս Թուրքիան ակտիվորեն աշխատում է արտաքին քաղաքական գրեթե բոլոր վեկտորներով։ Խոսքը ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի, այլև Աֆրիկայի, Միջին Ասիայի մասին է։ Ոչ մեկին չեն զարմացնում անգամ Ուկրաինայի կոնֆլիկտում միջնորդ դառնալու Անկարայի փորձերը` չնայած անգամ այն հանգամանքին, որ Թուրքիան աջակցում է Զելենսկու ռեժիմին։ Եվ ամենակարևորը՝ թուրքական դիվանագիտության ներուժը թույլ կտա դիմանալ նման ծանրաբեռնվածությանը․ Արեշևը վստահ է՝ նրանք հազիվ թե շատ լարվեն։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ ևս թուրքական դիվանագիտությունը բավականին ինտենսիվ է գործում։ Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիայի սևեռուն ուշադրությունն ուղղված է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին։ Ակտիվորեն կառուցվում է մինչև Նախիջևանի սահման տանող մայրուղին, միաժամանակ հայտարարվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն իրագործելու մասին։
Ընդ որում, միջանցքի նախագծի մասին Անկարան հայտարարում է ավելի լայն կոնտեքստում, որպես Միջին միջանցքի մի մաս, որը, նրանց կարծիքով, պետք է Թուրքիան դարձնի մակրոռեգիոնալ լոգիստիկ հանգույց։ Բնականաբար, թուրքական դիվանագիտությունը աչքաթող չի անում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։
Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն արեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետների վերաբերյալ, ինչը չափազանց հատկանշական է և վկայում է նման սցենարի հարցում թուրքերի լուրջ շահագրգռվածության մասին։ Եվ այս առումով Հայաստանի իշխանությունները, քաղաքագետի խոսքով, կարծես գնացքից էլ առաջ են վազում։
Երևանում խոսում էին նույնիսկ այս տարվա սեպտեմբեր և հաջորդող ամիսներին համաձայնագիրը ստորագրելու մասին։ Սրան զուգահեռ հարկ է հիշատակել Քըլըչի և Ռուբինյանի հերթական՝ 7-րդ հանդիպումը Երևանում, որը տեղի ունեցավ վերջերս: Ինչպես և այն գործընթացը, որը ռուս փորձագետները, Արեշևի խոսքով, դիպուկ անվանել են «ապաԱրարատացում», երբ Արարատ լեռան խորհրդանիշը հեռացվում է երկիր մտնելիս դրվող կնիքներից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի տարաձայնություններին, որոնց մասին վերջին շրջանում շատ են գրում, ապա Արեշևը ստեղծված իրավիճակն այսպես է մեկնաբանում․ «Իհարկե, Անկարայի և Բաքվի միջև որոշ, մեղմ ասած՝ հակասություններ կան, որոնք առաջին հերթին իսրայելական գործոնի հետ են կապված։ Գիտենք, որ ապրիլին ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր դրանք չեզոքացնել։ Մի քանի անգամ այն տրամադրել է իր հարթակը Իսրայելի և Թուրքիայի տեխնիկական և հետախուզական առաքելությունների միջև խորհրդակցությունների համար։ Հիմա դրանք սառեցվել են, հավանաբար Գազայի հատվածում սրացման և Կատարին Իսրայելի հարվածի պատճառով»։
Քաղաքագետը պնդում է, որ բուն Թուրքիայում հիմա բավական տագնապալի նոտաներ են հնչում, որովհետև Անկարայում չեն բացառում, որ թուրքական տարածքը կարող է Կատարից հետո Իսրայելի հաջորդ թիրախը դառնալ։ Չէ՞ որ հայտնի է, որ վերջին տարիներին ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և թուրքական էլիտաների միջև հարաբերությունները խիստ ամրապնդվել են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա կփորձի «միաժամանակ երկու աթոռի նստել»՝ թուրքական և իսրայելական։
Իրականում պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական էներգակիրները Կասպից ծովից շարունակում են հոսել թուրքական տարածքով Իսրայել։ Եվ չնայած Էրդողանի և Ֆիդանի ամպագոռգոռ հռետորաբանությանը, Անկարան ի վերջո որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց այդ մատակարարումները դադարեցնելու համար։ Նույն վիճակում են նաև թուրք-իսրայելական առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք, Արեշևի խոսքով, պահպանվում են առնվազն միջնորդավորված ձևով։
Իսկ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանում որոշակի դադար է նկատվում թե՛ էսկալացիոն գործողություններում, թե՛ առանձին քաղաքական գործիչների, փորձագետների հռետորաբանության մեջ, Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցներում։ Քաղաքագետը չի բացառում, որ կողմերը փորձում են ոչ պաշտոնական խողովակներով փոխադարձ չեզոքության գոնե ինչ-որ պատրանք ստեղծել։