Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետությունը. «Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է» azatutyun.am azatutyun.am

time
Փաշինյանը հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետությունը. «Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»

Երրորդ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցական համաժողովի մեկնելուց առաջ կոճկում է բաժկոնի վերջին կոճակը, խմում սուրճի վերջին ումպը և երկու ժամ անց կուսակիցների առջև հրապարակում՝ երրորդ հանրապետությունն անցյալում է, հիմա ապրում ենք չորրորդում:

«Հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ սա իր մեկուկես ժամանոց ելույթի կուլմինացիան է, և այն թիմակիցներն ընդունեցին ոտքի վրա, ծափերով: «Քաղաքացիական պայմանագիր»-ը չորրորդ հանրապետությունը հռչակում է հատուկ հռչակագրով: Իսկ դրանից բխող անելիքները 9-ն են. եկող տարվա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ակնկալել, հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել, անձեռնմխելի պահել Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը:

«Ակտիվացվելու է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթից հետո չորրորդ հանրապետության վարչապետն արդեն լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ է նշանակում այս թվաբանությունը. նոր փուլ ենք մտնում, ուրեմն նոր գինին՝ նոր տիկերի մեջ:

«Երրորդ հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք: Բայց նոր գինին՝ նոր տիկերի մեջ», - ասաց Փաշինյանը:

Չորրորդ հանրապետությունը երրորդից տարբերվում է նախևառաջ խաղաղությամբ, ասում է վարչապետը, և այնպես չէ, որ չորրորդի հիմնադիրը ինքն է. ժողովուրդն է, ասաց: Չորրորդը այսօր ընդամենը ձևակերպվում է, կար ավելի վաղ՝ խաղաղության հաստատմամբ, Կիրանցի նոր գծված սահմանով:

«Մենք էսօր արդեն երկար ժամանակ ապրում ենք չորրորդ հանրապետության պայմաններում, և խնդիրն այն է, որ մենք պիտի էդ գործելակերպը մեր փոխենք, երբ որ Աստվածաշնչի խոսքի համաձայն՝ նայում ենք, նայում ենք և չենք տեսնում: Հիմա մեր խնդիրն է առերեսվել, հասկանալ, տեսնել, որ ի վերջո՝ մենք այլ երկրում ենք ապրում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Եվ հատկապես օգոստոսի 8 ից՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո հնարավոր չի չնկատել չորրորդ հանրապետությունը, ըստ Փաշինյանի. - «Եվ ուրեմն՝ խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է»:

Նիկոլ Փաշինյանն այս ամենով լուծում է իշխանությունը պահպանելու խնդիր, վստահ է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Ինքը պետք է փորձի, այսպես ասենք՝ ջնջել այն, ինչ հանրային մտածողության, գիտակցության, պատկերացումների, ուղենիշների շրջանակում եղել է մինչև պատերազմը, պարտությունը և Արցախի կորուստը, և ստեղծել ինչ-որ նոր իրականություն; Եվ էդ չորրորդ հանրապետություն ասվածը, ըստ էության, տեղավորվում է այդ խնդիրը լուծելու փաթեթի շրջանակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը:

Ըստ Բադալյանի՝ խնդիրը թվերը չեն, երրորդ, չորրորդ, գլխավոր՝ «Իրական Հայաստանի» կոնցեպտը, որ չորրորդ հանրապետության հիմքում է, իրականում կենցաղապետություն է. - «Պետական նպատակները իջեցվում են կենցաղային նպատակների աստիճանին, և էդ իմաստով ավելի բովանդակային առումով ճշգրիտ և ավելի անկեղծ կլինի, որ հայտարարվի առաջին կենցաղապետության ստեղծումը»:

Կենցաղապետություն է, քանի որ պետության գլխավոր նպատակը բարեկեցությունն է համարվել, և խաղաղությունն էլ բարեկեցությանը չխանգարելու համար է պետք:

«Եթե մենք կենցաղից ավելի նպատակներ ունենանք, դա սպառնալիք է մեր անվտանգության և խաղաղությանը: Հետևաբար՝ մենք պետք է տեղավորվենք կենցաղի շրջանակում, որպեսզի ոչ ոք մեզ չսպառնա, և մենք էդպես ապրենք խաղաղ», - նշեց Հակոբ Բադալյանը:

Եվ այսօր հայտարարված խաղաղությունն էլ, ըստ քաղաքական մեկնաբանի, ոչ թե խաղաղություն է, այլ ադապտացիա հարևանների թելադրած պայմաններին:

Չորրորդ հանրապետության հռչակումը նաև ընդդիմադիր ուժերն են քննադատում:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցցանցային գրառմամբ «ֆեյք ու հանդիսավոր ծխածածկույթ» է անվանում այս ամենը:

«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար: Դա նաև մի հանդիսավոր ծխածածկույթ է, որի տակ թաքնվելով` նա ցանկանում կատարել մեր Սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանի պահանջները», - պնդում է Զուրաբյանը:

Ի դեպ, չորրորդ հանրապետության մասին Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ է խոսել, ոչ այդքան վստահ, բայց թիմակիցների հետ քաղաքական ժողովում 2023 թվականի ամռանը ասում էր՝ պետությունը բրենդավորել է պետք, 18-ից հետո ուրիշ պետություն է սա. - «Պետք ա սկսենք առնվազն մտածել չորրորդ հանրապետության գաղափարի մասին»:

Չորրորդ հանրապետության հռչակման անհրաժեշտության մասին խոսում էր նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, սկզբում՝ որպես նախագահի թեկնածու, իսկ 44-օրյա պատերազմից հետո մի ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Դեպի Չորրորդ Հանրապետություն» վերնագրով: Այստեղ գրում է՝ 44-օրյայի աղետից հետո նոր պետություն պիտի կառուցենք:

Նորը իրականն է. Նիկոլ Փաշինյանն այսօր մեկուկես ժամանոց ելույթի զգալի մասը նվիրեց «Իրական Հայաստանին» ու այդտեղ ապրող՝ գերդաստանների առանցքը կազմող սնուցող մայրերին ու լռող տղամարդկանց: Մայրերը՝ խոսքով, տղամարդիկ՝ լռությամբ, Փաշինյանին ասել են՝ «գնա խաղաղության հետևից»:

Վարչապետի ելույթը պատվիրակ-կուսակիցները հաճախ ծափերով էին ընդհատում, բեմում նույնպես էմոցիաներ կային. Նիկոլ Փաշինյանը հուզվեց մեկ անգամ՝ մայրերի մասին խոսելիս, խոնարհվեց-կորացավ ժողովրդի առջև, մի պահ ձեռքն առավ հայտնի մուրճը պողպատե մանդատի շրջանակներում, վերջում նահատակների հիշատակի առջև ծնկի իջավ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test