Արցախի հայաթափման երկրորդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահականում տեղի է ունեցել պետական պարգևների և զինվորական կոչումների հանձնման արարողություն:
Մասնավորապես, ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել՝
ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,
ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,
Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։
Նշենք, որ Գարիկ Մովսեսյանը ներկա պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 17-ին, Հովհաննես Վարդանյանը՝ 2022թ. հոկտեմբերի 14-ին, իսկ Սամվել Մինասյանն էլ իր այսօրվա պաշտոնին նշանակվել է 2024թ. մայիսի 13-ին:
Այսինքն, բոլոր նշանակումները եղել են 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունից հետո:
Թե որքանով էր նշված բարձրաստիճան զինվորականների համար «կոմֆորտ» սեպտեմբերի 11-ի հրամանագրով շնորհված կոչման «հետևից գնալ» սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը, կարող ենք ենթադրություններ անել:
Բայց գործը սրանով չի ավարտվել, ինչպես ասում են. նախագահական պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներում պարգևատրվողների շարքում ներկա է նաև ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը, թեպետ իր հետ կապված հրամանագիր չի ստորագրվել:
Իսկ արդեն պարգևատրման արարողության մասին տեսանյութից տեղեկանում ենք, որ նրան հանձնում են Հայրենիքի շքանշան:
Նշենք՝ այն տրվում է ՀՀ ազգային հերոսի կոչմանն արժանացածներին: Իսկ Գարեգին Պողոսյանն այս բարձր կոչմանն արժանացել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:
Գրեթե նույն ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Փաշինյանը որոշել էր ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացնել այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին:
Տիրան Խաչատրյանը, ով այսօր անցնում է 44-օրյային առնչվող քրեական գործով, բազմիցս նշել է, որ Ազգային հերոսի համար նախատեսված շքանշանը չի վերցրել:
Ւսկ Գարեգին Պողոսյանին, փաստորեն, որոշել են այն հանձնել 5 տարի հետո, թեպետ ոչ մի ակնարկ չկար հանձնման արարողության ժամանակ, որ սա նոր որոշում չէ: Այս ամենն այնքան տխուր չէր լինի, եթե Ազգային հերոսի կոչումը Գարեգին Պողոսյանին դե յուրե չտային Արցախում 44-օրյա պատերազմի օրերին հարավային ուղղությամբ ինչ-որ գործողությունների համար, իսկ շքանշանը հանձնեին 5 տարի հետո՝ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը, այսինքն, երբ հայկական Արցախ չկա այլևս:
Ի դեպ, երբ 44-օրյայի օրերին «Զինուժի» թղթակիցը նրան հարցրել էր, թե ո՞րն է իր չիրագործված նպատակը՝ որպես ՀՀ ազգային հերոս, Գարեգին Պողոսյանը պատասխանել էր. «Որտեղ ունեցել ենք նահանջ, պետք է ամեն ինչ անենք, որ վերադարձնենք այդ տարածքները, որտեղից նահանջել ենք, հասնենք մեր խրամատներին, ինչո՞ւ չէ՝ առաջ շարժվել դեպի հակառակորդի տարածքները՝ նոր տարածքներ»:
Այսօր, սակայն, Գարեգին Պողոսյանը շատ հաշտ է այն իշխանությունների հետ՝ հրապարակավ և ոչ հրապարակավ, թերևս, որը չի պատրաստվում վերականգնել ՀՀ ինքնիշխան տարածքները, հայտարարում է, որ դեռ տալու բան կա, իսկ Արցախն էլ բեռ ու անեծք է եղել, և լեգիտիմ է Ադրբեջանի կազմում նրա լինելը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test