«Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել» եւ «Մենք երկու ատոմակայան ենք կառուցել» արտահայտությունները շատ տարբեր են իրարից: Ամեն ինչ պտտվում է «ստեղծել» եւ «կառուցել» հասկացությունների շուրջ: Ի՞նչ է նշանակում «ստեղծել»-ը: Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, երկրի եւ երկնքի միջեւ ընկած տարածքը, ստեղծեց մարդուն ու մյուս կենդանիներին: Աստված 6 օր շարունակ ստեղծում էր, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Հիմա Նիկոլն ասում է՝ 7 տարում երկու ատոմակայան ենք ստեղծել: Ի՞նչ կա որ: Մի օտար քեռի էլ, հիշում եմ, ժամանակի մեքենա էր ստեղծել, որի շնորհիվ կարելի էր հայտնվել ու ապրել տարբեր ժամանակներում: Ստեղծելը կամ արարելն աստվածահաճո գործեր են: Աստված մարդուն երբեք չի խանդել դրա համար: Ավելին, խրախուսել է ստեղծարար աշխատանքը: Այլ հարց է, որ մարդիկ չարաշահել են Աստծո այդ բարեհաճությունը եւ երբեմն բաներ են ստեղծել, որոնք պետք չեն ո՛չ Աստծուն, ո՛չ էլ իրենց: Եվ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ինձ մոտ միանգամից երկու հարց է ծագում՝ արդյոք հաճելի՞ է Աստծուն այս փոքր երկրում միանգամից 3 ատոմակայան տեսնելը, եւ եթե, Աստված մի արասցե, արդեն կառուցել եք, որտե՞ղ են 2 նոր ատոմակայանները: Ուրիշ հարցեր էլ կան, իհարկե… Ինչո՞ւ եք ծածուկ կառուցել, բա ասում էիր` ժողովրդից թաքուն ոչինչ չենք անելու, ինչո՞ւ բացում չեք արել՝ ժապավեն-մապավեն կտրելով, ումի՞ց էիք վախենում կամ քաշվում: Հարցերը շատ են:
Մեր հարցերի պատասխանները, սակայն, մենք երբեք չենք ստանա: Մեր գործը, հասկանում ես, Նիկոլի հետ է, իսկ Նիկոլը, ինչպես գիտենք, համաշխարհային ստախոս է եւ երբեք որեւէ պատասխանի համար ձեռքը գրպանը չի տանում: Պատասխանները նրա լեզվի ծայրին են եւ ծնվում են ավելի արագ, քան նրա մոգոնած ստերը: Այսինքն՝ պատասխանները եւս սուտ են, ինչպես նրա բոլոր հայտարարությունները: Ես հիշում եմ նրա դարակազմիկ պատասխաններից մի քանիսը, օրինակ, սա․ «Ես չեմ ասել՝ հորս արեւ, ասել եմ՝ հոյս արեւ», կամ՝ «ես չեմ հիշում, որ այդպիսի բան եմ ասել», «ես չեմ իմացել, որ կադաստրի պետը մարդ ա ծեծել»: Հարցրեք իրեն՝ ինչո՞ւ ես կալանավորել Սամվել Կարապետյանին, եւ նա իսկույն հարցով կպատասխանի. «Սամվել Կարապետյանը նստած ա՞»: Մի օտարազգի լրագրող հարց տվեց. «Դուք կձերբակալե՞ք Պուտինին, եթե նա գա Հայաստան»: Մի հատ «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն սկսեց այդ լրագրողի գլուխը բռնաբարել ու համոզել, որ ինքը «Հռոմի ստատուտին միանալու հետ կապ չունի, Պուտինին բռնել-չբռնելն էլ Աննա Վարդապետյանն է որոշում: Բա որ Աննա Վարդապետյանն է որոշում, ինչո՞ւ ես առանց Աննա Վարդապետյանի թույլտվության Չինաստանում լղոզվում Պուտինի կոշիկներին ու հայտարարում, որ Ռուսաստանը մեր բարեկամն է:
Հիմա մեզ արդեն լրիվ գժի տեղ է դրել՝ երկու ատոմակայան ենք ստեղծել: Այ տղա, դու չտեսա՞ր, թե ԱՄՆ-ն, Իսրայելը եւ ՄԱԳԱՏԷ-ն ինչ բերեցին Իրանի գլխին՝ այդ երկրի միջուկային ծրագրերի կապակցությամբ: Ռուսաստանն էս 100 տարի է՝ Բուշերի ատոմակայան է «ստեղծում» Իրանում, ու դեռ վերջը չի երեւում: Դու այդ ի՞նչ հունարի տեր ես, որ բացեիբաց հայտարարում ես միանգամից 2 ատոմակայան «ստեղծելու» մասին, էն էլ՝ թաքուն «ստեղծելու»: Հասկանում եմ, քո գլուխը քոր է գալիս, փախչելու տեղ էլ ունես, բայց իմը՝ չէ, ես այստեղից գնալու տեղ չունեմ: Իսկ եթե դրանով Ալիեւին ու Էրդողանին ես ուզում վախեցնել, ապա ասեմ, որ զուր ջանքեր են: Ատոմակայան ունենալը դեռ չի նշանակում հզոր լինել: Քո երկրի տարածքում գտնվող ատոմակայանից ինչքան նրանք են վախենում, երկու անգամ ավելի շատ դու պետք է վախենաս, որովհետեւ ոչինչ չունես՝ ատոմակայանի նման ստրատեգիական օբյեկտը պաշտպանելու համար:
Ասում է՝ մի հիմար քարը գցեց փոսը, 10 խելոք չեն կարողանում հանել: Հիմա իմն է, փորձում եմ հասկանալ Նիկոլի արած հայտարարությունը՝ ի վերջո ստեղծե՞լ, թե՞ կառուցել են այդ 2 ատոմակայանը: Մի խելոք ասում է՝ Նիկոլն այդ հայտարարությամբ մոտեցնում է Մեծամորի ատոմակայանի փակումը, երկրորդը, թե՝ շփոթմունք է, Նիկոլն արեւային կայանները նկատի ունի, երրորդն էլ պնդում է, թե Թրամփի հետ գաղտնի պայմանավորվել է՝ 2 փոքր ատոմակայան կառուցել… Մի խոսքով՝ չեմ կարողանում գլուխ հանել: Ճարահատ որոշեցի դիմել բոլոր խելոքներին ու բացատրել, որ Նիկոլն ընդամենը հերթական քարոզչական թեզն է նետել շրջանառության մեջ, սուտ, որը պատասխան չունի: Ավելի լավ է իրեն հարցնենք՝ այդ ի՞նչ նկատի ունես «երկու ատոմակայան ենք ստեղծել» ասելով: Դուք, ախր, վերջին 7 տարում ոչինչ չեք ստեղծել, առավել եւս՝ կառուցել: Այդ ինչպե՞ս աշխարհահռչակ քանդարարներով 2 ատոմակայան ստեղծեցիք: Հետաքրքիր չէ՞ ձեզ, թե ինչ կպատասխանի Նիկոլը կամ, ավելի ճիշտ, ինչ սուտ կհորինի՝ որպես պատասխան:
ՀԳ․ Մասնագետներն ասում են, որ նկատի ունի` 2 ատոմակայանի հզորության արեւային կայան եմ կառուցել, ուղղակի «ատոմակայան» բառն է օգտագործում, որ հետո ասի` 2-ը սարքեցի, 1-ը փակեցին, ու դա ոչ թե թուրքերի պահանջով եմ արել, այլ՝ հայերին փրկելու:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test