Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բարդ շրջանը երկիրն արդեն հաղթահարել է, բայց եվրաինտեգրումը մեկանգամյա ցատկ չէ hraparak.am hraparak.am

time
Բարդ շրջանը երկիրն արդեն հաղթահարել է, բայց եվրաինտեգրումը մեկանգամյա ցատկ չէ

ԽՍՀՄ փլուզումից հետո Մոլդովայում սկսվել է պատերազմ, Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական դիմակայությամբ, որն ավարտվել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հռչակմամբ (մայրաքաղաքը՝ Տիրասպոլ)։ Եթե Մոլդովայի քաղաքացիները գրեթե համատարած ունեն երկու՝ Մոլդովայի եւ Ռումինիայի անձնագրեր, ապա Մերձդնեստրի բնակիչները պահում են հինգ անձնագիր՝ Մոլդովայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, վրադիր՝ նաեւ Մերձդնեստրի Հանրապետության։ Այսինքն, Տիրասպոլն այսօր այնքան էլ կույր գործիք չէ Ռուսաստանի ձեռքին։ Մերձդնեստրում գիտակցում են աշխարհաքաղաքական տեղաշարժերը եւ առանց աղմուկի իրենք էլ տեղաշարժվում են։ Մանավանդ՝ Մոլդովայի եվրաինտեգրման ընթացքին Տիրասպոլը գործնականում չի կարող խոչընդոտել։

Եթե մինչեւ 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը ԵՄ անդամակցության համար պարտադիր պայման էր թեկնածու երկրի բարիդրացիական, կարգավորված հարաբերությունները հարեւանների հետ, տարածքային եւ կամ այլ վեճերի բացակայությունը, ապա 2022-ից հետո Բրյուսելում գիտակցեցին, որ այդպիսի նշաձողով նախկին խորհրդային ոչ մի երկիր ԵՄ-ին անդամակցել չի կարողանա, որովհետեւ Մոսկվայի հետ գրեթե բոլորը տարածքային կամ ռազմական խնդիրներ ունեն, կամ կարող են ստեղծվել։ Այդքանով էլ հարեւանների հետ բարիդրացիության երկաթյա պահանջը հանվեց, Մոլդովայի եվրաինտեգրմանը խոչընդոտելու Մոսկվայի եւ Տիրասպոլի հավակնությունները՝ նույնպես։

Իսկ եվրաինտեգրման ներկա շրջափուլը, որի մասին ազդարարվեց 2023-ին, եւ որը կավարտվի 2030-ին, ի թիվս այլ երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, հավանական է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԵՄ անդամակցությամբ, որեւէ երկրի համար մեկանգամյա ցատկ չէ, որ պիտի կատարվի։ Դա տարիների ընթացք է, որ արտահայտվում է սեկտորալ ինտեգրմամբ՝ տնտեսություն, կրթություն, անվտանգություն, մշակույթ, սոցիալական շարժումներ եւ այլն։ Ինչպե՞ս է ընթանում ԵՄ-ի հետ սեկտորալ ինտեգրումը Մոլդովայում։ Այս հարցի պատասխանները ստանալու համար ես Քիշնեւում հանդիպեցի Մոլդովայի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահի, Օպերայի եւ բալետի պետական թատրոնի տնօրենի, Մոլդովայի պետական համալսարանի պրոռեկտորների, Քիշնեւի քաղաքային գրադարանի փոխտնօրենի, քաղաքական եւ անվտանգային հարցերով փորձագետի եւ այլոց հետ։

ԵՄ-ին միացած երկրները բարգավաճել եւ հզորացել են

«Չի եղել նախկին խորհրդային ճամբարի թեկուզ մի երկիր, որի տնտեսությունը բազմապատիկ չաճի ու չհզորանա ԵՄ-ին միանալուց հետո։ ԵՄ-ին անդամակցած բոլոր պետությունների տնտեսությունը բարգավաճում է եւ ընդլայնվում, եւ Մոլդովան էլ հիմա կանգնել է այդ ուղու վրա»․ սա Մոլդովայի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգու Հարեայի (Sergiu Harea) գնահատականն է Մոլդովայի տնտեսության ներկա վիճակին եւ ապագայի հեռանկարին։ Բնականաբար, Մոլդովայի տնտեսությունն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո բարդ ժամանակներ է ունեցել․ նախ՝ Մերձդնեստրի պատերազմը, հետո՝ խորհրդային տնտեսական կապերի փլուզումը, երբ հանրապետությունների ձեռնարկությունները ինտեգրած միութենական արդյունաբերական շղթաները փլուզվեցին, հետո՝ սեփականաշնորհում, պետական ունեցվածքի վատնում, քրեաօլիգարխիկ խմբերի ի հայտ գալ։

Բարեբախտաբար, սակայն, այդ ամենն այսօր մնացել է անցյալում եւ ոչնչով չի խոչընդոտում Մոլդովայի ապագային, որը Եվրոպայում է, ԵՄ-ում։ Մոլդովայում անզեն աչքով էլ տեսանելի է, որ Ռումինիայի հետ լայն տնտեսական կապեր են հաստատված, ակտիվ տնտեսական ինտեգրում է ընթանում, բայց կա՞ն նշաններ, երաշխիք, որ Ռումինիայից այն կողմ, մնացյալ ԵՄ երկրների հետ էլ տնտեսական համագործակցությունը կհաջողվի՝ հարցրի պրն Հարեային։ Պատասխանեց․ «Տեսեք, Դուք ասում եք, որ այսօր տեսանելի են Մոլդովայի տնտեսական կապերը Ռումինիայի հետ, դեպի Եվրոպա արտահանումների մեծ մասը դեպի Ռումինիա արտահանումներն են։ Այո, այդպես է, բայց դա դինամիկ, զարգացող վիճակ է։ Նույն՝ մոլդովական գինիները... ԵՄ-ում տեսան, որ դրանք որակյալ են, գնահատեցին, եւ այժմ մոլդովական գինիները՝ Ռումինիայով կամ ուղիղ, արդեն արտահանվում են Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, այլ երկրներ։ Մեծ առեւտրային ցանցերը, որ գործում են Եվրոպայում, տեսնելով, գնահատելով Ռումինիայում առկա մոլդովական ապրանքները, հետաքրքրություն են ցուցաբերում, մոլդովացի գործընկերներ են գտնում, պատվիրում են ապրանքներ իրենց ցանցերի համար եւ արտահանում ԵՄ այլ երկրներ։ Այսօր խնձորի, սալորի, խաղողի արտահանման ծավալներով Մոլդովան ԵՄ-ում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը։ Ընդհանրապես, կարելի է ասել՝ վերջին տարիներին Մոլդովայի տնտեսությունը, արտահանումները հաջողությամբ վերակողմնորոշվել են դեպի ԵՄ շուկա»:

Ավանդական գյուղատնտեսական եւ վերամշակվող արտադրանքների կողքին հետեւողականորեն մեծանում են Մոլդովայից արտահանվող մեքենաշինական արտադրանքի ծավալները։ Ներկա պահին դա առավելապես մեքենաշինական դետալների արտադրությունն է, ոչ ամբողջական մեքենաների կամ ագրեգատների, բայց էականը՝ ճյուղը վերակենդանացել է եւ արագ տեմպերով զարգանում է։ Պրն Հարեան տեղեկացրեց, որ ոչ միայն մեքենաշինությունը, այլեւ IT ոլորտը, արդյունաբերության մի քանի ճյուղեր՝ կահույքի, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, տեքստիլ, վերամշակող արդյունաբերությունն այն ուղղություններն են, որոնց ընդլայնման, զարգացման ուղղությամբ արդեն այսօր աշխատում է Մոլդովայի Առեւտրաարդյունաբերական պալատը։ Այդ ճյուղերից մի քանիսը խորհրդային ժամանակներում էլ եղել են, ունեն զարգացման մասնագիտական եւ արտադրական հենք, ներուժ Մոլդովայում եւ պահանջարկի հեռանկար ԵՄ-ում։ Ահա այդպես... իսկ ռուսական քարոզչությունը տարիներով փրփրաբերան ճամարտակում էր, թե մոլդովական գինիների համար եթե ռուսական շուկան փակվի, Մոլդովայի տնտեսությունը կփլուզվի։ Իրականում Մոլդովայի գինիներն էլ, բովանդակ տնտեսությունն էլ Ռումինիայի հարթակով ինտեգրվում են ԵՄ-ին։

Ես ԱՄՆ-ի եւ Մոլդովայի միջեւ մի նմանություն եմ գտել՝ երկու երկրներում էլ ամենից շատ ինձ դուր են եկել նրանց համալսարանական ուսանողները։ ԱՄՆ-ում ես եղել եմ Ջորջթաունի, Վիրջինիայի, Կոլորադոյի համալսարաններում, Մոլդովայում՝ Մոլդովայի պետական համալսարանում (USM), այլ համալսարանների ուսանողների հետ էլ առիթներ եղան զրուցելու Քիշնեւի տարբեր հաստատություններում, միջոցառումներում։ Ի՞նչն է ինձ այդպես դուր եկել ամերիկացի եւ մոլդովացի բակալավրիատի տարիքի երեխաների մեջ, որոնք համալսարանական ուսանողներ են. հետաքրքրությունն աշխարհի հանդեպ, կրթության արժեքի գիտակցումը եւ կրթվելու հակումը, շփվելու անմիջականությունը, հրաշալի անգլերենը, պայծառ ու վստահող հայացքն ապագային։ Ամենավառ պատկերներից, որ Մոլդովայից մնացել է հիշողությանս մեջ, ուսանողներն էին` ինչպես էին արագ զրույցի բռնվում, պատմում իրենց մասին, երկրի մասին, հարեւան երկրների մասին, ապագայի իրենց ծրագրերի մասին, այսօրվա դիրքորոշումների մասին։ Չեմ մոռանում երեխաներից մեկի ասածը, որ Բուխարեստի համալսարանի ուսանող էր․ «Վայ, Դուք այդ Բուխարեստի մի քանի մեծ շենքերին, քաղաքային կառույցներին մի նայեք, Բուխարեստից այն կողմ Ռումինիան էլ ագրարային երկիր է` Մոլդովայի նման։ ԵՄ ինտեգրմամբ էլ մենք Գերմանիայի կամ Ավստրիայի հետ չենք համեմատվում կամ ինտեգրվում, այլ մեր հարեւան երկրների, որոնցից ոչ մեկն էլ մեզնից տարբեր կամ շատ ավելի զարգացած չէ»։

Կամ՝ մի ուրիշ երեխա, որ Քիշնեւի համալսարաններից մեկի ուսանող էր, տեսնել էր պետք, թե ինչ անկեղծությամբ, վրդովմունքով ու զգացմունքայնությամբ էր պատմում, թե ինչպես են ռուսները ժամանակին կյուրեղագիր այբուբենը (кирилица) ներմուծել, որպեսզի Մոլդովայում մարդկանց անջատեն իրենց մայրենի լեզվից, այբուբենից, ռումինական արմատներից։ Հետո էլ ով ընդդիմացել է, գնդակահարել կամ աքսորել են։ Ասում էր, որ ԽՍՀՄ-ը Մոլդովան բռնակցելիս բնակչության համարյա քառորդ մասին վերացրել է։ Ինչեւէ... երեխաները հանրագիտարաններ չեն, նրանց ընկալումները, գիտելիքները կարող են լինել ճիշտ, կարող են լինել սխալ, սակայն հետաքրքրությունը, որ իրենք ունեն աշխարհի ու իրադարձությունների հանդեպ, այն, թե ինչպես են փորձում անցյալի ու ներկայի եղելությունները գիտակցել, գնահատել, դիմացինին հաղորդակից դարձնել, որքան են հավատում իրենց իմացած ճշմարտությանը, դրա հաղթանակին, իրոք տպավորիչ էր ու վարակիչ։

Իսկ ընդհանուր կրթական համակարգում, դատելով միջազգային զեկույցներից, դպրոցների, հանրակրթության մակարդակում Մոլդովան խնդիրներ ունի, ավելի ստույգ՝ կան մշտական խնդիրներ, որ դեռ լուծված չեն՝ հատկապես գյուղական վայրերում ցածր առաջադիմությունը, կրթական ցածր մակարդակը, նույնիսկ շոշափելի թվով երեխաների դպրոց չհաճախելը։ Բայց բարձրագույն կրթության համակարգում Մոլդովան մյուս երկրներին համաքայլ է ընթանում։ Իրենք էլ դեռ 2000-ականների կեսերին ընդգրկվել են 1999-ի Բոլոնյան հռչակագրից սկիզբ առած գործընթացներում, ինտեգրվել են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (EHEA)։ Տիկին Օթիլիա Դանդարան (Otilia Dandara), որը Մոլդովայի պետական համալսարանի առաջին պրոռեկտորն է, պատմեց, որ, 2003-ից սկսած, աշխատանքները տարվել են, եւ 2007-ին Մոլդովայի պետական համալսարանը միացել է EHEA-ին, ներդրվել է բարձրագույն կրթության բակալավրիատ-մագիստրատուրա-դոկտորանտուրա եռաստիճան համակարգը: Սակայն դրա արդյունքում 2007-2008 ուսումնական տարում համալսարանում շրջանավարտների շարքերը համալրել են ոչ միայն 5-րդ կուրսեցիները, այլեւ՝ 4-րդ։ Համալսարանի շրջանավարտների թիվը կրկնապատկվել է, անցել է 8 հազարից, մինչդեռ առաջին կուրս ընդունվողների թիվը մնացել է անփոփոխ՝ 4 հազարից քիչ։ Ինքնաբերաբար կազմակերպչական «գլխացավանքներ» են ծագել՝ ուսանողների կրճատված քանակի, դասաժամերի, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության հետ կապված։ Բայց հետո արդեն համակարգը սահուն գործել է եւ գործում է՝ Մոլդովան հաջողությամբ ինտեգրելով Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ «Գիտեք, ես համարում եմ, որ երիտասարդության, կրթության ոլորտներում ինտեգրման դժվարություններ գործնականում չունենք»,- ասում է Մոլդովայի նախագահի խորհրդական Իգոր Զահարովը (Igor Zaharov)։ Եվ նա ճիշտ է։

Ինտեգրման համար ավելի բարդ ոլորտները՝ հաջորդիվ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test