Խաղաղության պայմանագրի ստորագրման համաձայնեցված ժամկետ կա՞. Միրզոյանի մեկնաբանությունը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համաձայնեցված ժամկետ չկա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չհաստատեց փաստաթուղթը Բաքվի հետ հաջորդ տարվա սկզբին ստորագրելու հայտարարությունը, որն ավելի վաղ հնչեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան։
Միրզոյանը ՔՊ–ի համաժողովից առաջ ԶԼՄ–ներին խորհուրդ տվեց հարցում ուղարկել Թուրքիայի ԱԳՆ։
«Մենք այդպիսի ժամկետ... Մենք ինչպես փաստաթուղթը նախաստորագրելու պահին, այնպես էլ դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցվեց, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ խորհրդակցություններ սկսել ստորագրման տեղի և վայրի վերաբերյալ։ Հիմա էլ պատրաստ ենք»,– պատասխանեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։