Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Եթե արբիտրաժը կամ Moody's-ը չեն հայհոյել, նշանակում է՝ ամեն ինչ նորմա՞լ է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Եթե արբիտրաժը կամ Moody's-ը չեն հայհոյել, նշանակում է՝ ամեն ինչ նորմա՞լ է

Մի քանի օր առաջ Мoody's-ը, որն աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից է, նվազեցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշը եւ ընկերության հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձրեց «բացասական»։ Ըստ այդմ, ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3» է իջեցվել, իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից՝ «Ba3-PD»: Հեղինակավոր կազմակերպության կանխատեսմամբ՝ ՀԷՑ-ի վարկանիշն առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա։

Мoody's-ն այս վարկանիշային փոփոխությունը, փաստացի, պայմանավորել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու իշխանության գործողություններով՝ զեկույցում անդրադառնալով 2025-ի հուլիսին կատարված օրենսդրական փոփոխությունների ազդեցությանն ու ՀԷՑ-ի նկատմամբ Հայաստանի կառավարության ազդեցության ուժեղացմանը: Мoody's-ն արձանագրել է, որ օրենսդրական վերջին փոփոխություններն էապես բարձրացնում են բիզնես միջավայրի ու կարգավորող քաղաքականության հետ կապված ռիսկերը ՀԷՑ-ի համար:

Չնայած հեղինակավոր կազմակերպության արձանագրումներին, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարծիք էր հայտնել, թե Հայաստանի ֆինանսական կայունության ու ներդրումային գրավչության վրա այն երկարաժամկետ ազդեցություն չի ունենա: «Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան, ինչի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ: Ուստի չեմ կարծում, որ այն երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել եւս՝ ֆինանսական կայունության վրա»,- հայտարարել էր իշխանության ներկայացուցիչը:

ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց, որ 2020 թվականից ի վեր Мoody's-ը ՀԷՑ-ին շնորհել է «Ba2» վարկանիշը` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունության ցուցանիշը կազմել է «Ba3», այսինքն՝ պետությանը տրված վարկանիշն ավելի ցածր է եղել, քան ՀԷՑ-ինը:

«Դա նշանակում է, որ ՀԷՑ-ի կառավարումը, տնտեսական կայունությունը գտնվում են ավելի բարձր մակարդակում, քան պետության կառավարումը: Այս ամբողջ գործընթացներից հետո Мoody's-ը երկու-երեք ամսով սառեցրեց եւ որոշում կայացրեց ՀԷՑ-ի ցուցանիշը «Ba3» դարձնելու մասին, այսինքն՝ միանշանակ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը ՀԷՑ-ի հետ կատարվողը գնահատել է բացասական: Եթե համարեր, որ պետությունն ավելի լավ պետք է կառավարի, գոնե վարկանիշը կթողներ նույնը, եթե ոչ բարձրացներ, բայց իջեցրել է»,- ասում է Դավիթ Ղազինյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում չկա որեւէ այլ կազմակերպություն, որին Мoody's-ը տված լինի ավելի լավ գնահատական, քան պետությանը, որտեղ այդ ընկերությունը գործում է:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի դեմ գրոհը իշխանությունը փաթեթավորեց անարդյունավետ կառավարման պատճառաբանություններով: Мoody's-ի գնահատականը պետությանը եւ ընկերությանը տրված անկախ մարմնի օբյեկտիվ գնահատական է, ու, ինչպես ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրենն է ասում, օրինակ, միջազգային ֆինանսական կազմակերպություններն այդ գնահատականը պարտադիր հաշվի են առնում: Դավիթ Ղազինյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մեկնաբանությանը: «Պետական համակարգը ՀԷՑ-ի հարցում ունի մեկ հրահանգ՝ որեւէ կերպ որեւէ սխալ չընդունել: Այսինքն՝ քո ամենամեծ ընկերություններից մեկի վարկանիշն իջեցնում են, դու ասում ես՝ դա ազդեցություն չի ունենա: Ստացվում է այսպես՝ ոչինչ, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չկատարենք, Мoody's-ի ասածը հեչ, բոլորը՝ մի կողմ, իրենք իրենց փոքրիկ խմբակով՝ մի կողմ։ Այդպես չի կարող լինել,- ասաց Ղազինյանը՝ շարունակելով։- Այդ գնահատականով Հայաստանի կառավարությանը Мoody's-ն ասում է. եղբայր, դու ճիշտ չես արել: Եթե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո ՀԷՑ-ն ուներ «Ba2», հիմա պետական կառավարման տակ գտնվելով, ունի «Ba3»: Սա ակնհայտ գնահատական է այս գործողություններին: Գիտեք, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, արբիտրաժները չեն հայհոյում, սպառնալից նամակներ չեն ուղարկում, նրանք կատարում են գործողություններ, որոնք երկրների նորմալ կառավարություններն ինդիկատորի պես զգում են: Հիմա ի՞նչ են ասում, եթե արբիտրաժը կամ Мoody's-ն էնտեղից չեն հայհոյել, նշանակում է՝ ամեն ինչ նորմա՞լ է»:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աստղաբաշխական աշխատավարձին, որի մասին օրերս գրել էր «Հրապարակը», Դավիթ Ղազինյանն ասաց՝ չէինք ուզում դա բացահայտել, բայց ունենք այն, ինչ ունենք: «Եկել է սուբյեկտը, ասում է՝ ես հանուն Հայաստանի Հանրապետության... Իմիջիայլոց, դա իրենց խոսույթում շատ ենք նկատում՝ ինչ անում են, ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Հիմա մարդը, որը ստանում էր 790 հազար դրամ, եկել է 5,2 միլիոն ստանալու՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Այսքանը կարող եմ ասել, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,- նշեց մեր զրուցակիցը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test