Արցախի հայաթափման երկրորդ տարելիցին պարզեցինք, որ ՀՀ դատարաններում շարունակվում են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի դատավարությունները: Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է «հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելը»: Նա 1 տարի գտնվել է տնային կալանքի տակ, որից հետո նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել, իսկ վերջերս այն փոխվել է ավելի մեղմ խափանման միջոցով՝ ստորագրությամբ չբացակայելու վերաբերյալ: Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը խափանման միջոցը վերացրել է, բայց դատավարությունը դեռ շարունակվում է: «Ամիսը մեկ նիստ ենք անում, մոտենում ենք ավարտին: Այս գործով 5 մեղադրյալ կա»,- ասում է Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք․ Դավիթ Սարգսյանը եւ ավագանու 5 անդամները մեղադրվում են մի շարք բեռնաուղեւորատար ավտոմեքենաներ «անհիմն օտարելու», այլ կերպ ասած՝ դրանք թշնամուն չհանձնելու փոխարեն Հայաստան տեղափոխելու եւ տեղափոխող անձանց հատկացնելու մեջ։ Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանի մեղադրանքը կարճվել է, նա արդարացվել է՝ մեզ հայտնեց Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք․ Արցախի նախկին քաղաքապետերին մեղադրանքներ էին առաջադրվել անցյալ տարվա մայիսին, երբ նրանք մյուս տեղահանված արցախցիների հետ մասնակցում էին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր հավաքներին: Նախկին քաղաքապետերին մեղադրում էին քաղաքապետարանին պատկանող գույքին խարդախությամբ տիրանալու մեջ: Մասնավորապես, Միշա Գյուրջյանին մեղադրում էին քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենան յուրացնելու, փաստաթղթերը կեղծելու մեջ: 2010 թվականի արտադրության «Շեւրոլետը», որն արժեր 1 մլն դրամից քիչ ավելի, Գյուրջյանը բերել էր Մարտակերտից՝ թողնելով այնտեղ անձնական ավտոմեքենան: Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ գրված է, որ Գյուրջյանը չէր կարող մեքենայի տեխզննություն անցկացնել Հայաստանում, քանի որ այն բերվել էր ԼՂՀ-ից եւ Հայաստանում հաշվառված չէր: Գյուրջյանը 2 անգամ տուգանվել է տեխզննում չունենալու համար, ուստի Մարտակերտի ավագանին 5 հոգանոց կազմով հավաքվել եւ մեքենան Գյուրջյանին նվիրաբերելու մասին որոշում է ընդունել, իսկ Գյուրջյանն ավտոմեքենան ծառայեցրել է տեղահանվածների կարիքներին:
«Ի դեպ, այս գործով հենց առաջին օրերին էի հերքել փաստաթղթերի կեղծման մեղադրանքը։ Ոստիկանությունից ստացել էի պարզաբանում, որը հերքում էր ամբողջը, բայց մեկ ամիս Միշա Գյուրջյանը մնաց բանտում, մեկ ամիս էլ՝ տնային կալանքում, իմ բողոքը կալանքի դեմ վերաքննիչը բավարարել էր: Լավ է, գոնե վերաքննիչում մեկ-մեկ լինում են նորմալ դատավորներ: Այն էլ զուտ այն պատճառով, որ վերաքննիչի նախագահ Ռշտունին խիստ պահպանում էր էլեկտրոնային մակագրումների կանոնը»,- ասում է Արսեն Բաբայանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test