Չկա ամիս, որ չարձանագրենք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական շռայլ գնումը կամ հատկացումը։ Քաղաքի խոշոր խնդիրները թողած, նա լծվել է առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքը վերանորոգելու գործին։ 128 միլիոն դրամ է հատկացվել միայն ավագանու նիստերի դահլիճը վերանորոգելուն։ Ի սկզբանե 98 միլիոն էր, սեպտեմբերի 12-ի կարգադրությամբ լրացուցիչ 33 միլիոն է հատկացվել: Օրերս տեղեկացանք, որ պետբյուջեից 2 միլիարդ է հատկացվելու քաղաքապետարանին` 45 հատ տրոլեյբուս եւ 104 հատ վերելակ գնելու համար։ Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ավագանու նիստերի դահլիճն ավելի բարվոք վիճակում է, քան պետական բազմաթիվ հաստատություններ: Առնվազն 2 տարի առաջ ամեն ինչ շատ լավ պահպանված, խնամված էր, եւ թարմացնելու անհրաժեշտություն էլ չկար։ Ինչ վերաբերում է կառավարությունից հավելյալ մեծ գումար պահանջելուն, բնական է, եթե իրենք նախորդ տարիներին ավելացրին պարգեւատրման ֆոնդը 500 միլիոնով, մնացածին պետք է սկսեր չբավականացնել փողը, եւ դիմում են կառավարությանը։ Ակնհայտ է, որ գույքահարկի ավելացումը տարեցտարի քաղաքապետարանի եկամուտներն էապես ավելացրել է։ Փաստացի քաղաքապետարանի եկամուտներն ավելանում են, իսկ քաղաքապետարանն ինքնուրույն իր ծախսերը հոգալ չի կարողանում, որովհետեւ տարվա սկզբից իրականացնում է անարդյունավետ ծախսեր, եւ վերջում առանցքային ծախսերի համար, ինչպիսին տրանսպորտն է, միջոցներ չեն մնում»։
Անդրադառնալով միլիոնների հասնող այն հատկացումներին, որոնք Ավինյանը տրամադրում է հասարակական կազմակերպություններին եւ հիմնարկներին, որոնք չեն գործում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, Խաժակյանն ասում է․ «Քաղաքապետարանը ենթակայության տակ ունի հիմնարկներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում, ինչպիսին է, օրինակ, Պատանի հանդիսատեսի թատրոնը, փոխանակ միջոցներ ներդվեն սեփական հիմնարկները կարգի բերելու համար, միջոցներ են տրվում այլ կազմակերպությունների, եւ չեմ կարծում, որ հավասար մրցակցության սկզբունքով։ Սա է քաղաքային կառավարման պատկերը»։ Այս ամենին պետք է գումարել նաեւ վոյաժները, որոնք քաղաքապետարանի պաշտոնյաներն անում են քաղաքի բյուջեի հաշվին․ «Հեռու քաղաքներ ուղեւորությունները, որոնք քաղաքային հարաբերությունների մասով որեւէ օգուտ չեն տալիս, բայց մեծ ծախսեր են ենթադրում, իրականում բոլոր այն քաղաքները, որտեղ արժե գնալ եւ փորձի փոխանակում անել, գտնվում են հարեւանությամբ եւ խնդիրներով նման են։ Իրենք, որպես կանոն, գնում են տուրիստիկ նշանակության քաղաքներ, որոնք որեւէ առումով հազիվ թե կարելի է համեմատել Երեւանի հետ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test