Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սպառողները կվճարեն էներգետիկ համակարգում իշխանության ստեղծած քաոսի համար․ կթանկանա նաև արևային էներգիան 168.am 168.am

time
Սպառողները կվճարեն էներգետիկ համակարգում իշխանության ստեղծած քաոսի համար․ կթանկանա նաև արևային էներգիան

Մինչ էներգետիկ համակարգի իրական խնդիրները թողած՝ Նիկոլ Փաշինյանն ընկել է գործարար և բարերար Սամվել Կարպետյանին պատկանող ՀԷՑ-ի հետևից, համակարգում իսկական ճգնաժամ է հասունանում։ Ու դրա մեղավորը ոչ թե ՀԷՑ-ն է, որի սեփականատիրոջը տարբեր պատրվակներով փորձում են պատժել, այլ իշխանությունների կառավարման անկարողությունը, իրավիճակին չտիրապետելն ու չիմացությունը, համակարգի բարձիթողի վիճակը։

Իրական խնդիրները, որոնք ստեղծել են, լուծելու փոխարեն, ՀԷՑ-ը խլելով են զբաղված։

Վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացված էներգետիկ քաղաքականությունը քաոսային իրավիճակ է ստեղծել ամբողջ համակարգում՝ անվտանգային խնդիրներ առաջացնելով անգամ ատոմակայանի համար։ Մեծ քանակությամբ թույլտվություններ են տվել արևային կայաններ կառուցելու համար՝ առանց հստակ գնահատելու դրանց ազդեցությունը երկրի էներգետիկ համակարգի վրա։ Չի եղել համակարգային մոտեցում, երկարաժամկետ էներգետիկ հաշվարկ, հավասարակշռված մոտեցում՝ արտադրության ու սպառման միջև, ինչն էլ բերել է էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածության մեծացման և կառավարման խնդիրների առաջացման՝ սպառնալիքներ ստեղծելով ամբողջ համակարգի անվտանգության ու կայունության համար։

Ու հիմա այդ իրավիճակից դուրս գալու բեռը որոշել են դնել քաղաքացիների գրպանի վրա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է պարտադրել արևային կայանների սեփականատերերին՝ տեղադրել մարտկոցներ, եթե նրանց կայանների հզորությունը գերազանցում է սպառումը։

«Շատերը մոնտաժում ենշատ ավելի մեծ հզորությամբ կայաններ, քան իրենց անհրաժեշտ է, և դա էներգահամակարգի համար խնդիրներ է ստեղծում։ Նախ խորհրդային էլեկտրացանցն ի սկզբանե նախատեսված չէր էլեկտրաէներգիայի երկողմանի փոխանցման համար, իսկ հետադարձ փոխանցումների ծավալն այսօր էականորեն աճել է։ Բացի այդ, օրվա ընթացքում արևի արտադրության ավելցուկը ստիպում է նվազեցնել արտադրությունն այլ կայաններում՝ ներառյալ ատոմակայանինը, ինչը ցանկալի չէ ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ տեխնիկապես։ Մարտկոցները թույլ կտան հարթել այդ ռիսկերը»,- այս մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց ՀԾԿՀ անդամ Արա Նռանյանը։

Արևային կայաններում մատկոցների տեղադրումը թանկ հաճույք է անգամ զարգացած ու սոցիալապես առավել ապահովված երկրների քաղաքացիների համար։ Տեխնիկապես դրանք կարող են մեղմել համակարգի ծանրաբեռնվածությունը, բայց հազարավոր դոլարներ արժեն, որոնք անհասանելի են շատերի համար։ Բայց դա կարծես չի մտահոգում իշխանություններին, որպեսզի իրենց թույլ տրված սխալների հետևանքները պարտադրեն քաղաքացիներին։

Նույն իշխանությունները, որոնք տարիներ շարունակ խրախուսում էին արևային էներգիայի օգտագործումը, սուբսիդավորում էին ինքնավար կայանների տեղադրումը, այսօր պատրաստվում են պատժել մարդկանց, ովքեր հավատացել են իրենց ու ներդրումներ կատարել արևային կայաններ կառուցելու մեջ։

Փաստացի, փորձում են սեփական սխալների գինը գցել քաղաքացիների վրա։

Մարտկոցներ տեղադրելը, որքան էլ ներկայացվի՝ որպես տեխնիկական անհրաժեշտություն, դա իրականում խոսում է իշխանությունների իրականացրած քաոսային էներգետիկ քաղաքականության մասին։ Տարիներ շարունակ հպարտանում էին Հայաստանում արևային կայանների տեղադրումով ու արևային էներգիայի զարգացումներով, մինչդեռ՝ էներգետիկ ամբողջ համակարգը կանգեցրել են փաստի առաջ։

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 43 հազար ինքնավար արևային կայան՝ ընդհանուր 550 ՄՎտ հզորությամբ։ Բացի այդ, շահագործվում է 89 խոշոր առևտրային կայան, ևս 45-ը գտնվում է կառուցման փուլում։

Արևային էներգիայի մասնաբաժինն էներգաարտադրության մեջ արդեն այս փուլում հասել է 32 տոկոսի՝գերազանցելով նույնիսկ մինչև 2030թ. կառավարության պլանավորված 31.2 տոկոսին։

Թվում է, թե լավ է, որ այդպես է, ծրագիրն առաջանցիկ տեմպերով կատարել են։ Բայց իրականում դրա հետևում մեծ խնդիրներ են ստեղծել համակարգի համար։

Քաղաքացիներին ու ընկերություններին խրախուսում էին կառուցել կայաններ՝ հաճախ ավելի մեծ հզորությամբ, քան իրենց սպառումն է, առանց մտածելու, թե դա ինչ ազդեցություն կունենա էներգահամակարգի վրա։ Այսօր պարզվում է՝ այդ քաղաքականությունը հակառակ էֆեկտն է ունեցել՝ համակարգը չի դիմանում, էլեկտրաէներգիայի երկկողմանի փոխանցման տեխնիկական հնարավորությունները չեն բավարարում, իսկ ավելցուկային արտադրությունը ցնցում է համակարգի կայունությունը։ Համակարգը պայթում է ավելցուկային արտադրությունից՝ իրական խնդիրներ ստեղծելով էներգետիկ անվտանգության համար։ Ցերեկային ժամերին արևային կայանների արտադրության ծավալներն ավտոմատ ավելանում են՝ ստիպելով նվազեցնել այլ կայանների, այդ թվում՝ ատոմակայանի հզորությունը։ Բայց քանի որ արևային էներգիան էներգիայի կայուն աղբյուր չէ, ու արտադրության ծավալներն օրվա տարբեր ժամերից կախված փոխվում են, համակարգում կայունության կտրուկ փոփոխություններ են առաջանում։

Էներգետիկ համակարգը պատրաստ չէ այս ծավալի արևային էներգիան կառավարելու համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը խոստովանում է, որ օրվա ընթացքում արևային արտադրության ավելցուկը ստիպում է նվազեցնել արտադրությունն այլ կայաններում, նույնիսկ՝ ատոմակայանում, ինչը լուրջ անվտանգային ռիսկեր է ստեղծում։ Ատոմակայանի հզորության հարկադրական կրճատումները տեխնիկապես վտանգավոր են ու տնտեսապես ոչ ձեռնտու։ Բացի այդ՝ արտադրող կայանների հզորությունների հաճախակի փոփոխումները նվազեցնում են ցանցի հուսալիությունը, կառավարումը դառնում է անկանխատեսելի՝ մեծացնելով վթարների հավանականությունը։

Այս իրավիճակը գուցե այդքան սրված չլիներ, եթե ժամանակին կառուցած ու շահագործման հանձնած լինեին Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը։ Առնվազն 4-5 տարի առաջ այն պիտի աշխատեր, այնինչ՝ այսօր էլ դեռ ավարտված չէ։ Հույս ունեն, որ մինչև տարեվերջ կավարտեն, բայց դա էլ մեծ հարց է։

Այս համակարգային ձախողումների համար պատասխան տալու ու պատասխանատվություն կրելու փոխարեն՝ ինչպես միշտ, թիրախ են ընտրել քաղաքացուն։ Քաղաքացու գրպանից են պատրաստվում հանել իրենց սխալների գինը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test