Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վերապահումներ Երևանյան թեժ ճարտարապետական աշնան մասին. Սարհատ Պետրոսյան aravot.am aravot.am

time
Վերապահումներ Երևանյան թեժ ճարտարապետական աշնան մասին. Սարհատ Պետրոսյան

Այս տարի սեպտեմբերը, ինչպես նաև հոկտեմբերը, հագեցած են երևանյան ճարտարապետական իրադարձություններով։ «Լայն» անվանումով առաջին ճարտարապետական բիենալեն, «Տուն էքսպոն», «Նպատակ» ճարտարապետական փառատոնը արդեն կայացել են, իսկ «Share Armenia 2025» միջազգային ճարտարապետական ֆորումն ու Ճարտարապետական շաբաթը դեռ առջևում են։

Մի քանի տարի առաջ նման խիտ գրաֆիկ երազելն անգամ տարօրինակ կթվար, բայց շինարարական բումն ու դրա շրջանակում ճարտարապետական ու նախագծային կազմակերպությունների թե՛ քանակական աճը, թե՛ ֆինանսական բարգավաճումը, բնականաբար, նպաստում են նման նախաձեռնությունների իրականացմանը։

Ի տարբերություն «Լայն» ճարտարապետական բիենալեի՝ մյուս բոլոր նախաձեռնությունները հնարավոր է դարձել նախևառաջ նախագծային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև մի քանի շինարարական կամ դիվելոփերական կազմակերպությունների մասնակցությամբ։ Ողջունելով ու քաջալերելով կազմակերպիչների ջանքերը, որոնցից մի մասը սիրելի գործընկերներ են, կարծում եմ՝ որոշակի քննադատական հայացքը չէր խանգարի՝ անցած ճանապարհը վերարժևորելու ու նաև ապագայի մասին որոշակի մտորումների համար։

Մինչ այս պահը հնչեցված գովասանքի խոսքերն ու առհասարակ սոցիալական մեդիայի դարում գովերգումների փաստը հաշվի առնելով՝ ենթադրաբար այդ մասը կարելի է բաց թողնել, մեկ անգամ ևս ֆիքսելով, որ, մեր ունեցած ճարտարապետական կրթության որակի պայմաններում և առհասարակ բնագավառում առկա ոչ ուրախալի իրադրությամբ պայմանավորված, նման ոչ ֆորմալ կրթական հնարավորությունները կարող են ունենալ շատ կարևոր դերակատարություն։

Նշածս հինգ միջոցառումներից, միայն երեքն են արդեն կայացել, ուստի մյուս երկուսի վերաբերյալ կարող ենք դատել արդեն իսկ հայտարարված ծրագրերից, ներգրավված մասնագետների շրջանակից ու ձևաչափից։

«Լայն» ճարտարապետական բիենալեն լինելով առաջին հայկական ճարտարապետական բիենալեն (բացառություն կարելի է համարել Քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարանի 2010-ական թվականներին մեկ-երկու անգամ կազմակերպած ու չշարունակված աննշան, բիենալե անունը կրող անորակ ցուցահանդեսն ու հրատարակությունը) տարբերվում էր մյուսներից՝ ունենալով հստակ թեմատիկ ուղղվածություն ու որոշակիորեն մասնագիտական խոսույթի ձևավորմանը մասնակցելու ազնիվ մղում։

Երևանի հանրային տարածքներում փոքր, ժամանակավոր միջամտությունների (ինստալյացիաների) միջոցով նոր որակ բերելով հանրային տարածքների վերաբերյալ երևանյան ընկալումներին՝ այն կարծես փորձում է վերարժևորել հանրային տարածքների դերն ու դրանում արվեստային ներկայությունը։ Դրանց բաց ու հասանելի լինելը ևս կարևոր ու գնահատելի երևույթը էր, և այդ միջոցառումը դարձնում էր էլ ավելի լայն ընդգրկման ներուժ ունեցող իրադարձություն։ Ցավոք, նույնը հնարավոր չէ ասել նույն բիենալեի շրջանակում կազմակերպված հանրային տարածքների վերաբերյալ ցուցահանդեսի ու քննարկումների մասին։ Եթե առաջինում աչքի էր զառնում տեքստերի չափից ավելի ընդհանրական ու ոչ գիտական լինելը (կուզեք հասկանալ՝ զբոսաշրջային-բուկլետային), որը լրացվում էր Ճարտարապետության ազգային թանգարանի հավաքածուից մի քանի՝ առաջին անգամ ցուցադրված նյութերով, ապա քննարկումներում թույլ կամ գոյություն չունեցող համադրումը (մոդերացիան), ազդեցության տեսանկյունից, դրանք դարձնում էր անհասկանալի ու վերջնական ասելիքին կարոտ թողնում այցելուին։

Մեկ անգամ ևս կարևորելով դրա կարևորությունն ու առաջնեկ լինելու փաստը՝ դրա առաջիկա շաբաթների միջոցառումները հնարավորություն են տալիս որոշակի առումով շտկել իրավիճակն ու ամրագրել դրա ապագա բարձր մասնագիտականությունն ու շարունակականությունը։ Դրանում հատկապես կարևոր է ներգրավել տեղական լսարանին, որի համար թարգմանության ապահովումն ու նաև ավելի լայն տեղացի ճարտարապետների մասնակցությունը շատ կարևոր է պատշաճ հաղորդակցություն ապահովելով։

Ի տարբերություն «Լայն» բիենալեի՝ «Նպատակ» փառատոնն ապահովված էր բավականին ընդգրկուն տեղական մասնակցությամբ, ինչպես նաև համաժամանակյա բավականին թանկարժեք թարգմանությամբ։ Դա կարող էր էլ ավելի մեծ շրջանակներ ընդգրկել, եթե արդեն ավելի քան հինգ տարվա փորձառություն ունեցող «Նպատակ» հարթակի կազմակերպիչները դասախոսությունների համար վճար չսահմանեին (ուսանողների համար 5 հազար, իսկ ճարտարապետների՝ 15 հազար դրամ), բայց դա ևս հասկանալի էր՝ հաշվի առնելով փառատոնի միջազգային ընդգրկումն ու կազմակերպչական որակը։ Երկու տասնյակից ավելի կայացած ու բազմաթիվ երկրներում ակտիվ նախագծող և կառուցող ճարտարապետների առանց հոնորարի հրավիրել Հայաստան և նրանց ոգևորելն այնքան էլ հեշտ բան չէ՝ համեստ բյուջեի շրջանակում։ Նույն պատճառով մի շարք ճարտարապետական ընկերությունների ու շինարարական ընկերությունների աջակցություները դառնում են կարևոր։

Գոնե իմ ճարտարապետական մոտեցումների քիմքին հաճելիորեն համապատասխանող ճարտարապետների ընտրությունը բնականաբար հաճելի էր դարձնում բոլոր միջոցառումներն ու ուրախալի դարձնում նման մոտեցումների տարածման հնարավորությունը Հայաստանում։ Միևնույն ժամանակ հովանավորների և աջակիցների (որոնց թվում է նաև իմ հիմնադրած կազմակերպությունը) չափից ավելի ներկայությունն ու վճարովի մուտքը պարունակում են ռիսկեր, որոնք այն կարող են դարձնել կոմերցիոն նախաձեռնություն, այն դեպքում, երբ թե՛ հրավիրված ճարտարապետների ընտրությունը, թե՛ կազմակերպիչների կամավորական տրամաբանությամբ ջանքերը բոլորովին այլ տպավորություն են թողնում։

Օրինակ՝ գլխավոր հովանավորի ելույթով սկսել փառատոնը կամ մասնակիցներից համար պանելային քննարկում կազմակերպել հովանավորների, վիճահարույց դիվելոփերների ու իրենց ճարտարապետի մասնակցությամբ, կարծում եմ չի նպաստում միջոցառման հիմնական ճարտարապետական ասելիքին ու «պատվերով համերգի» տպավորություն է կարող թողնել։ Այդ շրջանակում կարծում եմ՝ ապագայում, միգուցե, կարելի է ավելի քիչ միջազգային ճարտարապետների հրավիրել ու նաև փորձել ոչ միայն հրավիրել կազմակերպիչների հավանած ճարտարապետների, որոնք միակողմանիորեն «դաս» կտան տեղացի ճարտարապետներին, այլև փորձել փառատոնը դարձնել տեղացի և ոչ տեղացի ճարտարապետների մասնակցությամբ հավասարը հավասարի հարթակ և դրանով նպաստել մասնագիտական խոսույթի զարգացմանն ու կայացմանը։

«Տուն էքսպոյին» կարելի էր և չանդրադառնալ առհասարակ, սակայն դրա գոյության պարագայում արհամարհելն անազնիվ կլիներ։ Ցավոք այնտեղ, ճարտարապետական առումով, քննադատությանը դիմացող նախագծեր չկային։ Դրանք կա՛մ հակաճարտարապետական էին, կա՛մ հակամշակութային, կա՛մ հակաքաղաքային, կա՛մ հակակենսապատկերային։ Ուստի, մի քանի ավելի մեղմ կարծիքները, որոնց հանդիպել եմ, կարելի է դիտարկել երևանյան թայֆաբազության շրջանակում։ Ընդհանրացնելով (չնայած անշնորհակալ գործ է)՝ դիվելոփերական դաշտում ակտիվ ներգրավված ճարտարապետական կազմակերպությունների միակ օգուտն առաջին հայացքից ճարտարապետական միջոցառումների հովանավորումն էր, որը դրա մասնակից ուսանող կամ երիտասարդ ճարտարապետներին շատ բարդ վիճակում էր դնում։

Նրանք տեսնում էին այլ որակի ճարտարապետություն, նշածս միջոցառումներում լսում անթաքույց քննադատություն դիվելոփերական նախագծերի ու դրանց մտածողության մասին, հետո տեսնում նույն հովանավոր կազմակերպության ուղղակի և անուղղակի ներգրավվածությունը լրիվ հակառակ տրամաբանությամբ գործող միջոցառումներում։ Այստեղ կարելի էր առանձին մատնանշել այս ամենի էթիկական կողմը նույնպես, սակայն հաշվի առնելով իմ անհատական ու մասնագիտական էթիկական նշաձողի վերաբերյալ պատկերացումների և ակտիվ նախագծմամբ զբաղվող մի շարք գործընկերների պատկերացումների միջև եղած մեծ ճեղքը՝ կարծում եմ՝ այդ քննարկումը կարելի է թողնել մեկ այլ ձևաչափի համար։

Իսկ հոկտեմբերին նախատեսվող ճարտարապետական շաբաթն արդեն երրորդ անգամվա համար հնարավորություն է տալու ուսանող կամ երիտասարդ ճարտարապետներին, ինչպես նաև բոլոր ճարտարապետներին ու հարակից մասնագետներին, ծանոթանալ միմյանց աշխատանքներին։ Չնայած այն փաստին, որ կարծում եմ ճարտարապետական քննարկումը ոչ թե պետք է լինի կոնկրետ նախագծի մասին, այլ գաղափարների շուրջ, որոնք կարող են արտացոլվել նախագծերի կոնկրետ օրինակներում՝ կարծում եմ՝ այս ձևաչափը բավականին հաջող է ընտրված, չնայած այն նույնպես, ինչպես «Նպատակի» դեպքում, կարիք ունի թեմատիկ համադրման, ինչպես նաև մասնակիցների սահմանափակության պայամններում ունենալու է շարունակականության խնդիր՝ այս տարիներին գրեթե բոլոր քիչ թե շատ ակտիվ ճարտարապետներն արդեն մասնակցել են և ապագայում դժվարությամբ են նոր մասնակիցներ ավելանալու․ ձևաչափը փոխելու անհրաժեշտություն կառաջանա, քանի որ ճարտարապետներն անվերջ չեն։

Իսկ վերջում, ինչպես անգլերենում է ասվում ոչ ամենաանկարևոր միջոցառման մասին, որն իմ կարծիքով իրականում «Տուն էքսպոյի» չափ անկարևոր չէ, այլ հավանաբար ամենախնդրահարույցն է կոնկրետ նախագծող ճարտարապետների համար։

«Share» նախաձեռնությունը, որն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, մոտ մեկ տասնամյակ առաջ նախաձեռնվելով՝ չի հանդիսանում ուղղակի շահույթ հետապնդող նախաձեռնություն, սակայն պսպղուն, կամ ինչպես սովոր ենք ասել «գլյանցվի», ձևաչափով հայտնի անունների անհասկանալի օգտագործմամբ, գրեթե բոլոր ձևաչափերում վճարովի մասնակցությամբ ճարտարապետական էքսպոյի տպավորություն է թողնում։

Միջազգային առումով ամենակայացած ճարտարապետական էքսպոյի՝ Համաշխարհային ճարտարապետական փառատոնի, ավելի համեստ, արևելաեվրոպական այս տարբերակը նորից չունենալով թեմատիկ որևէ ուղղվածություն՝ ուղղակի հանդիսանում է մի շարք անուն հանած ճարտարապետական գրասենյակների երկրորդական դեմքերի, մի քանի միջազգային ճարտարապետական ոչ առաջնային ճարտարապետական ընկերությունների առաջին դեմքերի ու հայկական վերջին տարիներին հիմնականում գովազդային ակտիվ արշավների, բիզնես մտածողությամբ ու դիվելոփերական ծրագրերի մասնակցելով ու տարատեսակ իշխանական կապերի շնորհիվ խոշորացած ճարտարապետական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների համահավաք, որոնց թվում կան և շատ սիրելի ու բարձրակարգ գործընկերներ, սակայն այնտեղ են հայտնվել ոչ թե նրա համար, որ ստեղծում են ամենալավ ճարտարապետությունը, այլ ենթադրաբար նշածս պատճառներով։

Ցավալիորեն սեպտեմբերյան ակտիվ շրջանի ամենաշատ գովազդվող ու պսպղացող միջոցառումը որոշակի առումով ստվերում է այս ամսյակը, սակայն մյուս կողմից դեռ չկայացած միջոցառումն այսքան քննադատելն էլ արդար չի, ուստի առաջարկում եմ սպասել մինչ հոկտեմբերի կեսերը և յուրաքանչյուրս ինքն իր համար ամփոփի այս շարքը։

Ստանձնելով ճարտարապետական հանրույթի հիմնական «քլնգողի տիտղոսը»՝ յուրաքանչյուր անգամ հույս եմ ունենում, որ իմ տեքստերի հասցեատերերը կունենան այն մասնագիտական ու մարդկային որակները, որ դրանք կընդունեն ի գիտություն՝ որպես մասնագիտական քննարկման մեկնարկ, այլ ոչ թե թշնամություն, ինչը եղավ իմ վերջին նմանատիպ հրապարակումից հետո։ Յուրաքանչյուր անգամ, ստանալով նշածս գնահատականները, որոշում եմ հաջորդ անգամ չանդրադառնալ որևէ ճարտարապետական միջոցառման, բայց միևնույն ժամանակ հետագա փուլերում ստացած դրական անհատական (ոչ հանրային) աջակցությունն ու խոսքերը մոռացության են տալիս նախկին որոշումս։ Ուստի, ավելի լավ է հնչեցնել կարծիքը բաց, գրավոր ու հանրային, քան բամբասել խոհանոցներում ու սրճարաններում։

Սարհատ Պետրոսյան, ճարտարապետքաղաքային պլանավորող

Լուսանկարը՝ Disclaimer Cloud, հեղինակներ՝ ՍՆԽ ճարտարապետական ստուդիա, ինստալյացիա, «Լայն» ճարտարապետական բիենալե, Երևան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test