Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԲԴԽ-ն վերացնում է Կարեն Անդրեասյանի հետքերը, սա առաջին քայլն է hraparak.am hraparak.am

time
ԲԴԽ-ն վերացնում է Կարեն Անդրեասյանի հետքերը, սա առաջին քայլն է

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ հունվարի 26-ին՝ 2015թ․ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ իբր թույլ տրված ենթադրյալ խախտման համար։ ԲԴԽ-ում հենց գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել եւ չի կասեցրել վարույթը։ Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել էր ՄԻԵԴ, դիմումը քննվել էր առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել էր դատավորի դիմումը, քանի որ այդ վարույթը հարուցող եւ որոշումը կայացնող մարմինների ղեկավարների` Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի մտերմությունը թույլ չի տվել անաչառ լինել։

ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորը դիմում էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ էլ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին էր որոշում կայացրել` դադարեցնելով դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Հաղորդման մեջ նշել էր, թե Արթուր Ստեփանյանն իբր ինչ-որ գործով խախտել է դատավարական ժամկետները։ Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որը հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ ՍԴ որոշման հիման վրա Արթուր Ստեփանյանը ԲԴԽ դիմում է ներկայացրել՝ պահանջելով վերանայել գործը եւ վերականգնել իրեն՝ պաշտոնում։

Երկու դատավորների վերաբերյալ էլ ԲԴԽ-ն նախօրեին որոշում կայացրեց` վերացնելով ԲԴԽ նախկին որոշումները եւ նոր քննություն սկսելով: Անտոնյանի դեպքում նման որոշման հիմքը ՄԻԵԴ որոշումն է, Ստեփանյանի դեպքում` ՍԴ որոշումը:

Հարկ է հիշեցնել, որ Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի ջանքերով մեծ խումբ դատավորների լիազորություններ են դադարեցվել, նրանք բոլորը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ իրար ետեւից հաղթանակներ են տանում։ Օրինակ, ՍԴ-ն այս տարվա հուլիսին արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը դարձյալ խախտել է դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքները՝ նոր հանգամանքի հիմքով չվերանայելով դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը պարտադիր է, ԲԴԽ-ն չի կարող այն հայեցողական կիրառել, եթե վերանայելու որոշում կայացրել է ՍԴ-ն: ՍԴ-ն ասել է, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

Դեռեւս պարզ չէ՝ Դավիթ Հարությունյանը կդիմի՞ Բարձրագույն դատական խորհուրդ՝ գործի վերանայման համար, թե ոչ, սակայն ակհայտ է, որ ՍԴ-ի՝ Հարությունյանի գործով որոշումից հետո ԲԴԽ-ն չկարողացավ այլեւս չկատարել ՄԻԵԴ որոշումները եւ Անտոնյանի ու Ստեփանյանի գործերով վերջին որոշումը նաեւ դրա արդյունքն է։

Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ԲԴԽ որոշումները 2 դատավորների վերաբերյալ․ «Ամեն դեպքում, վկայակոչել են ՍԴ-ի որոշումը։ Իմ դիմումի հիման վրա ՍԴ-ն հստակ ուրվագծել էր գործողությունների շարքը, որոնք պետք է իրականացվեին, ըստ այդմ էլ՝ այս վերջին որոշումներով ՍԴ-ի այդ որոշմանը հղում են տալիս, հիմք են ընդունում այդ որոշումը եւ մի քայլ առաջ են գնացել։ Այսինքն՝ եթե առաջ իրենց իրավունք էին վերապահում, որ կարող էին չվերանայել, ապա հիմա մի քայլ առաջ են գնացել եւ փաստացի վերանայում իրականացնում են՝ ըստ հրապարակած բովանդակության։ Սակայն կարելի է ասել, որ սա կիսաքայլ է, քանի որ այնտեղ հաջորդիվ գործողություններ կան եւ անորոշ է՝ ինչ գործողություններ պետք է անեն։ Ամեն դեպքում, սրանից բխում է, որ չեն կարող չվերանայել եւ դատավորի կարգավիճակը չվերականգնել։ Երեւում է, որ նախկին սխալները շտկվել են կամ այդ շտկման ուղղությամբ են շարժվում»,-ասաց նա։

- Թերեւս սա չի նշանակում, որ դատավորների լիազորությունները կվերականգնվեն: Ենթադրվո՞ւմ է, որ նոր վարույթների արդյունքում էլ կհայտարարեն, որ ժամանակին ճիշտ որոշում է կայացրել ԲԴԽ-ն` դատավորների լիազորությունները դադարեցնելով, քանի որ գիտենք, նրանց լիազորությունները դադարեցվել են քաղաքական հրահանգով։

- Այն, որ, օրինակ, իմը քաղաքական որոշման արդյունք էր, դրա մասին վկայել է Կարեն Անդրեասյանը. թե դատական նիստում, թե Ազգային ժողովում ասում էր՝ սա երկրի համար կարեւորագույն գործ է, հետո էլ ինձ և մյուսների լիազորությունների դադարեցումը անձամբ ու ԲԴԽ կայքով մատուցում էին վեթինգի արդյունք, իսկ վեթինգը փաստացի քաղաքական որոշմամբ իրականացվող գործընթաց է, կարգապահականի հետ կապ չունի: Այսինքն, Անդրեասյանի խոսքերից ու գործողություններից էր դա բխում, որ իմ դեմ որոշումը քաղաքական էր։ Հիմա, այդ սխալները կուղղվեն թե չէ, սա կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում, պետք է փաստել, որ այս պահին հնարավոր չէ պնդել, թե ԲԴԽ գործողությունները, օրերս կայացված` Անտոնյանի ու Ստեփանյանի գործերով, օրինական չեն: Արձանագրված է, որ այլևս նախկին` իրավունքի խախտմամբ կայացված լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ԲԴԽ-ն վերացրել է, Իսկ, եթե վերացրել է, ապա վերջիններս այլևս դատավորներ են, այլևս չկան ՍԴ-ի ու ՄԻԵԴ-ի կողմից ոչ օրինական ճանաչված որոշումների հակառակ որոշումները։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test