2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության ու նրա խաղաղ բնակչության վրա, 9-ամսյա բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ուժասպառ էին։ Դիրքերում կանգնած հայ զինվորները պայքարում էին ադրբեջանական ներխուժման դեմ, փորձում փրկել Արցախի մի մասն ու թիկունքում գտնվող խաղաղ բնակչությանը։
Մեկ օր տևած պայքարն ավարտվեց Արցախի պաշտպանության բանակի զինաթափմամբ և արցախահայերի բռնի տեղահանությամբ, քանի որ Արցախն այդպես էլ որևէ մեկից օգնություն չստացավ։
Ադրբեջանի դեմ պայքարում սեպտեմբերի 19-20-ը զոհվեցին հարյուրավոր զինվորներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։
21-ամյա Տիգրան Ավետիսյանի համար սեպտեմբերի 19-ի մարտը վերջինն էր իր պաշտպանած դիրքում. մինչև վերջ պայքարել էր միայնակ և հերոսի մահով ընկել իր դիրքում. թշնամին Տիգրանին հարվածել էր թիկունքից։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրան Ավետիսյանը աչքի էր ընկել իր քաջությամբ, նա կարողացել էր սպայի կյանքը փրկել, նրա հետ էլ՝ Մեխակավանի եկեղեցու խաչն ու Ավետարանը։ Թեև վիրավորում էր ստացել, բայց որոշել էր, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պետք է կրկին վերադառնալ ՊԲ, որպեսզի պահպանի Արցախի սահմանները՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող։
Ծառայության ընթացքում Տիգրանը հաճախ է իր հեռախոսով նկարել Արցախի բնությունը, Արցախի լուսաբացներն ու մայրամուտները, բնությունը նրա տարերքն է եղել։
Օրերս Երևանում Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, բացեց որդուն նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Տիգրանի ձեռքով արված լուսանկարները։ Տիկին Ադելինան ասում է՝ ինքն ապրում է, որպեսզի ապրեցնի նաև հերոս որդուն։
«Ես պարտադիր պետք է անեի այդ ցուցահանդեսը, այդպես եմ կարողանում ապրեցնել Տիգրանին։ Ներկայացրել ենք 65 աշխատանքներ, որոնք եղել են Տիգրանի փրկված հեռախոսի մեջ, դրանք ես տվել էի տպագրության։
Տիգրանը սիրում էր արևածագերը, բնությունը, ծաղիկներ, հատկապես Արցախի բնությունն էր սիրում, նա միշտ սիրահարված էր Արցախին։ Տիգրանի տեսածին նոր կյանք տալու համար էլ որոշեցի մեծ անհատական ցուցահանդես կազմակերպել, որպեսզի մեր հայրենակիցները մի քանի վայրկյանով Տիգրանի աշխատանքների միջոցով հայտնվեին Արցախում, և կարծում եմ՝ դա ստացվեց։ Երազանքս է՝ ունենալ մի փոքր առանձին վայր, որպեսզի այդ աշխատանքներն այնտեղ ցուցադրվեն, փոքր թանգարան, թող փոքր լինի, բայց հատուկ իրեն նվիրված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադելինա Ավետիսյանը։
2022 թվականին Տիգրանի երկու ոտքերը Երևանում վիրահատել էին. ոտքերի խնդիրներն ի հայտ էին եկել 2020 թվականի պատերազմից հետո։ Մինչ վիրահատությունը նա «պայման» էր առաջ քաշել՝ կվիրահատվի այն ժամանակ, եթե վիրահատությունից հետո հնարավորություն ստանա կրկին ծառայելու ՊԲ-ում։ Միայն Արցախի պաշտպանության բանակից դրական պատասխան ստանալուց հետո էր որոշել վիրահատվել ու մեկ ամիս չանցած՝ վերադարձել էր Արցախ ծառայության։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Ադելինայի ընտանիքի 3 տղամարդիկ՝ երկու որդիները և ամուսինը, դիրքերում էին, ավագ որդուց այդ օրերին տեղեկություններ չի ունեցել, ծանր ապրումները նրան հասցրել էին հիվանդանոց, որոշ ժամանակ անց արդեն սիրտը ստենդավորել էին ու հորդորել մնալ Երևանում՝ բժիշկների հսկողության տակ։
2022 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը փակեց արցախահայերի կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, Տիգրանն Արցախում էր՝ դիրքերում, տիկին Ադելինան՝ Երևանում՝ բժիշկների հսկողության տակ։
«Երբ Բերձորի ճանապարհը փակեցին, ես այդքան մեծ կարևորություն չտվեցի, ասացի՝ մի քանի ժամ կամ օր կփակեն, հետո կբացեն, որովհետև իրենցից ամեն ինչ սպասելի էր։
Ամբողջ օրը մտորումների մեջ էի, ասում էի՝ երեխան այնտեղ է, ես՝ այստեղ, հիմա ինչպե՞ս գնամ։ Սկզբնական շրջանում, երբ հնարավորություն կար գնալու, այդ պահը բաց էի թողել, քանի որ, երբ դրանից առաջ հետազոտվել էի, բացասական ախտորոշում էին տվել։ Հետո արդեն «Կարմիր խաչին» դիմեցի, որպեսզի գնայի Արցախ, անուն-ազգանունս և հայրանունս էի ուղարկել։ Մի 20 օր սպասում էի պատասխանի, ասել էին՝ սպասեք։
Որոշել էի, որ մի ճամպրուկ պետք է վերցնեմ ու ուտելիք տանեմ Արցախ։ Հետո ինձ զանգահարեցին ու ասացին՝ Արցախ գնալ չեմ կարողանա, մերժված եմ։ Անմիջապես կապ հաստատեցի Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, նրան ասացի, որ մերժել են, ինչպես կարող եմ հասնել Արցախ, պատասխանեց՝ «ավելի լավ է ռիսկի չդիմես»։ Հետո պարզվեց, որ ինձ մերժել են, քանի որ ամուսինս բարձրաստիճան սպա է։
Ես 4 ամիս Տիգրանից թաքցրել եմ, որ Արցախ գնալ չեմ կարող, ամեն օր հարցնում էր՝ «մամ, չե՞ս գալիս, գործերդ ի՞նչ եղավ»։ Ամեն անգամ ասում էի, որ հիվանդները շատ են, իրենք են կարևոր, որ գան, հերթն ինձ չի հասել։ Հետո չգիտեմ՝ ով, Տիգրանին ասել էր, որ մայրդ մերժված է, Արցախ գալ չի կարող։ Մի օր Տիգրանը զանգահարեց, ասաց՝ «Մամ, այսպես որ նայում եմ, երևի մենք իրար կյանքում այլևս չտեսնենք։ Քեզ չեն թողնում գալ, Ալիևի համար էլ 2020 թվականի կռված տղաներն ահաբեկիչ են, ես էլ չեմ կարող գալ»։
Այսօր տիկին Ադելինան մեծ շրջանակի մեջ դրել է այն նկարը, որն արել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ մինչև պատերազմի սկսվելը, երբ Տիգրան նրան տեսազանգ է արել դիրքերից։ Դրանից մի քանի օր առաջ հայրիկի հետ խոսելիս Տիգրանն ակնարկել էր, որ Արցախի սահմանին կուտակումներ կան, սակայն պատերազմի մասին որևէ բան չէր ասել, բայց վստահ էր եղել՝ այդ պատերազմը լինելու է։
«Այդ օրը նաև Տիգրանն ինձ ասաց՝ «Մամ, մի բան եմ ասում, բայց տես՝ «պանիկավատ» չանես։ Ասաց՝ մամ, գուցե այս քանի օրը մի բան լինի, ոչ ավելի՝ 1-2 օր, պատերազմ չէ, բայց նման մի բան։ Խառնվեցի, ասացի՝ Տիգրան ջան, բա այդպես ո՞նց կլինի, ասաց՝ «մամ՝ պետության վիճակը շատ վատ է, մի բան պետք է լինի, որ այս 100 հազարից ավելի կյանքերը փրկվեն»։ Մի ամբողջ օր ես մոլորված վիճակում էի, անհանգիստ»։
Իր 21 տարեկանում հասակում արդեն 2 պատերազմ տեսած Տիգրան Ավետիսյանը սեպտեմբերի 19-ին, տեսնելով, որ բոլորը թողնում են դիրքը, ինքը որոշում է մնալ՝ մտածելով, որ կարող է միայնակ պայքարել թշնամու դեմ։ Պայքարել է մինչև վերջ, թշնամուն հաջողվել է դիրքը շրջանցել ու անցնել թիկունք և թիկունքից էլ հարվածել տղային։
Զոհվելուց ուղիղ տասն օր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, Տիգրանին հուղարկավորեցին «Եռաբլուր»-ում՝ իր հավերժ տանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test