Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2025թ. սեպտեմբերի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որ մի շարք հարկ վճարողներ հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: «Հետք»-ին մանրամասներ են հայտնի դարձել նախաձեռնված քրեական վարույթի, գործող անձանց վերաբերյալ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը 2025թ. հունիսի 25-ին հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե, որը հասցեագրվել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությանը: Հաղորդմամբ հայտնել են, որ «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն և մի շարք այլ կազմակերպություններ նախնական համաձայնությամբ չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):
«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ին տվյալների պահպանման և ինտերնետ հասանելիության ծառայություններ է մատուցել «Վիրուս Նետ» ՍՊԸ-ն: Սերվերները վարձակալել են հենց «Վիրուս Նետ» ՍՊԸ-ից, որտեղ էլ պահվել են ծրագրերի վաճառքների բազաները:
Նախաձեռնված վարույթի շրջանակներում 2025թ. հունիսի 27-ին խուզարկություն է իրականացվել «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի գործունեության վայրում: Առգրավվել է նաև համակարգիչ, որի մեջ եղել են այլ կազմակերպություններին վերաբերող տեղեկություններ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խուզարկության ժամանակ «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Տ. Մանուկյանը հայտարարել է, որ ընկերությունը հիմնականում զբաղվում է դեղատնային ցանցերի և ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունների պատվերներով ծրագրերի ստեղծմամբ, սպասարկմամբ և վաճառքով:
Հիշյալ ծրագրերը հնարավորություն են տվել իրականացնել վաճառք՝ առանց ՀԴՄ տպելու և հարկային մարմնում արտացոլելու:
Նշենք, որ «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. հունիսին: Ընկերությունը ստեղծում է բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր:
2025թ. հունիսի 27-ին խուզարկություններ է իրականացվել նաև «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի գործունեության վայրում՝ առգրավելով ընկերության և այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կրիչ, համակարգիչ և այլն:
Տվյալները ստուգելու նպատակով նախաքննական մարմինը առգրավված կրիչներն ու համակարգիչներն ուղարկել է ՊԵԿ: Հայտնաբերվել են մի շարք անվանումներով առևտրային ծրագրեր, արձանագրվել՝ հարկերից խուսափելու դեպքեր: Օրինակ՝ «Tonus» անվանումով առևտրային ծրագրում 2021թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունիսի 13-ն ընդգրկող ժամանակահատվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն վերաբերում է «Տոնուս-Լես» և «Տոնուս-Լես Ռեմեդի» ՍՊԸ-ներ մեծածախ իրացման գործարքներին:
Քննիչի որոշմամբ 2025թ. սեպտեմբերի 8-ին խուզարկություն է իրականացվել «Տոնուս-Լես Ռեմեդի» ՍՊԸ-ի տարածքներում՝ այդ ընկերության և «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի՝ ՀՀ-ում չգրանցված դեղերի, ընկերությունների փաստացի ձեռքբերումների, իրացումների, ապրանքային մնացորդների և այլնի հետ կապված:
«Հետքի» տեղեկություններով, խուզարկության ժամանակ դեղատների ցանցից առգրավվել են համակարգիչները, աշխատակիցների հեռախոսները և այլն՝ փաստացի կասեցնելով դեղատնային ցանցի գործունեությունը:
Նշենք, որ «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2000թ. Լևոն Հակոբյանի, Սերգեյ Հակոբյանի և Լիլիթ Հակոբյանի կողմից: Իսկ «Տոնուս-Լես Ռեմեդի» ընկերությունը ստեղծվել է 2018թ.՝ Սերգեյ Հակոբյանի կողմից: Ընկերությունն ունի 90-ից ավել դեղատուն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության հանրային կապերի պատասխանատու Նանա Գնդոյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ ընկերության ցանցում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել համակարգիչներ, ինչի հետևանքով էլ 2-3 օր դեղատների գործունեությունը կասեցվել է:
«Ամբողջ ինֆորմացիան, որը պետք է եղել՝ տրամադրել ենք, իրենք էլ ինչ անհրաժեշտ էր, վերցրել են: Տեսել են, որ խնդիր չկա, «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցը երբևէ չգրանցված դեղեր չի վաճառել: Այս պահին էլ 80 տոկոսով վերականգնվել է ցանցի աշխատանքը, որովհետև խնդիրներ չեն հայտնաբերվել: Մնացած 20 տոկոսի դեպքում տեխնիկական խնդիրներ են, միացվում են ծրագրերը, որ կարողանան աշխատել: Զուտ այդ պատճառով է, որ ամբողջ ցանցը չի վերականգնվել»,- ասում է Նանա Գնդոյանը:
Հանրային կապերի պատասխանատուն, անդրադառնալով արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթին, ասաց, որ այն «Տոնուս» ընկերության դեմ չէ, այլ կապված է «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի հետ, որի ծառայություններից օգտվել են տարբեր ընկերություններ:
«Չգիտեմ, թե այլ ընկերությունների դեպքում ինչպես է, բայց «Տոնուս-Լես» և «Տոնուս-Լես Ռեմեդի» ընկերությունների հետ նման խնդիր չկա: Մենք էլ ենք օգտվել «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի ծառայություններից, զուտ օգտվել ենք, բնականաբար, մեզ մոտ էլ են ստուգումներ իրականացվել: Խնդիրներ չեն հայտնաբերվել, դրա համար էլ շատ արագ վերադարձանք բնականոն աշխատանքին»,- ասում է Ն. Գնդոյանը:
Քննչական մարմնի առգրաված համակարգիչներում և կրիչներում տեղեկություններ են եղել նաև այլ ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում դեղատնային գործունեություն իրականացնող «Ա.Բ. Ա Ֆարմ» ՍՊԸ-ն, «Լիվաֆարմ», «Մեդ Ֆարմ», «Էքսկլյուզիվ Ֆարմ» և այլ ՍՊԸ-ները ևս եղել են «Մեր Սոֆթ» ընկերությունից առգրավված հաշվապահական հաշվառման ծրագրերի բազաներում, և այդ ընկերությւոնների վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test