Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եկեղեցու և պետության իրավահարաբերությունները aravot.am aravot.am

time
Եկեղեցու և պետության իրավահարաբերությունները

Սույն հոդվածում փորձ է արվել վերլուծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ինչպես է կարգավորում պետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (այսուհետ՝ Եկեղեցի) իրավահարաբերությունները, վարչապետի՝ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու արգելքի և Եկեղեցու հետ հարաբերություններում վարչապետի պաշտոնի գործողության սահմանները և ծավալը։

Պետության և Եկեղեցու իրավահարաբերությունները կարգավորվում են հիմնականում ՀՀ Սահմանադրությամբ, Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:

Այսինքն` վերոնշյալ 6-րդ հոդվածից հետևում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հանդիսանում է կրոնական կազմակերպություն։ Հետևաբար` Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ պետությունը պետք է երաշխավորի կրոնական կազմակերպության գործունեության ազատությունը։

Հետևաբար` ՀՀ վարչապետը՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, նույնպես պետք է երաշխավորի Հայ Եկեղեցու գործունեության ազատությունը, (այլ ոչ թե միջամտի այդ գործունեությանը)։

Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի (բ) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝ չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն։

Համաձայն վերոնշյալի, պետությունը և պետական պաշտոնյաները իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Այս հոդվածից նույնպես հետևում է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, քանի որ եկեղեցին ինքնակառավարվող կառույց է։

Միևնույն ժամանակ, կրոնական կազմակերպությունների անդամներն ու սպասավորները իրավունք ունեն մասնակցելու հասարակական ու քաղաքական կյանքին՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Այս դրույթը սահմանված է Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, համաձայն որի՝ պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Բացի թվարկված հոդվածներից, կարևոր է նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, որում ասվում է. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալից հետևում է, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք օրենքով նախատեսված են և չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք օրենքով կամ Սահմանադրությամբ նախատեսված չեն։ Եթե Սահմանադրությունը կամ օրենքը լիազորություն չի տալիս որևէ գործողություն կատարելու, ապա տվյալ մարմինը կամ պաշտոնատար անձը իրավունք չունի դա անել։

Այս դրույթը իրավական պետության հիմնարար երաշխիքներից է, որով սահմանվում է, որ պետական իշխանությունը գործում է ոչ թե կամայականորեն, այլ այնպես, ինչպես լիազորված է Սահմանադրությամբ և օրենքներով։

Այլ կերպ ասած, պետական իշխանության բոլոր թույլատրելի գործողությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ և օրենքներով, և այդ գործողություններից դուրս ցանկացած այլ գործողություն, որն իրականացվում է որպես պետական իշխանություն, համարվում է անօրինական։

Ի տարբերություն պետական մարմինների և պետական պաշտոնյաների, համաձայն ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Այսինքն` բոլոր այն մարդիկ, որոնք կաշկանդված չեն հանրային իշխանությամբ (այդ թվում հոգևորականները), կարող են անել այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ և օրենքներով ։

Թեև վարչապետը նշում է, որ Գարեգին Բ-ին կաթողիկոսի պաշտոնից հեռացնելու գործողությունները նա ոչ թե որպես ՀՀ վարչապետ է անում, այլ որպես Եկեղեցու զավակ, միևնույնն է, կան օրինական հստակ արգելքներ այս առումով։

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից բխում է, որ վարչապետի կարգավիճակը անբաժանելի է նրա անձից, քանի դեռ նա զբաղեցնում է տվյալ պաշտոնը։

Մասնավորապես, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներից բխում է, որ վարչապետի պաշտոնը համարվում է պետական քաղաքական պաշտոն։ Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 06.02.2024 թ․-ի N-02-Ն որոշում, այսուհետ՝ Կանոնագիրք):

Վերոնշյալ Կանոնագրքի 46-ից 51-րդ կետերը սահմանում են հանրային պաշտոն զբաղեցնող անձի (որի մեջ է մտնում նաև պետական պաշտոնը, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնը) հաղորդակցության բնույթը զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայով։

Այսպիսով, համաձայն կանոնագրքի 46-րդ կետի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը զանգվածային լրատվության միջոցներով կամ սոցիալական մեդիայով պաշտոնեական լիազորությունների շրջանակում հանդես գալու դեպքում պարտավոր է ներկայացնել բացառապես հանրային իշխանության կամ հանրային իշխանության տվյալ մարմնի պաշտոնական դիրքորոշումը կամ պաշտոնական տեղեկատվություն:

Վարչապետը Եկեղեցու դեմ իր գրառումները կատարել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նշված է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հետևաբար այդ գրառումները պետք է բխեն իր զբաղեցրած հանրային պաշտոնի լիազորություններից, իսկ իր նկարագրած գործողությունները Եկեղեցու դեմ ակնհայտ անօրինական են և չեն բխում իր պաշտոնի կարգավիճակից և հակասում են ՀՀ օրենսդրությանը։

Մասնավորապես, վարչապետը 2025 թվականի հունիսի 23-ին իր ֆեյսբուք սոցիալական էջում գրառում է հրապարակել, որտեղ նշել է «Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգեւորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը եւ դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։

Կաթողիկոսին (հոգևորականին) ավազանի անունով դիմելը անհարգալից վերաբերմունք է վերջինիս նկատմամբ։

Կանոնագրքի 36-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն:

Կանոնագրքի 48-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը հեղինակազրկող մեկնաբանություններով հանդես չգալ: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել ։

Ինչպես արդեն նշվել է, վարչապետը չի կարող իր սոցիալական մեդիայի օգտահաշվից կատարել Եկեղեցու ներքին գործերին միջամտելու մասին գրառումներ, որոնք ակնհայտորեն չեն բխում իր պաշտոնական լիազորություններից, ավելին՝ այդ գրառումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին։

Կանոնագրքի 49-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ և մեկնաբանություններ կատարելիս պարտավոր է հստակ նշել դրա՝ հանրային իշխանության մարմնի պաշտոնեական դիրքորոշում կամ սեփական տեսակետ լինելու մասին։

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է՝ իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար։

Բացի այդ, կանոնագրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ իր, իր հետ փոխկապակցված անձանց, այլ անձանց կամ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված արտոնություններ, բացառություններ, նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու կամ դրանց ստեղծմանն աջակցելու նպատակով:

Հետևաբար, նույնիսկ եթե վարչապետն իսկապես կարծում է, որ, օրինակ, կաթողիկոսին հեռացնելը դրական է Եկեղեցու համար և բխում է Եկեղեցու շահերից, ապա դա վարչապետի կամ հանրային որևէ պաշտոն զբաղեցնող անձի կողմից կատարելը, կամ հորդորելը (օգտագործելով իր պաշտոնական դիրքը) կարող է համարվել կրոնական միավորման համար արտոնության ապահովում, որն արգելվում է վերոնշյալ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով։

Այսինքն` Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը (ցանկացած պատրվակով) ոչ միայն սահմանված չէ, այլև հստակ արգելված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

Ամփոփելով. նույնիսկ իր պաշտոնական լիազորություններից դուրս վարչապետը չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը ի պաշտոնե արգելված է։

Սա բխում է հենց հանրային պաշտոն զբաղեցնող անձի կարգավիճակից, որը անբաժանելի է իր անձից, քանի դեռ նա կրում է այդ պաշտոնը։ Վարչապետի կարգավիճակը մշտապես գործում է, քանի դեռ նա զբաղեցնում է այդ պաշտոնը և այն ինքնաբերաբար չի դադարում, երբ վարչապետը հայտնում է, որ նա որևէ գործողություն կատարում է ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի, կամ Եկեղեցու զավակ։ Եթե վարչապետին արգելված է պաշտոնապես միջամտել Եկեղեցու ներքին գործերին, ապա նա չի կարող դա անել նաև որպես մասնավոր անձ։

Այլ կերպ ասած՝ վարչապետը չունի լիազորություն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին, և քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նա իրավասու չէ դա անել։ Նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, հանգստյան օրերին, արձակուրդի ժամանակ նա պաշտոնապես համարվում է ՀՀ վարչապետ և չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին, քանի որ դա արգելված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

Իսկ այն դեպքերում, երբ վարչապետը ի պաշտոնե հանդես է գալիս որպես ՀՀ վարչապետ, օրինակ՝ Ազգային ժողովում մասնակցում է Կառավարության հարցուպատասխանին, կամ պատասխանում է լրագրողների հարցերին, առավել ևս չի կարող խոսել Եկեղեցու ներքին գործերի միջամտության մասին, քանի որ դա չի բխում իր լիազորություններից։

Եվս մեկ հանգամանք. Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 120-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու կարգը, որի 2-րդ մասի համաձայն՝ հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի վերապահված ոլորտին:

Նշվածից բխում է նաև, որ պատգամավորները վարչապետին չեն կարող կամայական հարցեր տալ՝ օրինակ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու մասին, այլ հարցերը պետք է վերաբերվեն վարչապետի իրավասությանը վերապահված ոլորտին, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը չպետք է օգտագործվի կամայականորեն, կամ նպաստի որևէ պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններից չբխող որևէ հարցի շահարկմանը։

Օրինակ, վարչապետը 2025 թվականի հունիսի 18-ին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հարց են տալիս վարչապետին այն մասին, թե արդյոք Սուրբ Գրիգոր Լուսավորչի զավակ ունենալու հանգամանքը որևէ բան փոխում է վարչապետի ընկալումներում։ Այս հարցը վարչապետի իրավասությունից դուրս է, և կառավարության հարցուպատասխանի ժամանակ չի կարող նման բնույթի հարց հնչել պատգամավորի կողմից, քանի որ օրենքի պահանջ է, որ հարցը լինի Կառավարության անդամի իրավասությանը վերապահված ոլորտին։

Եվ, ի վերջո, ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝

անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Եթե վարչապետը իր պաշտոնական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործում է, որպեսզի խոչընդոտի կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը, ապա այդ արարքը կարող է պարունակել նաև հանցակազմ։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

(․․․)

3.Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Վարչապետը, ինչպես ՀՀ այլ քաղաքացիները, ունի կարծիքի ազատ արտահայտման իրավունք։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ բոլոր սահմանափակումները, որոնք վերաբերում են պաշտոնատար անձի վարքագծին, որոնցով պետք է առաջնորդվի պաշտոնատար անձը իր հրապարակային խոսույթում, օրինաչափ են, և չեն կարող համարվել կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտում, քանի որ այդ սահմանափակումները նախատեսված են օրենքով, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը։

Կան նաև այլ սահմանափակումներ, օրինակ՝ Կանոնագրքի 44-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը, ի պաշտոնե հանդես գալիս, պարտավոր է ձգտել հաղորդակցվել գրական հայերենով՝ բացառելով առօրյա-խոսակցական, ժարգոնային կամ ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 14-ի թիվ 08/2025/Վ/Վ եզրակացության մեջ (որում հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտում էր արձանագրել) նշված է, որ «ընդհանուր առմամբ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը ավելի մեծ ազդեցություն ունի, ինչից ելնելով ավելի խնդրահարույց կարող է դիտարկվել» (էջ 14, 3-րդ պարբերություն)։ Իսկ նույն եզրակացության 16-րդ էջի վերջին պարբերությունում նշված է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից, Եվրոպական դատարանը կարևոր է համարել, որ «քաղաքական գործիչները, հանրային կերպով արտահայտվելիս, խուսափեն այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են հանգեցնել անհանդուրժողականության․․․»։

Նույն եզրակացության 17-րդ էջի վերջին պարբերության մեջ նշված է․ «Այնուամենայնիվ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ երբ քաղաքական գործիչներն օգտագործում են սոցիալական ցանցերը քաղաքական նպատակներով նրանք կրում են նաև որոշակի պարտավորություններ և պատասխանատվություն։ Նշված պարտականությունների և պատասխանատվության առկայությունը կապված է հասարակությունում քաղաքական գործիչների առանձնահատուկ դերի և կարգավիճակի հետ, որոնցից ելնելով՝ նրանք առավել հավանական է, որ ազդեցություն կունենան ընտրողների վարքագծի վրա, ինչից ելնելով նրանք պետք է առավել մեծ զգոնություն դրսևորեն»:

Եվ վերջապես․ Կանոնագրքի 45-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը, ի պաշտոնե հանդես գալիս, պարտավոր է զերծ մնալ այլ անձանց (այդ թվում՝ իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող) մտքի, կրոնի, խղճի ազատության իրավունքին ոտնձգող գործողություններ կատարելուց, այդ թվում՝ այս կամ այն կրոնի դավանանքի քարոզ իրականացնելուց, կամ իր համոզմունքներն այլ անձանց պարտադրելուց, կամ այլ անձանց մտքի, կրոնի, խղճի վերաբերյալ իր համոզմունքները տարածելուց և ազդեցություն գործադրելուն ուղղված գործողություններ կատարելուց:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ օրենսդրական հստակ արգելք է սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ի պաշտոնե հանդես գալիս (օրինակ, երբ վարչապետը գրառում է անում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով, որտեղ նշված է որպես ՀՀ վարչապետ, կամ որպես վարչապետ հաղորդակցվում է լրատվամիջոցների հետ, կամ Ազգային ժողովում ելույթ ունենալիս և այլն) այս կամ այն կրոնի դավանանքի քարոզ իրականացնելուց, կամ իր համոզմունքներն այլ անձանց պարտադրելուց, և ազդեցություն գործադրելուն ուղղված գործողություններ կատարելուց:

Աննա ՍԱՐԴԱՐՅԱՆ

փաստաբան, ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ

Հղումներ՝

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test