Եթե հաշվի ենք առնում սեպտեմբերյան մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը, ապա երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը, Արցախում Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ ավարտին հասցրեց պատերազմական գործողությունների հաջորդ փուլը: Նա նշել էր, որ 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարել է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ.
«Առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար»:
Այն, որ 44-օրյա պատերազմից և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չի համարել «արդարությունն ամբողջապես վերականգնված», մեկ անգամ չէ, որ Ալիևը հայտարարել է:
Եվ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունների համատեքստում լուծարվեց Արցախի Պաշտպանության բանակը, Արցախը հայաթափվեց, Արցախի ռազմաքաղաքական էլիտան հայտնվեց Բաքվի բանտերում, իսկ այսօր նրանց դատավարությունն օգտագործվում է Հայաստանի դեմ:
Ընդ որում, այդ օրերին Ադրբեջանը հղում էր անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետին՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Արդյո՞ք պիտի այս տեսքով ձևակերպում լիներ հայտարարության մեջ, դեռ չենք անդրադառնում այն հանգամանքին, որ իրավական առումով Հայաստանի՝ Արցախին անվտանգային երաշխավորությունը, թերևս, իրավական այլ ամրապնդումների և լեգիտիմացման կարիք ուներ: Սա առանձին քննարկման թեմա է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, առաջ ընկնելով Արցախի դեմ վերը նշված հարձակումից, մասնավորապես, 2023թ. մի քանի անգամ զգուշացրել էր՝ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող ձեզ հայտնի հանգամանքների բերումով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը», այսինքն, «Արցախում հնարավոր պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն չի օգնի, նրանց գործառույթը ՀՀ անվտանգությունն ապահովելն է»:
Եվ երբ այդ նույն տարվա հուլիսին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանի այս պնդումներին լրագրողները հակադարձել էին, որ այդ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազմն էլ կար, բայց մեր զինված ուժերն Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, Փաշինյանը, չհակադրվելով ասվածին՝ շեշտել էր. «Այո, բայց մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ»:
Եվ ոչինչ, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում հստակ նշվում է,որ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը», թեև նաև գրված է, որ «Արցախի անվտանգությունն ապահովելու է Արցախի ՊԲ-ն»:
Հիմա, հաշվի առնելով վերը նշված արձանագրումները, ինչո՞ւ չէ՝ Բաքվի «դատավարության» ժամանակ ներկայացվող փաստերը, թե Պաշտպանության բանակը ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, հարց է առաջանում՝ ՀՀ ԶՈՒ կիրառման պլանում ի՞նչ էր նախատեսված:
Սրա պատասխանը ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը կարող է տալ, 2023թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, նաև, թե՝ արդյո՞ք խոսակցություն եղել է ՀՀ ղեկավարության հետ ՊԲ զինանոցում առկա սպառազինության ճակատագրի հետ կապված:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական հարձակման նախապատրաստման օրերին, երբ արդեն ակնհայտ էր, որ փորձելու են ուժի կիրառման միջոցով խնդիրը լուծել, բուն հարձակման օրը ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված հայտարարությունները, ըստ էության, կանաչ ճանապարհ էին Ադրբեջանի ագրեսիայի համար:
«Այստեղ խնդիրը նույնիսկ այն հանգամանքը չէր, թե Հայաստանի իշխանությունն այս կամ այն հանգամանքում սահմանված պլանով ինչպես պիտի շարժվեր, դա հարցի երկրորդ մասն է: Բայց այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շատ օպերատիվ հավաստիացրեցին Ադրբեջանին, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկելու ադրբեջանական ագրեսիայի համատեքստում, սա որոշակի ուղերձ էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև միջազգային հանրությանը՝ Հայաստանն այդ գործողություններում որևէ խնդիր չի տեսնում: Իմ տպավորությամբ, այդ օպերացիայից դեռևս ամիսներ առաջ է ՀՀ իշխանությունը որևէ խողովակում հավաստիացրել Ադրբեջանին, որ ինքը քաղաքական առումով այդտեղ խնդիր չի տեսնում: Միգուցե որոշ դետալներ կան, որ նույնիսկ համաձայնեցված են, իսկ սրա ճանապարհը բացվել է 2022թ. Պրահայի գագաթնաժողովից հետո, որտեղ Հայաստանը շատ հստակ հայտարարեց՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, և դրանով իսկ ազատեց նրա ձեռքերն Արցախում գործողությունների ծավալման համար:
Ինչ վերաբերում է այդ օրերին Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին, ապա նա մինչև այժմ հստակ չի խոսել՝ ի՞նչ է տեղի ունեցել այդ օրերին, ի՞նչ հանձնարարություն է ստացել Հայաստանի իշխանություններից, ինչպիսի՞ կապերի մեջ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, արդյո՞ք իրեն հանձնարարություն իջեցվել է ՀՀ վարչապետի կարգավիճակում գտնվող անձի կողմից: Կամո Վարդանյանը մինչև հիմա հրապարակային չի արձագանքել նաև ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի, դրա պատճառների, դրանում ՊԲ պատասխանատվության վերաբերյալ հարցերին: Եվ, բնականաբար, այս պարագայում այս և մի շարք այլ հարցեր պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական, բարոյական, այլ նաև իրավական պատասխանատվության տիրույթում:
ՀՀ իշխանությունը շարունակում է վիրավորել, հեղինակազրկել Պաշտպանության բանակը և նրա այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր մարտական գործողություններում պաշտպանել են իրենց հայրենիքը, ժողովրդին, բայց նրանց հանձնարարություն տված Կամո Վարդանյանը որևէ բառ այսօր չի արձագանքում այդ մարդկանց ճակատագրերի և հատկապես նահատակների հետ կապված տարբեր հարցադրումներին: Երբ որ Հայաստանում իշխանությունը կփոխվի, ապա ոչ միայն Կամո Վարդանյանը, այլև մեծ թվով այլ բարձրաստիճան զինվորականներ պետք է պատասխաններ հնչեցնեն այս կամ այն պատմական հանգրվանում իրենց գործողությունների և ՀՀ-ից ստացած հանձնարարություն-որոշումների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը:
Արդյո՞ք ինչ-որ ժամանակ պետք է քննվեն նաև 2023թ. սեպտեմբերի Արցախի օկուպացիայի հանգամանքները, Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ, ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմի, և 2023թ. Արցախի օկուպացիայի հետ կապված գործող իշխանությունը չի կարող օբյեկտիվ քննություն տանել ո՛չ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ֆորմատով, ո՛չ էլ այսօրվա դատաիրավական համակարգի դեպքում, որն ամբողջությամբ քաղաքական ուղղորդումների ներքո է:
«Փաշինյանն ԱԺ ամբիոնից անում է հայտարարություններ կամ իր ֆեյսբուքյան էջում գրում, որոնք շատ նման են դատարանի վճռի: Այսինքն, ուղղորդում է դատաիրավական համակարգին՝ ինչ անել, և, ակնհայտորեն, բանակի, պատերազմական առանձին դրվագների, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձությունները գծվում են ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների ներքո»,- ասաց Աբրահամյանը:
Իր հերթին՝ մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի Արցախի դեմ ադրբեջանական հարձակման և վերևում մեր արած դիտարկումների համատեքստում ասաց.
«2023թ. սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գործողությունների, նրանց մենակ մնալու ու հատկապես Հայաստանի իշխանությունների, ռազմաքաղաքական ղեկավարության դավաճանության շուրջ հարցերի պակաս չկա։ Առիթ ունեցել եմ նաև հարցումներով ստանալ որոշ պատասխաններ, որոշ հարցերի շուրջ տրվել են պարզաբանումներ փակ նիստերում։ Հաշվի առնելով, որ գործ ունենք գաղտնի տեղեկատվության հետ, չեմ կարող բացել փակագծերը։ Կասեմ մեկ բան՝ այդ ողբերգության համար կան կոնկրետ մեղավորներ, պատասխանատուներ, որոնք, վստահ, մի օր կանգնելու են տրիբունալի առաջ։ Այսքանը։ Իսկ Պաշտպանության բանակը, կամավորականները, Արցախի բնակչությունը ցուցաբերել է հերոսական ինքնապաշտպանություն։ Պատահաբար չէ, որ նահատակներին կոչում եմ պատվի մարտի ասպետներ։ Զինվորական բառապաշարում՝ պատվի մարտ տվողները, գիտեն, որ գնում են զոհաբերման, անելանելի վիճակում են, բայց կռիվը տալիս են, որ պատիվն ու արժանապատվությունը փրկեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ օրերին որոշ գործիչների պնդումներին, թե ՊԲ-ն գուցե պետք է լուծարվեր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո կամ դրա համատեքստում, և Ադրբեջանը կզրկվեր հարձակման «հիմքից», Գեղամ Մանուկյանն անհիմն համարեց նման տեսակետները:
«Այդ դեպքում ովքե՞ր էին պահում վիրավոր Արցախի սահմանը 2020-2023 թվականներին։ Այդ երեք տարիներին էլ ադրբեջանական զինված ուժերը ցանկացած պատեհ պահի առաջխաղացում էին ունենում։ Պատկերացրեք՝ եթե չլինեին դիրքապահները, ի՞նչ վիճակ կստեղծվեր»,- շեշտեց նա:
Հավելենք, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտերում զոհվել և անհետ կորել է Պաշտպանության բանակի 265 զինծառայող, նրանց հաջողվել է զգալի կորուստներ պատճառել հակառակորդին: Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրենց շեհիդների թիվն ավելի քան 3000 է: Իհարկե, պետք է արձանագրել, որ սա իրական թիվը չէ:
168.am-ը գրել է, որ 2023թ. սեպտեմբերի Արցախի դեմ հարձակմանը ևս Թուրքիան կամ թուրք զինծառայողները մասնակցություն են ունեցել:
Այս և Տիգրան Աբրահամյանի արած որոշ դիտարկումների համատեքստում հավելենք, որ 2023թ. հունիսի 28-ին Էրդողանը Փաշինյանի հետ խոսել էր, երբ Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Արցախում հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: Իսկ դրանից առաջ՝ հունիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Գրեթե նույն ժամանակահատվածում տեղի էր ունեցել Հակարիի կամրջի հայտնի դեպքը, որից հետո Արցախը հայտնվել էր տոտալ շրջափակման մեջ՝ առաջացնելով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների խնդիր, և ոչ միայն:
Ի դեպ, այսօր Եռաբլուրում լրագրողների հիշեցմանը, որ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ-ն չի մասնակցելու Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է.
«Այդ հարցի մասին չենք խոսել, նման հարց չենք քննարկել: Այդ ժամանակ կապի մեջ էինք, որքանով որ կապ կար այդ օրերին, և փորձում էինք համաձայնեցնել մեր գործողությունները: Տարբեր հարցերի շուրջ են քննարկումներ եղել, հիմնականում հայտարարութունների հետ կապված, որոշումների հետ կապված»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test