Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայեցակարգ քծնանքի, հպատակության, հնազանդության խրախուսման եվ ֆինանսավորման մասին  hraparak.am hraparak.am

time
Հայեցակարգ քծնանքի, հպատակության, հնազանդության խրախուսման եվ ֆինանսավորման մասին 

Ժաննա Անդրեասյանի հիմնարկը` ԿԳՄՍ նախարարությունը, ձեւակերպել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարախոսական հենքը` խոնարհություն, հնազանդություն, հպատակություն, որը նրանք փաթեթավորել են «խաղաղություն» բառի մեջ: ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգ անվանումով կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի իշխանությունն այս նախագծով ուզում է քարոզել պարտության եւ նվաստացման հետ հաշտ լինելու գաղափարը, ընդ որում՝ ուզում է, որ այդ գաղափարը տարածվի ոչ միայն Փաշինյանի եւ նրա խունտայի անդամների, այլեւ մշակույթի եւ արվեստի գործիչների կողմից, նրանց ստեղծագործությունների միջոցով, ինչի դիմաց իշխանությունը պատրաստ է վճարել:

Հայեցակարգի հեղինակները նախ նկարագրում են առկա վիճակը եւ ձեւակերպում, թե ինչից ինչ են ուզում ստանալ` իրենց կողմից իրականացվող քաղաքականության միջոցով: Ահա թե ինչպես են նրանք նկարագրում ներկա իրավիճակը. «Խաղաղության բովանդակությունն արտացոլվել է հիմնականում կենցաղում։ Կարեւոր է նշել, որ կենցաղ ասելով այս պարագայում հասկանում ենք ոչ բեմը, բեմից դուրս ձեւավորվող մշակույթը։ Բեմական արվեստը, կամա թե ակամա, ծառայել է պատերազմի ու վրեժի քաղաքականությանը՝ դառնալով այդ գաղափարների արվեստային ներկայացման, մշակութային դաշտում արտացոլման հենասյունը։ Խաղաղության քաղաքականությունը եւ այդ հիմքի վրա Իրական Հայաստանի գեղագիտության կառուցումը, հետեւաբար, մի կողմից պահանջում է, որ կենցաղային արվեստը բեմում դրսեւորման հնարավորություն ստանա, մյուս կողմից հարց է բարձրացնում բեմական արվեստի վերաիմաստավորման վերաբերյալ»:

Չկա ոչ մի օրինակ, թե որ բեմական գործն է ծառայել պատերազմի կամ վրեժի քաղաքականությանը, ինչ է նշանակում «պատերազմի քաղաքականություն»-ը ընդհանրապես: Արդյո՞ք այն ֆիլմերն են, այն պիեսները կամ գրքերը, որոնք պատմում են հայրենիքը պաշտպանող զինվորի, սպայի սխրագործության մասին, քարոզում են պայքարելու եւ հաղթելու կամք, քարոզում են պատերազմ կամ վրեժ: Արդյո՞ք դա նշանակում է, որ այսուհետ քարոզվելու են վախկոտությունը, դավաճանությունը, դասալքությունը: Թերեւս: Չէ՞ որ հենց այդպիսին են իշխանության ներկայացուցիչները:

Հայեցակարգի հեղինակները թվարկում են այն գաղափարները, որոնք պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում. «Խաղաղություն, հայրենիքի եւ պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով, արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն՝ ինչպես անհատական, այնպես էլ հանրային եւ պետական մակարդակներում…»: Մնացածը չենք էլ ուզում շարունակել. մի երկրում, որտեղ խունտան մարդուն ընդամենը իր տեսակետն արտահայտելու համար փակում է բանտում, որտեղ մարդուն բանտ են նետում ընդամենը քրիստոնեություն դավանելու եւ իր դավանանքը տարածելու համար, որտեղ կան տասնյակ քաղբանտարկյալներ եւ խղճի կալանավորներ, չի կարող լինել ազատություն, առավել եւս՝ իշխանությունը չի կարող խոսել ազատության գեղարվեստական քարոզի մասին: Մի երկրում, որտեղ իշխանության ներկայացուցիչներն ազատորեն ծեծում, հաշվեհարդարի են ենթարկում իրենց քաղաքական հակառակորդներին, սպանում կամ հաշմանդամ են սարքում մարդկանց, որտեղ չկա արդարադատություն, չի կարող լինել արդարություն, կամ` իշխանությունը չի կարող խրախուսել արդարության քարոզը, թեկուզ՝ արվեստի միջոցով:

Այ, քծնանքը իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հնարավոր է ե՛ւ ֆինանսավորել, ե՛ւ հովանավորել: Ահա թե ինչպես են դա պատկերացնում Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը. «Անհրաժեշտ է պետության գործընկերությամբ մշակութային միջոցառումներում սահմանել այդ գործընկերության ներկայացման ստանդարտ՝ սկսած արտաքին տարբերանշաններում պետական խորհրդանիշների տեսանելի գործածումից մինչեւ պետության մասնակցության մասին պատեհ պահին հիշատակումները եւ պետության ներկայացուցչին ըստ պատեհության խոսքի տրամադրումը»: Ի՞նչ է սա նշանակում. եթե պետական հովանավորությամբ որեւէ բեմադրություն է կազմակերպվել, ապա անպայման բեմում պետք է լինեն պետական խորհրդանիշները`դրոշ, գերբ եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի, ինչու չէ` նաեւ Ժաննա Անդրեասյանի մեծադիր լուսանկարները, չէ՞ որ նրանք եւս պետական խորհրդանիշներ են: Բացի այդ, ներկայացման սկզբում եւ վերջում պետք է հանդիսավորությամբ հայտարարվի, որ բեմադրությունը ֆինանսավորվել է մեր իշխանության կողմից, առանց նրանց հոգատարության եւ ողորմածության այն չէր կայանա, եւ, որպես դրա ապացույց` խոսքը տրվում է մեծարգո վարչապետին, նախարարին կամ մարզպետին, որն իր ներկայությամբ պատվել է մեր ներկայացումը:

Եվ վերջում ուզում եմ, որ ընթերցեք հայեցակարգից մի հատված եւս, որ հասկանաք դրա հեղինակների եղկելի էությունը, որը նրանք ուզում են շահի ու փողի միջոցով տարածել ամբողջ հասարակության վրա. «Իրական Հայաստանի գեղագիտության աջակցության կարեւորագույն ձեւերից է դրա պատկերման եւ ներկայացման հնարավորությունների ընդլայնումը՝ առաջին հերթին կրթական համակարգում եւ պետության կողմից ֆինանսավորվող եւ իրականացվող ծրագրերում՝ որպես բացառիկ առաջնահերթություն։ Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, որեւէ նկարչական մրցույթում կամ ցուցահանդեսում, կամ կերպարվեստի ուղղությամբ որեւէ նախագծում առաջնահերթություն տրվի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնապատկերների պատկերմանը, ավելին, հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունները պետք է ուղղորդված լինեն կերպարվեստի դասաժամերին` նկարչության խմբակներում առաջին հերթին պատկերել տվյալ համայնքի, տարածաշրջանի բնապատկերները, ինչն առաջին հերթին կխրախուսի ճանաչել եւ տեսնել առաջնային միջավայրը»։

Պարզ է, չէ՞, թե ինչի մասին է սրանց հայեցակարգը. որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի պատկերել Արարատը, Անին կամ Վանա լիճը: Պատկերացնո՞ւմ եք` երեխան ուզում է պատկերել իր բնակավայրի բնապատկերը, որի անբաժան մաս է կազմում Արարատը, բայց նրան ասում են` չի կարելի, Արարատը ՀՀ տարածքում չէ, եթե պատկերես, պետական ֆինանսավորում չի լինի, Նիկոլ Փաշինյանը կամ Ժաննա Անդրեասյանը կգան ու մեր նկարչական դպրոցը կամ արվեստի ուսումնարանը կփակեն, իսկ մեզ՝ բոլորիս կարող են կալանավորել ու բանտ նստեցնել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test